Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՔԸ

Հուլիս 11,2008 00:00

Օրերս «Թերջյան» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել ազգային ընդդիմադիր ուժերի հավաք, որի ժամանակ քննարկվել է, այսպես կոչված, երրորդ բեւեռ ձեւավորելու հարցը: «Առավոտին» հայտնի դարձավ, որ հավաքի նախաձեռնողը Հայկ Բաբուխանյանն է՝ իր ղեկավարած «Սահմանադրական իրավունք միություն» իշխանամետ կուսակցությամբ: Պրն Բաբուխանյանի հետ զրույցից պարզվեց, որ կուսակցությունների ընտրության սկզբունքը ձեւավորվել է նախնական զրույցների արդյունքում. «Ընդդիմադիր լինի, ազգային լինի, որպես կուսակցություն երբեւէ համագործակցած չլինի ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ոչ էլ կոալիցիային պատկանող կուսակցություն լինի»: ԱԺՄ-ի, ԱԺԴ-ի, ԱԺԿ-ի հետ սույն թեմայով զրույցներ դեռ չեն եղել: ՀՌԱԿ-ի հետ զրույցից ձեռնպահ են մնացել, քանի որ դեռ վերակազմավորման փուլում է: «Դա ոչ դաշինք է, ոչ միություն, ոչ կոնգրես: Կլոր սեղան է, մտքերի փոխանակում. ցանկացած ժամանակ կարող են ցանկացած մասնակիցներ լինել եւ իրենց մտքերը փոխանակել»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:

Առաջին հավաքին մասնակցել են վեց կուսակցությունների ղեկավարներ՝ Հայկ Բաբուխանյան (ՍԻՄ), Արամ Գասպարի Սարգսյան (ՀԴԿ), Արտաշես Գեղամյան (Ազգային միաբանություն), Պարույր Հայրիկյան (ԱԻՄ), Խոսրով Հարությունյան (ՀՔԴՄ), Էդուարդ Անտինյան (իշխանական ՀԱԱԿ): Հրավիրված է եղել նաեւ Կոմկուսը, բայց չի մասնակցել: «ՀԿԿ-ն միշտ եղել եւ մնում է իր գաղափարական հիմքի վրա, իսկ այսօրվա քաղաքական դաշտում այնպիսի խառնաշփոթ է տիրում, որ ոչ բոլորի հետ ՀԿԿ-ն կարող է համագործակցել: Մինչեւ մեզ պարզ չլինի այդ տիպի հավաքների նպատակը եւ գաղափարական հենքը՝ ՀԿԿ-ն մասնակցել չի կարող»,- «Առավոտին» ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Հավաքի ժամանակ քննարկվել են Արցախի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը եւ ՀՀ-ում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի եւ մամուլի ազատության, կուսակցությունների գործունեության խնդիրները:

Ի դեպ, կուսակցությունների շրջանակը սահմանափակված չէ. չի բացառվում, որ հաջորդ հանդիպմանը անակնկալներ ունենանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել