Հունիսի 20-ի հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը Տիգրան Սարգսյանի մասին այսպես էր արտահայտվել՝ «պարո՛ն վարչապետ կոչեցյալ», հիշեցրել, որ ԿԲ նախագահ եղած ժամանակ նա վաճառել էր մեր երկրի ոսկու պաշարը. «Արդեն 18 մլն դոլարի վնաս ես տվել այս երկրին: Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար»: Նաեւ նշել էր. «Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի իրական վարչապետը ոչ թե Տիգրան Սարգսյանն է, այլ Արմեն Գեւորգյանը»: Իսկ երեկ «Ժառանգություն» կուսակցության համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն ամբիոնից դիմելով Տիգրան Սարգսյանին՝ ասաց. «Շատ ծանր ժառանգություն եք ստացել: Ես վստահ եմ՝ Դուք գիտակցում եք, եւ ձեր պարտքն է նախ եւ առաջ մաքրել կառավարության ավգյան ախոռները: Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում. ես վստահ եմ՝ վարչապետը, լինելով պրոֆեսիոնալ, լինելով լուրջ տնտեսագետ, հասկանում է այս երկրի խնդիրները: Պրովոկացիա չեմ անում, Տիգրա՛ն, ես ասում եմ այն, ինչ իրականությունը ես պատկերացնում եմ. Դուք շատ անելիք ունեք նախ եւ առաջ ձեր կառավարած ինստիտուտի ներսում»: