Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՐԱԼԻ ԹԵԿՆԱԾՈ՞ՒՆ ԿԱՆՑՆԻ

Հուլիս 11,2008 00:00

\"\"Էջմիածնի քաղաքապետ Գագիկ Ավագյանը «Առավոտի» հետ զրույցում չբացառեց, որ Էջմիածնի քաղաքապետի առաջիկա

ընտրություններում գեներալ Մանվել Գրիգորյանի որդին կառաջադրվի:

– Արդեն լուրեր են շրջանառվում, որ աշնանը Էջմիածնում սպասվող քաղաքապետի ընտրությունները ինտրիգային են լինելու, քանի որ հիմնական պայքարողները լինելու են գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ գործող փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ Էջմիածնից ընտրված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Դուք ի՞նչ կասեք այդ մասին:

– Ընտրություններում թեկնածուների շատ լինելու հավանականությունը մեծ է, եւ ես կարծում եմ, որ պայքարը թեժ է լինելու: Բայց հույս ունենք, որ գոնե արդար կլինի: Մենք պատրաստվում ենք արդար ընտրությունների:

– Իսկ Դուք պատրաստվո՞ւմ եք կրկին առաջադրվել:

– Քաղաքապետարանի թիմն այս 3 տարիների ընթացքում Էջմիածնում կատարել է լուրջ աշխատանքներ եւ պատրաստվում է իր թեկնածուին առաջադրել: Թե կոնկրետ ով կլինի՝ դեռ որոշված չէ եւ անուն չեմ կարող նշել: Բայց որպես քաղաքապետարանի կողմից պաշտպանվող թեկնածու՝ այս պահին ոչ պաշտոնապես շրջանառվում են իմ եւ Կարեն Գրիգորյանի անունները: Բայց ոչ մի բան պարզ չէ եւ չի բացառվում, որ մեր թիմից լինի մեկ այլ թեկնածու եւ հենց նրան էլ պաշտպանենք:

– Այնուամենայնիվ, եթե ձեր թիմի թեկնածուն լինի Մանվել Գրիգորյանի որդին, քաղաքական ի՞նչ որոշում կկայացնեք:

– Հաստատ քաղաքականությունից չեմ հեռանա: Կանգնելու եմ իմ քաղաքի կողքին: Այս պահին, ճիշտ է, չեմ կարող ասել, թե որը կլինի իմ դերակատարումը: Դա թողնենք հետագային:

– Ձեր թիմ ասելով՝ նկատի ունեք Մանվել Գրիգորյանի կողմից հովանավորվելն ու նրա աջակցությունը վայելե՞լը, քանի որ գեներալն իր որդու պարագայում անտարբեր լինել չի կարող եւ մեծ աջակցություն կցուցաբերի:

– Որպես գործող քաղաքապետ, բնականաբար, իմ համաձայնությունն էլ է լինելու, թե թիմից ո՞վ կառաջադրվի եւ հենց նրան էլ կօգնենք: Եթե Կարեն Գրիգորյանը լինի թեկնածուն, իր որդուն Մանվել Գրիգորյանը, բնականաբար, կաջակցի:

– Այսինքն, համարում եք, որ Դուք գեներալի թիմի՞ց եք:

– Կարելի է այդպես էլ ասել, ինչ է եղել, քանի որ 2005-ին էլ Մանվել Գրիգորյանն է ինձ աջակցել: Ամբողջ հարցն այն է, որ մեր առջեւ կոնկրետ խնդիր ենք դրել. քաղաքապետարանի աշխատակազմից առաջադրել այն թեկնածուին, որը մեր պատկերացումներով անպայման կհաղթի: Գնալով ընտրությունները որակապես փոխվում են, եւ ժողովուրդը գիտակցաբար է ընտրություն կատարում: Արդեն հարցումներ ենք անում, թե մեր թեկնածուներից ո՞ւմ դիրքերն են ավելի ուժեղ: Կարծում եմ՝ մեկ ամսից ամեն ինչ կհստակեցվի:

– Էջմիածինցիների շրջանում միշտ խոսակցություններ են եղել, որ քաղաքը ղեկավարվում է գեներալների կողմից: Ինչպե՞ս եք կարողացել այս 3 տարիների ընթացքում աշխատել նման պայմաններում:

– Գեներալները շատ դեպքերում աջակցել են, ոչ թե խոչընդոտել: Եթե խնդիրներ են եղել, որոնք պետք է դրսում լուծվեին, գեներալները միշտ օգնել են քաղաքին: Իսկ թե ինչ է խոսում հասարակությունը, չեմ կարող մեկնաբանել, դա իր գործն է:

– Պարոն Ավագյան, այսօր ի՞նչ խնդիրներ կան Էջմիածնում:

– Ունենք քաղաքի ձախակողմյան հատվածի բարեկարգման եւ ասֆալտապատման խնդիր, եթե դրա համար միջոցներ հայթայթենք՝ կնշանակի, որ հիմնականում քաղաքը բարեկարգ է: Վարչապետ եղած ժամանակ Սերժ Սարգսյանը հոգաց Հոկտեմբեր փողոցի ասֆալտապատման եւ լուսավորության ծախսերը: Դրանով լիովին լուծվեց էջմիածնի աջակողմյան հատվածի բարեկարգումը: Ունենք բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման լուրջ խնդիր: Այս ուղղությամբ տարիներ ի վեր վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Մոտավոր հաշվարկներով, եթե վերանորոգման աշխատանքները մասնակի արվեն՝ կպահանջվի 5-6 միլիոն դրամ, հիմնանորոգման դեպքում՝ 17-20 միլիոն դրամ:

– Էջմիածինը հայտնի է որպես զբոսաշրջության քաղաք, սակայն, բացի Մայր տաճարից, քաղաքում զբոսաշրջիկներին գրավող այլ բան չկա:

– Ճիշտ է, այլ բան չունենք: Թատրոնի ստեղծման մասին ենք մտածում, բայց էլի բախվում ենք գումարային խնդրին: Կարծես թե լուծվում է հյուրանոցի հարցը, որը չունեինք: Թեեւ դա մասնավոր կլինի, սակայն այն քաղաքին անհրաժեշտ է: Առաջին հերթին Էջմիածինը հոգեւոր կենտրոն է եւ հենց դրանով է զբոսաշրջիկներին գրավում: Կարգին ձիարշավարան ունենք, որտեղ տուրիստներ շատ են լինում: Սպորտային համալիր ստեղծելու մասին ենք մտածում: Արդեն 4.5 հեկտար տարածք հատկացվել է այդ նպատակով, բայց գումարի ենք սպասում: Ընտրվելուս հենց առաջին օրից շեշտը դրել եմ քաղաքի մաքրության վրա: Փողոցում շրջելիս էլ չեք հանդիպի աղբակույտերի, իսկ կանաչապատումն արդեն դարձել է մեր ամենօրյա աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել