Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 1-Ը ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ՝ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հուլիս 12,2008 00:00

\"\"Ըստ Աղվան Վարդանյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր, բայց չկանխեց, քանի որ իր նպատակը հենց դա էր

ՀՅԴ Բյուրոյի անդամ ընտրված դաշնակցական նախկին նախարարին օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսում գովերգեց ԱԺ դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը եւ վստահեցրեց, որ գործադիր մարմնում իրենց «փայլուն» դրսեւորած նախարարները կարող են բավականին օգտակար լինել Բյուրոյի կազմում, քանի որ գիտեն երկրի բոլոր խնդիրները: Ըստ ամենայնի, Բյուրոյի անդամներն իրենց նոր տեղում եւս լավ են հարմարվել, քանի որ արդեն սկսել են ասուլիսների մասնակցել: Երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը: Ըստ Բյուրոյի անդամի, հարկավոր է, որ մեր երկիրն իրեն այնպես դրսեւորի, որ կարողանա «համաշխարհային ուժային կենտրոնների մեջ հավասարակշռված դերակատարություն ունենալ՝ մեր արժանապատվությունը պահպանելու, նաեւ՝ համաշխարհային հանրությանը Հայաստանի, հայ ժողովրդի հարցերի նկատմամբ գոնե նորմալ վերաբերմունք ձեւավորելու իմաստով: Նաեւ՝ պետք է թույլ չտալ, որ մեր ներքին դժվարությունների պատճառով համաշխարհային ուժային կենտրոնները փորձեն Հայաստանին վերաբերվել ամեն վայրկյան թելադրելու իրավունքով, սովորեցնելու, մեղադրելու եւ այլն: Այս ամենն անելու վերջնական նպատակը Հայաստանն այնպիսի երկիր դարձնելն ու հայությունն այնպես կազմակերպելն է, որ մենք այս տարածաշրջանում լինենք ազդեցիկ երկիր եւ ժողովուրդ: Վստահ եմ, որ հայ ժողովուրդը իր պետականությամբ եւ իր համահայկական կազմակերպվածությամբ կարող է հաշվառելի, ազդեցիկ գործոն լինել նաեւ աշխարհում»:

Բնականաբար, լրագրողները հարցրել են Աղվան Վարդանյանի կարծիքը վերջին օրերին ամենաշատը շրջանառվող թեմայի՝ Սերժ Սարգսյանի կողմից Աբդուլլա Գյուլին ուղղված հրավերի մասին: «Ես ինքս դժվար եմ պատկերացնում ֆուտբոլային խաղը միասին դիտելու հրավերը: Հայաստանը շրջափակած, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատած, Հայաստանի հետ միայն նախապայմաններով խոսող Թուրքիայի նախագահը ինչպե՞ս պիտի որոշի գալ այն երկիրը, որի հետ ինքը ունի նման նախատրամադրվածություն եւ հարաբերություններ»,-տարակուսել է դաշնակցական գործիչը: Հարցին՝ բայց եթե, այնուամենայնիվ, Գյուլը որոշի գալ, Դաշնակցության ղեկավարը կնստի՞ նրա եւ Սերժ Սարգսյանի կողքին՝ ֆուտբոլ նայելու, Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք մեր վերաբերմունքը ունենք, չեմ կարծում, որ դա հարց է՝ կնստի՞ արդյոք: Միանշանակ կարող եմ ասել՝ չի նստի»:

Աղվան Վարդանյանի գնահատմամբ. «Մենք ունենք ընտրված նախագահ, մեր ընտրությունն ավարտվել է, մենք ընտրությունից հետո ունեցել ենք պրոբլեմներ, ես խորապես համոզված եմ, որ պրոբլեմների 99 տոկոսը քաղաքական այն ուժինն է, որն այսօր շարունակում է թուլացնել Հայաստանը: Ես համոզված եմ, իշխանությունը իր մասով ամեն ինչ կկատարի (խոսքը 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման մասին է- Մ. Ե.), ընդդիմությունը դարձյալ կասի, որ ոչ մի քայլ չի արել, դարձյալ կասի, որ չի վստահում, բայց դա արդեն այլ օպերայից է»: Նախկին նախարարն ընդունում է, որ Հայաստանում կան խնդիրներ. «Նախորդ օրը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատականներ էր տվել ՀՀ առաջին նախագահի գործողություններին: Այս մասով ես 100 տոկոսով ընդունում եմ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները: Խորապես համոզված եմ, որ մարտի 1-ի իրադարձությունների նման զարգացումը կարող էր կանխել միայն մեկ մարդ՝ հանրապետության առաջին նախագահը, բայց նա դա չարեց, չարեց միտումնավոր եւ, հետո էլ կարծեմ, եթե չեմ սխալվում, լրագրողներին հայտարարեց, որ ինքը շատ հանգիստ խղճով քնեց այդ գիշեր: Եթե շարունակվեին չարտոնված հանրահավաքները, ի վերջո՝ նման բան տեղի էր ունենալու, որովհետեւ քաղաքական այդ մտայնության ղեկավարի հիմնական նպատակն այս էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել