Լրահոս
Օրվա լրահոսը

Յովանովիչի պատասխանը Օբամային

Հուլիս 12,2008 00:00

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման ստացել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչի գրավոր պատասխանները՝ տրված իր հղած հարցերին: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն, վկայակոչելով Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակը: Սենատորի առաջին հարցին՝ ինչպե՞ս եք դուք բնութագրում Հայոց ցեղասպանության հետ կապված իրադարձությունները, Մարի Յովանովիչը, մասնավորապես, պատասխանել է. «ԱՄՆ կառավարությունը ճանաչում եւ սգում է Օսմանյան կայսրության վերջին շրջանում ավելի քան մեկուկես միլիոն հայերին պատուհասած զանգվածային սպանությունները, էթնիկ զտումը եւ բռնի տեղահանությունը: ԱՄՆ-ը այդ իրադարձությունները ճանաչում է որպես 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը՝ Մեծ եղեռն, ինչպես այն որակում են շատ հայեր: Այդ իսկ պատճառով ամեն տարի ապրիլին՝ Հիշատակի օրը, նախագահը հարգում է զոհերի հիշատակը եւ հայ ժողովրդի հետ ամերիկացիների համերաշխությունն է արտահայտում: Որպես փախստականների զավակ՝ այլ ժամանակ եւ այլ վայրից, ես կիսում եմ հայ ժողովրդի վերապրած տառապանքները՝ ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր, երբ նրանք հիշում են իրենց պատմության այդ մռայլ էջը»:

Հաստատվելու դեպքում ի՞նչ գործողություններ եք դուք ձեռնարկելու՝ հիշատակելու Հայոց ցեղասպանության զոհերին՝ Օբամայի հարցին Մարի Յովանովիչը պատասխանել է. «Հաստատվելու դեպքում ես կշարունակեմ Երեւանում ամեն տարի ապրիլին անցկացվող հիշատակի պաշտոնական արարողություններին մասնակցելու ավանդույթը: Ես կբնութագրեմ այդ պատմական մեծ աղետը որպես Մեծ եղեռն՝ տերմին, որը հաճախ օգտագործվում է Հայաստանում՝ պատմության այդ մռայլ էջի հետ կապված: Հաստատվելու դեպքում ես նաեւ առաջնայնություն կտայի Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների եւ կառավարությունների միջեւ փոխըմբռնմանը եւ հաշտեցմանը նպաստելուն: Կարեւոր է, որպեսզի Միացյալ Նահանգները անի ամենը, ինչ կարող է՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը խրախուսելու համար, եւ խրախուսելու հատկապես Թուրքիային՝ բաց կերպով ուսումնասիրելու այդ ժամանակվա սարսափելի իրադարձությունները: Դա ողբերգություն էր, որը մենք եւ աշխարհը երբեք չպետք է մոռանանք, որպեսզի այն երբեք այլեւս չկրկնվի»: Ի պատասխան հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Պետդեպը՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ավելի լայն ուսումնասիրությանը եւ ճանաչմանը նպաստելու համար, դեսպանի թեկնածուն, մասնավորապես, պատասխանել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանությունը Թուրքիայի կառավարության հետ աշխատում է այն ուղիների շուրջ, որոնցով կարող են ուսումնասիրվել 1915-ի դեպքերը:

Օբամայի վերջին հարցը վերաբերում էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածի վերջին փոփոխություններին: Ի պատասխան, Յովանովիչը նշել է. «ԱՄՆ վարչակազմը քաջալերել է Թուրքիայի իշխանություններին՝ շարունակել այդ առաջընթացը եւ վերջ տալ քաղաքացիների նկատմամբ իրենց հայացքներն արտահայտելու համար իրավական հետապնդումներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել