Եթե, իհարկե, դրանց հեղինակները ոչ թե իշխանության ընդդիմախոսներն են, այլ՝ իշխանության պատվարը
«Առավոտը» երեկ արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում, ուր շուրջօրյա նստացույց են հայտարարել Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, հայտնվել է գրող եւ հրապարակախոս Վահրամ Սահակյանը եւ, լինելով ոչ սթափ վիճակում, մոտենալով նստացույցի մասնակիցներին եւ ձեռքին եղած ատրճանակն ուղղելով նրանց ուղղությամբ, սեռական բնույթի հայհոյանքներ շաղ տալուց զատ, նետել էր՝ «ստեղ ովքեր են լեւոնականները, հեսա սաղիդ կգյուլլեմ»: Նստացույցի մասնակից տղամարդկանցից երկուսը՝ Արման Վեզիրյանն ու Արմեն Հովհաննիսյանը հաջողացրել էին խուլիգանի ձեռքից զենքը խլել եւ հանձնել հենց այդ պահին իրենց մոտեցած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, որն էլ զենքն ու Վահրամ Սահակյանին հանձնել էր ոստիկաններին: ՀՀ ոստիկանությունը երեկ այս միջադեպի առնչությամբ անհեթեթության հասնող եւ Սերժ Սարգսյանի կրքոտ երկրպագու Վահրամ Սահակյանի խուլիգանությունը պարտակելու տպավորություն ստեղծող մի հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Հուլիսի 10-ին, ժամը 23.00-ին, ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Վահրամ Սահակյանը: Պարզվել է, որ Վ. Սահակյանը գնումներ կատարելուց հետո, տուն գնալիս, ձեռքում պահել է գ-3478 լիցենզիայով 12.01.2006 թ. իրեն տրված «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակը: Երբ նշված զենքը ձեռքին հասել է Հյուսիսային պողոտա, նրան է մոտեցել ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ Վ. Սահակյանին՝ զենքով հանդերձ, հանձնել է ոստիկանության աշխատակիցներին, որոնք էլ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Արմեն Մարտիրոսյանը բացատրություն է տվել, որ Վ. Սահակյանը պարզապես քայլել է՝ զենքը ձեռքին բռնած, որեւէ մեկին չի սպառնացել, որեւէ գործողություն չի կատարել: Նույնաբովանդակ բացատրություն է տվել նաեւ Վահրամ Սահակյանը, նշելով, որ ատրճանակը ձեռքին է պահել՝ հագուստը ուղղելու եւ զենքը հագուստի վրա ամրացնելը հարմար չլինելու պատճառով: Համաձայն Երեւանի «Շտապօգնություն» ՊՓԲԸ կողմից կազմված արձանագրության՝ Վ. Սահակյանը գտնվել է 3-րդ աստիճանի խմածության վիճակում: Ստեղծված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին»:
Այսքանից հետո մնում է միայն կարեկցել խեղճ Վ. Սահակյանին, որովհետեւ պարզվում է՝ այդ «անմեղ» տղան, որը տարբեր հեռուստաընկերություններին հյուրընկալվելով՝ հաճույքով է հայհոյում «լեւոնականներին», այդ օրը հանկարծ որոշում է խանութից տուն գնալ հե՛նց Հյուսիսային պողոտայով, որտեղ նստացույց են անում «լեւոնականները», հետո, թարսի պես, հենց պողոտայով անցնելիս հասկանում է, որ գազային ատրճանակը լավ չի հարմարեցված հագուստին եւ որոշում է զենքը ձեռքը վերցնել, որ հագուստը ուղղի, ու էդ պահին ինչ-որ մարդիկ նրա ձեռքերը ոլորում եւ, չգիտես ինչի համար, հանձնում են ոստիկաններին: Եվ այս ամենը ստացվում է նրա կամքից անկախ, երեւի «3-րդ աստիճանի խմածության» պատճառով:
Վստահ ենք, որ եթե նույն գործողություններն արած լինեին ընդդիմության համակիրները, նրանց ոչ միայն բերման կենթարկեին, այլեւ կմեղադրեին «առանձնակի դաժանությամբ» եւ «շատերի կյանքի համար վտանգավոր» խուլիգանական արարք կատարելու, անօրինական զենք կրելու համար: Միաժամանակ հատկանշականը սույն հաղորդագրությունում այն է, որ դրանում մեջբերված չեն այն ականատեսների վկայությունները՝ Արման Վեզիրյան, Արմեն Հովհաննիսյան, Ալլա Սարդարյան, Մկրտիչ Սարգսյան, Լաուրա Տերտերյան եւ այլք, որոնցից մի քանիսը հուլիսի 10-ին Հյուսիսային պողոտայում ոչ միայն Վ. Սահակյանի սպառնալիքների եւ հայհոյանքի թիրախ էին դարձել, այլեւ նրա ձեռքին տեսնելով ատրճանակ՝ տեղում վախից քարացել էին, իսկ Լաուրա Տերտերյանին, միջադեպից հետո, նույնիսկ հանգստացնող դեղեր էին պետք եղել: Փոխարենը ոստիկանությունը «մեջբերել» է պատգամավոր Ա. Մարտիրոսյանի բացատրությունը, ընդ որում՝ անամոթաբար խեղաթյուրելով նրա ասածները եւ պատգամավորի անունից խուլիգանին չքմեղացնելու փորձ է արել: Երեկ, երբ մենք Ա. Մարտիրոսյանի համար մեջբերեցինք ոստիկանության հաղորդագրության իր բացատրությանը վերաբերող հատվածը, պատգամավորն ասաց, որ դա իրականությանը ուղղակի չի համապատասխանում, ոստիկանությունն աղավաղել է իր ասածները. «Ի պատասխան ոստիկանության աշխատակցի հարցին՝ ես ասել եմ, որ երբ ես մոտեցել եմ Սահակյանին, արդեն զենքը ձեռքից վերցրած են եղել, ու թե նա մինչ այդ ի՞նչ է ասել, ո՞ւմ է սպառնացել, ո՞ւմ է հայհոյել՝ ես չեմ նկատել, քանի որ հեռու եմ կանգնած եղել»:
Այսքանից հետո զարմանալի չի լինի, եթե ոստիկանությունը Վ. Սահակյանի արարքում մեղմացուցիչ հանգամանք դիտի նրա խմածությունը կամ այն, որ նրա ատրճանակը ոչ թե մարտական, այլ ընդամենը գազային է եղել:
Միջադեպի առնչությամբ Դավիթ Շահնազարյանը նույն օրն էր մեղադրել Կենտրոնի ոստիկանությանը, որն ամեն ինչ անում է այս դեպքը «պարտակելու համար եւ իր գործողություններով կամ անգործությամբ խրախուսում է քրեականներին, որոնք սկսել են հաճախ այստեղ երեւալ»: Նա հուլիսի 10-ին տեղի ունեցածը հետեւանք էր համարել հուլիսի 2-3-ի դեպքերի, երբ մարզված խուլիգանների խումբը նույն պողոտայում ծեծի էր ենթարկել նստացույցի մասնակիցներին եւ մնացել անպատիժ: Դ. Շահնազարյանի մեղադրանքն անհիմն չէ. հուլիսի 10-ին, մինչեւ Վ. Սահակյանի դերակատարությամբ տեղի ունեցած միջադեպը, Հյուսիսային պողոտայում էին հայտնվել հուլիսի 2-ի միջադեպը հրահրած երեք երիտասարդներ, որոնց ճանաչելով՝ նստացույցի մասնակիցները ահազանգել էին ոստիկանության աշխատակիցներին: Այդ երիտասարդները բերման էին ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն, բայց այդ առնչությամբ ՀՀ ոստիկանությունը երեկ որեւէ հաղորդագրություն չի տարածել: