Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Հուլիս 11,2008 00:00

\"\"Մարտի 1-ից հետո բազմաթիվ գործիչներ թեեւ պաշտոնապես չեն հետախուզվում, սակայն հարկադրված են թաքնվել: Դրանցից մեկը Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանն է:

Հիշեցնենք՝ փետրվարի 21-ից մինչեւ մարտի 1-ի առավոտը, իբրեւ խաղաղ նստացույցի սովորական մասնակից Սարգիս Հացպանյանը մշտապես Ազատության հրապարակում էր, ապրում էր վրանում: Նաեւ 4 օր հացադուլ արեց՝ մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորով դադարեցնելը: Փետրվարի 22-ից սկսած՝ Սարգիս Հացպանյանն օրը 1-3 անգամ հարթակից ելույթներ էր ունենում՝ բողոքելով տեղի ունեցած հակասահմանադրական գործողությունների դեմ: Թե ինչ եղավ դրանից հետո՝ ներկայացնում է Սարգիս Հացպանյանը. «Փետրվարի 24-ի ուշ գիշերվանից սկսած՝ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն իմ յուրաքանչյուր ելույթից հետո հարթակին մոտենալով՝ սկսեցին իրենց պետերի հետ զրուցելու համար ինձ հրավիրել ոստիկանություն: Ես էլ նրանց ասում էի. եթե ձեր հրավերը ՀՀ-ում գործող օրենքների համապատասխան արվի՝ որեւէ խնդիր չեմ տեսնում, անմիջապես կներկայանամ: Նրանց հորդորում էի՝ գրավոր դիմեք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն, եւ նրանք ձեր ծանուցումն ինձ կհաղորդեն ինչպես հարկն է՝ ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության միջոցով: Իմ եւ ոստիկանների միջեւ բազմիցս տեղի ունեցած նման խոսակցություններն արդեն համն ելած «խուլերի խոսակցություն» էին հիշեցնում, բայց, այնուամենայնիվ, կրկնվում էին ամեն օր՝ այն էլ պարտադիր գոնե 2 անգամ:

Փետրվարի 23-ից սկսած՝ սկսվեց Ազատության հրապարակից գիշերները տուն վերադարձող մարդկանց (քաղաքական գործիչ, նախկին պետական պաշտոնյա, կուսակցության առաջնորդ եւ այլն) ձերբակալելու անհասկանալի գործընթաց: Սա էլ ավելի կայուն համոզման վերածեց «հետեւապես նույնը կլինի նաեւ ինձ հետ» միտքը, եւ Ազատության հրապարակում մեր շուրջօրյա մնալու վիճակն արդեն իսկ դարձրեց անժամկետ:

Ինձ հետ տպագիր ԶԼՄ-ների արած հարցազրույցներին ծանոթանալով՝ վիճակիս մասին տեղեկացած ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսն ինձ զանգահարեց փետրվարի 27-ին եւ խնդրեց, որ Ազատության հրապարակից դուրս որեւէ տեղ՝ թեկուզ մոտակա սրճարաններից մեկում զրուցելու համար հանդիպենք: Իրեն բացատրեցի ՀՀ ոստիկանության՝ ինձ հետ կապված նկրտումները եւ հայտնեցի, որ Ազատության հրապարակից առանց ազատությունից զրկվելու դուրս գալս գրեթե անհնար է՝ խնդրելով նրան հնարավորության դեպքում գալ այնտեղ: Նա առանց խոստանալու ասաց, որ կանի հնարավորը: Փետրվարի 28-ի երեկոյան Ֆրանսիայի դեսպանատան հայազգի երկու աշխատակիցներ, որոնց վաղուց ճանաչում էի՝ հրապարակում Թումանյանի արձանի մոտ տեղադրված վրանիս մեջ ինձ այցելեցին, եւ ես ամենայն մանրամասնությամբ ոստիկանության նկրտումների հետ կապված խնդիրը նրանց ներկայացնելով՝ այդ ամենը նույնությամբ հարգարժան հյուպատոսին փոխանցել խնդրեցի: Փետրվարի 29-ի բավականին ուշ երեկոյան՝ մեծագույն անակնկալ պատճառելով, Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսը վրանիս մեջ ինձ այցելության եկավ՝ հայազգի երկու աշխատակիցների ուղեկցությամբ:

Հյուպատոսի հետ մանրամասն խոսեցինք երկրում տիրող վիճակին առնչվող ամեն ինչի եւ նաեւ անձնապես իմ մասին: Ակամայից ստեղծված այս անհեթեթ իրավիճակից իբրեւ ելք՝ նա ինձ առաջարկեց հենց այդ րոպեին իսկ «իր հետ միասին իր բնակարան կամ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն գնալ եւ մնալ, մինչեւ տեսնենք, թե իրավիճակն ինչ զարգացումներ կունենա»: Ես ստիպված բարեկիրթ ձեւով պարոն հյուպատոսի առաջարկը մերժեցի, քանի որ ճակատագիրս ոչ թե իրենց կամ Ֆրանսիայի, այլ 18 տարուց ի վեր արդեն Հայաստանի ժողովրդի հետ էի կապել: Ինձ հրաժեշտ տալիս նա ասաց. «Հասկանում եմ, որ դուք գաղափարի եւ համոզմունքների համար եք այստեղ գտնվում, բայց մտածեք նախ ձեր երեխաների մասին», որին ես պատասխանեցի՝ «Հենց նրանց մասին մտածելուս համար էլ այստեղ եմ, պարոն հյուպատոս»:

Նրա մեկնելուց ընդամենը ժամեր անց՝ մարտի 1-ի առավոտ կանուխ հասկացա, որ «գաղափարի եւ համոզմունքների համար Ազատության հրապարակում գտնվելս» կարող էր անձնական առողջությանս լուրջ վնաս հասցնել, որովհետեւ մինչ այժմ էլ դեռ չեմ հասկացել, թե ինչու, բայց փաստն այն է, որ ինձ շատ հարազատ արցախյան բարբառով խոսող ոստիկանական հատուկ ջոկատայինի հագուստ հագած «տղերքի» (վա՛յ ես նրանց տղա ասողին) 5-6 հոգանոց ոհմակն իրենց սովորեցված բառապաշարով «ֆրանսիացի բ..ի լակոտիս» առանձնակի դաժանությամբ ծեծել-ջարդելով՝ շարքից հանել կարողացան: Չգիտեմ, ինձ հետ կատարվածն ինչ բառերով կարող եմ բացատրել, բայց մարդու նման ինքնուրույն ոտքի կանգնելն ու շարժվելս՝ 3, իսկ նախկին վիճակս վերագտնելը՝ 5 շաբաթ տեւեց, որը, համոզված եմ՝ արժեր իբրեւ «գաղափարի եւ համոզմունքների համար» վճարված գին:

Այդ օրվանից առայսօր գտնվում եմ ազատագրված տարածքներում:

Բայց կարծես իմ հանդեպ «իրավապահ» մարմինների կողմից կատարված անօրինությունները բավարար չէին: Մարտի սկզբից մինչ օրս՝ հավանաբար իմ գտնված վայրի իրենց անհայտ մնալը չմարսած (ոստիկանության, թե ազգային անվտանգության մարմիններին պատկանելն իսկ՝ ՀՀ-ում մարդկանց հետ ըստ գործող օրենքների վերաբերվելու գրավոր վարքականոնները մշտապես անտեսելուն սովոր պետություն ներկայացնող հիմնարկների պաշտոնյաների պատճառով երբեւիցե չիմացված) նույն «իրավապահները» պարբերաբար եւ անընդհատ ընտանիքիս բոլոր անդամներին, մոտիկ եւ հեռու ազգականներին անհանգստացնելով ու բոլորին միայն բանավոր՝ «նրան կասեք թող իր ոտքով ելնի գա ու ներկայանա, թե ոչ՝ վատ կլինի»-ներ շպրտելով, սպառնալով, մինչեւ իսկ հարեւաններին հարցուփորձ անելով՝ տանս ելումուտը հսկելով են զբաղված եղել:

Կինս, ում հետ փետրվարի 29-ի երեկոյից ի վեր ոչ մի կերպ չեմ կարողացել անձամբ խոսելու որեւէ հնարավորություն ունենալ՝ փոքր երկու երեխաներիս ենթադրաբար հոգեկան ցնցումներից զերծ պահելու նպատակով, ստիպված մայիսի առաջին օրերին երեխաների հետ մեկնել է Ֆրանսիա:

Իսկ մեր օրերի վարք ու բարքով արդեն համայն մարդկության քաղաքակիրթ հատվածին հայտնի երկրում ապրողներից ո՞ւմ համար պարզ չէ այդ անհերքելի ճշմարտությունը, որ թեկուզ իբրեւ սովորական վկա ՀՀ դատախազություն կանչվող բոլորովին անմեղ մարդուն՝ վկայից կասկածյալ, իսկ կասկածյալից մեղադրյալ դարձնելն ընդամենը մեկ քայլ է: Էլ ո՞ւր մնաց իմ նման օտարահպատակ մեկի կողմից՝ Ազատության հրապարակում գտնվող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին, այն էլ ոչ մեկ անգամ, «ինչպես Ֆրանսիայում եւ քաղաքակիրթ այլ պետություններում, ժողովրդավարական արժեհամակարգի առաջին իսկ պայմանով՝ ընտրությունների միջոցով իր կամքն արտահայտած ժողովրդին պետք է պատկանի իշխանությունը» պարզագույն ճշմարտությունն ասած, կրկնած եւ դրանով էլ «հակապետական» մեծագույն հանցանք գործածիս հետ լինելիքը, մի՞թե պարզ չէ:

Չէ ասողը թող, խնդրում եմ, վաղն իմ տեղը ՀՀ դատախազություն ներկայանա: Տխուր արդյունքների մասին առայժմ դեռեւս մի կերպ հանդուրժվող հայրենի ԶԼՄ-ներից կտեղեկանանք անպայման: Ինչեւէ, տեւական այս ամբողջ ժամանակահատվածում ՀՀ «իրավապահ» մարմինների կողմից իմ գտնվելու վայրը բացահայտելու նպատակով կատարված «օպերատիվ հետախուզական» աշխատանքների առթիվ խոսելուց զերծ կմնամ, որովհետեւ դրանք ոչ միայն զավեշտալի, այլեւ ծիծաղելի եւ պատկան մարմինների մասնագիտական ունակությունները մերկացնելու չափ խոսուն, ավելին՝ «մենթական աշխարհի» համար նույնիսկ անպատվաբեր ու վիրավորական են: Ուստի այս դեպքում, գտնում եմ, որ լռությունը ոսկի է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել