Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գողություն՝ Սուրեն Սուրենյանցի բնակարանում

Հուլիս 12,2008 00:00

Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Հարավ-Արեւմտյան թաղամասում գտնվող իր տուն գնալով՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը այն գտել է թալանված եւ տակնուվրա արված վիճակում: Նախորդ երկու օրերին Ս. Սուրենյանցը եւ նրա ընտանիքի անդամները տանը չեն եղել, իսկ դեպքի օրը նա տուն գնացել է մենակ: «Դուռը բացելու պահին նկատեցի, որ կողպեքը կոտրված է: Արդեն իսկ բաց դուռը հրել եմ ու ներս մտնելով՝ տեսել եմ տան բոլոր իրերը՝ սկսած հագուստներից մինչեւ տարբեր փաստաթղթեր եւ աթոռներ, թափթփված եւ շաղ տված են, դարակները՝ այդ թվում համակարգչի սեղանի, հանված: Անմիջապես ահազանգել եմ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին»,- պատմեց Ս. Սուրենյանցը: Ոստիկանությունը օպերատիվորեն է արձագանքել ահազանգին եւ դեպքի վայր ժամանելով՝ սկսել է քննչական գործողություններ անել: Իրավիճակի արձանագրությամբ պարզվել է, որ գողացվել է տանը եղած մոտ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք արժողությամբ ոսկյա զարդեր: Տանը եղած ոչ մի փաստաթուղթ չի կորել: Կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ այսօր Ս. Սուրենյանցը այցելելու էր ոստիկանության բաժին՝ դեպքի առնչությամբ բացատրություններ տալու: Ոստիկանությունը, Ս. Սուրենյանցի խոսքերով, հավաստիացրել է, որ իր կարողությունների սահմանում ամեն ինչ կանի հանցագործությունը բացահայտելու համար: Ընդդիմադիր գործիչը «Առավոտի» հետ զրույցում երեկ ձեռնպահ մնաց կատարվածին գնահատական տալուց, բայցեւ ասաց, որ իր համար կասկածելի բաներ, այնուամենայնիվ, նկատել է. օրինակ՝ այն թափթփված վիճակը, որին ինքը ականատես է եղել. «Այդ ոսկեղենը գտնվել է բավականին մատչելի տեղում եւ նման մասշտաբի «ավերածության» անհրաժեշտություն չպետք է լիներ այդ թանկարժեք իրերը գտնելու համար: Բացի այդ, տարօրինակ է, որ հանված էր իմ աշխատասենյակի դռան կողպեքի միջուկը, թեեւ դուռը կողպեքով փակված չի եղել: Ի դեպ, կողպեքի հանված միջուկը տանը չի հայտնաբերվել: Ես միայն այս հանցագործության բացահայտումից հետո համոզված կլինեմ, որ դա իսկապես գողերի ձեռքի գործն է եւ իմ բնակարանը քրքրել-ավիրելուն այլ դրդապատճառներ չեն եղել: Եթե սա ուղղակի գողություն է, եւ եթե այն բացահայտվի, ես միայն շնորհակալություն կհայտնեմ ոստիկանությանը, եթե ոչ՝ ապա ես ինձ իրավունք կվերապահեմ ցանկացած կասկած հայտնել եւ եզրակացություններ անել: Առայժմ նման առիթ չունեմ»:

Ս. Սուրենյանցի դիտարկմամբ, այսօրինակ հանցագործությունը բացահայտելը ոստիկանության համար պետք է որ դժվարություն չներկայացնի, նկատի ունենալով, որ երբ ոստիկանությանն անհրաժեշտ է լինում, ասենք՝ քաղաքական շարժառիթներով հետապնդումների համար, նա անմիջապես եւ հետեւողականորեն կարողանում է ճշտել մարդկանց անձնական կապերը, շփումների շրջանակն ու նրա տան շուրջ տեղի ունեցող շարժը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել