Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՄՐՋԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Հուլիս 12,2008 00:00

«Ժառանգություն» կուսակցության երեկ գումարված 5-րդ համագումարի գլխավոր ելույթները թերեւս ոչ թե տանտերերինն էին, այլ հյուրերինը:

Հայաստանի քաղաքական մշակույթում հաստատված ավանդույթ է՝ ընդդիմադիր կուսակցությունների համաժողովներին հյուր են գնում եւ ողջույնի խոսքեր ասում ընդդիմադիրները, իսկ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներն էլ հյուրընկալվում են բացառապես յուրայինների համագումարներին: Այս կանոնից որոշ բացառություններ, իհարկե, եղել են: Սակայն այն, ինչ երեկ տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում «Ժառանգություն» կուսակցության համագումարի ժամանակ՝ իրոք աննախադեպ էր: Նախ զարմանալի էր այստեղ տեսնել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա տիկինը, նաեւ կուսակցության ղեկավար անդամները ջերմորեն ողջունեցին նրան: Սակայն Տիգրան Սարգսյանին համագումարի այլ մասնակիցների ցուցաբերած ընդունելությունը բավական զուսպ էր, եղան նաեւ տեղից նետված բավական ագրեսիվ ռեպլիկներ: Իսկ «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը փորձեց առիթն օգտագործել՝ վարչապետի հետ հանդիպման մասին պայմանավորվելու եւ նրան իրենց խնդիրները ներկայացնելու համար: Տիգրան Սարգսյանին հանդիպում առաջարկեց նաեւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրին՝ տիկին Գրիզելդան, այս անգամ՝ մարտի 1-ին նաեւ իր հետ կատարվածը ներկայացնելու համար:

«Ես չեմ եկել նշելու, որ կան հարցեր, որոնց շուրջ մենք ունենք տարբեր տեսակետներ: Ես այստեղ եկել եմ կամուրջներ կապելու: Կամուրջներ այրելը հեշտ է՝ կապելն է դժվար,- իր ելույթում հայտարարեց վարչապետը:- Ես այստեղ եկել եմ ասելու՝ մեզ պետք է ուժեղ ընդդիմություն, եւ դա քաղաքավարական ժեստ չէ: Ուժեղ, կառուցողական ընդդիմություն՝ նշանակում է ուժեղ հասարակություն, ուժեղ պետություն: Մենք չենք վախենում քննադատությունից ու համարձակ առաջարկություններից: Մենք ունենք դրանց կարիքը: Ես այստեղ եկել եմ կրկնելու՝ մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ տեսնել Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական, իրավական զարգացած պետություն»:

Միջանկյալ նշենք՝ ավելի ուշ «Ժառանգություն» խմբակցության մեկամյա գործունեությունը ներկայացնելով՝ Ստեփան Սաֆարյանը հիշատակեց, որ իրենց օրենսդրական նախաձեռնությունները գերազանցապես արժանանում են կառավարության բացասական եզրակացությանը:

Տիգրան Սարգսյանն ասաց. «Ներկա քաղաքական իրավիճակում առաջարկում եմ շեշտերը դնել ոչ թե մեզ բաժանող, այլ միավորող կետերի վրա: Թույլ չտանք, որ մեր նպատակները փոշիանան պայքարի աղմուկների մեջ: Թույլ չտանք, որ դրանք դառնան քաղաքական շահարկման մանրադրամ: Հուսով եմ, որ իմ այս կոչը ճիշտ կընկալվի: Համագործակցության դռները միշտ բաց են ձեր առջեւ: Այն, ինչ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ փետրվարի 26-ին՝ հիմա էլ ուժի մեջ է: Այսօր նոր ջրբաժաններ քաշելու ժամանակը չէ: Այսօր միասնության եւ աշխատանքի ժամանակն է»:

Նրան հաջորդեց Ժիրայր Սեֆիլյանը, որի ելույթի ընթացքում դահլիճ մտավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ պահին համագումարը վերածվեց հանրահավաքի: Շուրջ 300 պատվիրակները հոտնկայս սկսեցին վանկարկել «Լեւոն, Լեւոն»: Ահա այս պայմաններում Լեւոն Տեր-Պետրոսյանն ի շարս առաջին շարքում այլ նստածների՝ ձեռքով ողջունեց վարչապետ Տիգրան Սարգսյանին ու Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Հետո նաեւ ողջունեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին ու հետաքրքրվեց նրա որպիսությամբ:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մի որոշակի մասի հասցեատերը հենց դահլիճում ներկա իշխանության ներկայացուցիչներն էին: Ընդ որում՝ վարչապետի ստացած ծանր ժառանգության եւ կառավարության ավգյան ախոռները մաքրելու անհրաժեշտության մասին նրա պնդումները համագումարի պատվիրակները ողջունում էին բուռն ծափերով: Տիգրան Սարգսյանն իրեն ուղղված արտահայտությունները եւ ողջ ելույթը լսեց դեմքի՝ լուսանկարում պատկերված անվրդով արտահայտությամբ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ գնահատում է այն մեծ նպաստը, ավանդը, որ «Ժառանգություն» կուսակցությունը ներդրեց համաժողովրդական շարժման մեջ. «Մասնավորապես նախընտրական՝ իմ շուրջը ձեւավորված դաշինքում, առանց «Ժառանգության» նպաստի՝ արդյունքներն ավելի համեստ կարող էին լինել: Ես ուզում եմ նաեւ գնահատել «Ժառանգության» մեծ գործը խորհրդարանում, նաեւ որոշ չափով կարեկցելով «Ժառանգություն» խմբակցությանը, որ ստիպված է աշխատել այդպիսի խորհրդարանում, որը ոչ մի կապ չունի մեր ժողովրդի կամքի արտահայտության հետ, կազմված է մեծամասամբ կրիմինալ տարրերից, ինչպես մեր երկրի բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ կարեկցելով նաեւ նորանշանակ վարչապետին»:

ՀՀ առաջին նախագահի վերջին գրեթե բոլոր ելույթների միջով կարմիր թելի պես անցնում է քննադատությունը եվրոպական կառույցների հասցեին: Ահա երեկ էլ նա հայտարարեց, թե ԵԽԽՎ-ում «Ժառանգության» միայնակ ներկայացուցիչը «փորձում էր պայքարել այդ բյուրոկրատական ապարատի դեմ»: Նշեց, թե ԵԽԽՎ-ում բոլոր պատվիրակությունները հիմնականում բաղկացած են իշխող կուսակցություններից. «Չափազանց դժվար է այդ կորպորատիվ կլուբում որեւէ պոզիտիվ դեր կատարել, եւ ես լիովին հասկանում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի ընդվզումը ու նաեւ գնահատում այդ քայլը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ վստահություն հայտնեց, որ «Ժառանգությունը» լինելու է նոր ձեւավորվելիք Հայ ազգային կոնգրեսի հիմնասյուներից մեկը. «Կա մի պարզ ճշմարտություն, Հայաստանում այնպիսի քաղաքական վիճակ է, որ առանձին վերցրած ոչ մի կուսակցություն չի կարող հաղթահարել այն չարիքը, որ այսօր Հայաստանում գոյություն ունի: Իսկ դա չարիք է: 10 տարի մենք ապրել ենք այդ չարիքի լծի տակ, եւ մեզ սպառնում են եւս 10 տարի ապրել նույն չարիքի լծի տակ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ժողովուրդը դա թույլ կտա՞, թե՞ ոչ»: Եվ այս հարցի պատասխանն էր. «Մեր իշխանություններին կոչ կանեի՝ չսխալվել, չմտածել, թե սա այն հասարակությունն է, որին իրենք կարողացել են ստրկացնել 10 տարի շարունակ: Չի՛ հաջողվելու»:

Այս ելույթից հետո՝ դարձյալ «Լեւոն, Լեւոն» վանկարկումների ներքո, վարչապետն անմիջապես հեռացավ դահլիճից՝ չսպասելով անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի զեկույցին: Իսկ նա անուղղակի պատասխան տվեց Տիգրան Սարգսյանին, թե այո՛, ներկայումս միավորման ու միասնության ժամանակն է, սակայն դա պետք է տեղի ունենա ճշմարտությունը բացահայտելու միջոցով: «Ժառանգության» առաջնորդը մասնավորապես նկատի ուներ «մարտի 1-ի» մեղավորներին բացահայտելու անհրաժեշտությունը: Եվ այս կապակցությամբ խոսեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին. «Արդյոք հնարավո՞ր է Ազգային ժողովում հասնել վստահելիության մակարդակի, երբ ԱԺ-ն ի՛նքը մեղսակից է մարտի 1-ի եւ դրան հետեւող իրադարձությունների»: Այս հայտարարությունը համագումարն ընդունեց բուռն ծափերով:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ շեշտեց. «Մեր ներքին ժողովրդավարության պատկերը, օրինավորության դեֆիցիտը բացասաբար եւ ուղղակիորեն ազդում են Հայաստանի արտաքին քաղաքականության, ազգային շահերի սպասարկման, Արցախի հիմնահարցի ու ազգային անվտանգության վրա»:

Համագումարի ընդունած բանաձեւում էլ է արձանագրված. «Քաղաքական-ժողովրդավարական խորքային բարեփոխումներից խուսափելը կամ դրանք անտեսելը հավասարազոր են դառնում ապագայում մարտմեկյան ողբերգության կրկնման վտանգ ստեղծելուն, քանի դեռ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունները դուրս չեն բերվել ապիկարության թմբիրից, պահպանվում են խաղի ուժային կանոնները, հանցագործները մնում են անպատիժ եւ պետական մակարդակով իրավաքաղաքական գնահատական չի տրվում պաշտոնական մարմինների ու պետական ծառայողների՝ հաճախ հանցավոր ու քրեորեն հետապնդելի ոտնձգություններին»: Բանաձեւով համագումարը նաեւ պարտավորեցնում է «Ժառանգություն» խմբակցությանը՝ ԱԺ աշնանային նստաշրջանում ներկայացնել համալիր բարեփոխումների փաթեթ՝ կուսակցության առաջարկած «Երկրում ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ուղղված առաջնահերթ բարեփոխումների ծրագրին» համապատասխան:

«Ժառանգություն» կուսակցության վարչության 2006-2008-ի հաշվետվության մեջ, որը ներկայացրեց Անահիտ Բախշյանը՝ հիշատակված էր ԵԽԽՎ-ում ապրիլի 17-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթում արված նախազգուշացումը, թե պարտավորությունների երկուստեք չկատարման դեպքում «Ժառանգությունը» թե՛ Վեհաժողովում, թե՛ նաեւ ԱԺ-ում իր մանդատների վերանայման խնդիր կունենա: Եվ համագումարն ընդունված բանաձեւով լիազորում է կուսակցության խորհրդին՝ «2009 թ. հունվարին իր ընդլայնված նիստում քննարկել ԱԺ աշխատանքներին «Ժառանգություն» խմբակցության հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը եւ այդ կապակցությամբ կայացնել որոշում»: «Առավոտի» հարցին, թե հնարավոր է՝ դադարեցնե՞ն մասնակցել ԱԺ աշխատանքներին, Րաֆֆի Հովհաննիսյանը փոքր-ինչ լռելուց հետո պատասխանեց. «Էս կյանքում ամեն ինչ հնարավոր է: Բայց մենք մեր գործունեությունը չենք սկսում, ոչ էլ վերջացնում՝ դադարեցնելով: Ընտրված նոր վարչությունը կպատասխանի ոչ միայն այս շատ կարեւոր հարցին, այլեւ մնացած բոլոր՝ բաց մնացած հարցերին»:

Համագումարն ընդունված բանաձեւով նաեւ «պատվիրակում է կուսակցության նորընտիր վարչությանը՝ բանակցությունների եւ խորհրդատվությունների ճանապարհով ճշգրտել նորահայտ Հայ ազգային կոնգրեսի հետ կուսակցության համագործակցության փոխադարձաբար ընդունելի հարթությունը, խնդիրների շրջանակը եւ գործընկերության ձեւերը»:

Հ. Գ. Ի դեպ, «Ժառանգության» համագումարում տեղի ունեցածը թերեւս կարող էր ավելի սուր դրսեւորումներ ունենալ, եթե ուղարկված հրավերին արձագանքեր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել