Լրահոս
Օրվա լրահոսը

Այգիները հողին են հավասարեցնում

Հուլիս 11,2008 00:00

Վերջերս մեծահարուստների ու գործարարների ուշադրությունը սկսել են գրավել Թբիլիսյան խճուղու աջ եւ ձախ հատվածներում գտնվող հողատարածքները:

Խճուղին մայրաքաղաքի հյուսիսային գլխավոր մուտքն է, եւ այդ տարածքներում օբյեկտներ կառուցելը բավականին եկամտաբեր բիզնես կարող է լինել: Քաղաքի այդ հատվածի բնակիչները նշյալ հողատարածքների մեծ մասը, առանց իրավաբանական ձեւակերպման, տարիներ շարունակ մշակել ու պտղատու այգիներ են հիմնել: Այսօր այդ այգիներից ոչինչ չի մնացել: Մարդկանց 20 տարվա չարչարանքը 20 րոպեում ջուրն է լցվել, քանի որ հողատարածքները հեկտարներով վաճառվել են՝ խիստ անակնկալի բերելով այգիների նախկին տերերին:

«Առավոտի» խմբագրություն այցելած Աիդա Վանեսյանի 20 տարվա մշակած 1000քմ տարածքով այգին, որը նույնպես գտնվում է Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում, մի քանի ժամվա ընթացքում հողին են հավասարեցրել: Կնոջ պատմելով, Երեւանի քաղաքապետարանը վաճառել է «Իմեքս գրուպ» ընկերությանը, որն էլ այդ տարածքում պատրաստվում է կերամիկայի պահեստներ կառուցել. «300 պտղատու ծառերը էքսկավատորով արմատախիլ են արել, եւ անմիջապես տարածքը բետոնապատել: Ես, ճիշտ է, առանց փաստաթղթերի եմ այդ հողը մշակել, բայց չէ՞ որ կենցաղային բոլոր վճարումները կատարել եմ: Ինչո՞ւ այդ ժամանակ ոչ ոք չէր ասում, որ անօրինական եմ մշակել, ու վճարումներն ընդունում էին: Բացի այդ, ես մի քանի տարի առաջ դիմել եմ կադաստր՝ իմ հողակտորը սեփականացնելու համար, բայց ինձ մերժել են, պատասխանելով, որ դա պետական սեփականություն է եւ վաճառքի ենթակա չէ: Իսկ ընդամենը մի քանի ամիս հետո դարձավ վաճառքի ենթակա: Ես շարքային քաղաքացի էի՝ դրա՞ համար ինձ չվաճառեցին, իսկ «Իմեքս գրուպը» մեծ թափ ուներ: Հենց իրենք ինձ ասացին՝ ինչ ուզում ես արա, մեկ է, այս հողի մասին Քոչարյանն ու Զախարյանը տեղյակ են»:

Տիկին Աիդան օգնության համար բազմիցս դիմել է նախկին վարչապետեր Անդրանիկ Մարգարյանին, Սերժ Սարգսյանին, վերջերս էլ՝ Տիգրան Սարգսյանին, տարածքային կառավարման նախարարություն եւ ՀՀ նախագահին: Նրան պատասխանել են, որ գործն ուղարկվել է արդարադատության նախարարություն: Տիկին Աիդայի խոսքերով՝ այդ հողատարածքը վաճառելուց առաջ աճուրդ էլ չի հայտարարվել, որպեսզի տեղյակ լինեին ու հնարավորություն ունենային գնելու. «Սկզբում «Իմեքս գրուպի» ներկայացուցիչները մեզ փորձում էին փոխհատուցում տալ, ճիշտ է՝ ծիծաղելի, բայց գոնե մի բան առաջարկում էին, իսկ հիմա՝ ոչ: Մեր հարեւաններից էլ են հող գնել ու նրանց նորմալ փոխհատուցում են տվել, իսկ մեզ առաջարկել են 1000 դոլար գումար եւ իմ տան տանիքի վերանորոգման համար շինանյութ: Ես հրաժարվել եմ, որովհետեւ դա 1000 քմ հողի եւ 300 ծառի դիմաց չնչին փոխհատուցում է: Ես իմ հողն եմ հետ պահանջում կամ էլ այնքան գումար տան, որ կարողանանք մի տեղ հողակտոր գնել ու մեր օրվա ապրուստը հոգալ այդ հողով»:

Այս առնչությամբ «Իմեքս գրուպի» ներկայացուցիչ Նորայր Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Թբիլիսյան խճուղու հարեւանությամբ ձեռք բերած տարածքը քաղաքապետարանն է իրենց փոխհատուցել, իրենց՝ քաղաքի կենտրոնում ունեցած տարածքը իրացնելու համար. «Ճիշտն ասած, մենք Թբիլիսյան խճուղու այդ հողատարածքից այնքան էլ գոհ չենք: Այդտեղ իտալացիների հետ համատեղ ձեռնարկություն ենք կառուցելու, աշխատատեղեր ենք բացելու, իսկ տիկին Աիդան այդ տարածքի նկատմամբ ոչ մի իրավասություն չունի, դատարանով ամեն ինչ որոշվել է հօգուտ մեր ընկերության»: Մեր հարցին, թե ինչո՞ւ են սկզբում փոխհատուցման մասին պայմանավորվել, իսկ հետո հրաժարվել, պարոն Խաչատրյանն ասաց. «Ես ոչ մի պայմանավորվածություն չեմ ունեցել այդ կնոջ հետ: Այդ տարածքը անմշակ, անտեր հող է եղել: Իր պահանջներն ու դժգոհությունները տիկինը թող քաղաքապետարանից պահանջի, այլ ոչ թե մեզնից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031