Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-ը պիտի գիտակցի իր դերը

Հուլիս 11,2008 00:00

Ըստ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ընդունված առաջարկի՝ այդպես է լուծվելու «Ա1+»-ի հարցը

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության առաջարկով «Ա1+»-ին մինչեւ հունվար եթեր վերադարձնելու պահանջը 1620 բանաձեւում փոխարինվեց հետեւյալ կետով, թե Վեհաժողովը «կոչ է անում արտոնագրեր շնորհող մարմնին այժմ ապահովել արտոնագրման բաց, արդար եւ թափանցիկ ընթացակարգ՝ համաձայն 2008թ. մարտի 26-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված ուղենիշների եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի»։

Փորձեցինք պարզել, թե այդ ինչ ուղենիշներ են ընդունվել մարտի 26-ին, որոնց համաձայն՝ ՀՌԱՀ-ն այսուհետ պետք է վերջապես կազմակերպի արդար մրցույթներ: Եվ այսպես, ԵԽ նախարարների կոմիտեի 1022-րդ հանդիպման ընթացքում ընդունված հռչակագիրը վերաբերում է հեռարձակման ոլորտի կարգավորող մարմինների անկախությանն ու գործառույթներին: Այն ամբողջությամբ կարող եք ընթերցել https://wcd.coe. int/ViewDoc.jsp?Ref=Decl(26.03.2008)& Language=lanEnglish&Ver=original&Site=CM &BackColorInternet=9999CC&BackColorIntranet=FFBB55&BackColorLogged=FFAC75 հասցեում: Իսկ փաստաթղթի համառոտ բովանդակությունն այս է՝ հիշեցվում է ժողովրդավարական հասարակությունների համար կարեւորությունը, որ լինեն գաղափարների եւ տեսակետների բազմազանության արտահայտման անկախ եւ ինքնուրույն հաղորդակցական միջոցներ, նաեւ, որ բացառվեն կամայական սահմանափակումները տեղեկություններ տարածելու ու ստանալու ԶԼՄ-ների իրավունքի նկատմամբ: Հիշատակված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռը, ըստ որի՝ որոշ երկրների արտոնագրման համակարգը հաշվի չի առնում բազմակարծության, հանդուրժողականության եւ լայնախոհության սկզբունքները, ու նաեւ, որ հեռարձակման արտոնագիր տրամադրելու մերժումը չպիտի լինի ակնհայտ կամայական կամ խտրական ու հակասի վերոհիշյալ սկզբունքներին: Հիշեցված են նաեւ ԵԽ անդամ պետությունների կողմից 2005-ի մարտին Կիեւում ստորագրված քաղաքական հռչակագրով ստանձնած պարտավորությունները, թե ԶԼՄ-ների կարգավորման միջոցներով նրանք պիտի հարգեն բազմակարծության ու բազմազանության հիմնարար արժեքները: Նաեւ հիշեցված է 2000-ին ընդունված երաշխավորությունը, ըստ որի՝ պիտի երաշխավորվի անկախ ու ինքնուրույն ռադիոհեռարձակող լրատվամիջոցների գոյությունը:

Այս ամենից հետո ԵԽ նախարարների կոմիտեն վերահաստատել է, որ հեռարձակումը կարգավորող մարմինների «անկախության մշակույթը» պիտի պահպանվի, եւ դրանք պիտի լինեն բաց ու պատասխանատու: ԵԽ անդամ երկրներին կոչ է արված իրականացնել 2000-ին ընդունված երաշխավորության դրույթները, նաեւ ապահովել հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների այնպիսի գործունեություն, որ բացառվեն քաղաքական ու տնտեսական միջամտությունները: Այդ մարմիններին (ըստ այդմ՝ մեր ՀՌԱՀ-ին) կոչ է արված, որ գիտակցեն իրենց հատուկ դերը ժողովրդավարական հասարակության մեջ ու կարեւորությունը՝ ձեւավորելու հեռարձակման բազմազան «բնապատկեր»: Իսկ քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին կոչ է արված իրենց ավանդը ներդնել ռադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների «անկախության մշակույթում»՝ նրանց մոնիտորինգի ենթարկելով, ու հանրությանը ներկայացնելով կարգավորողների խախտումները եւ «լավ օրինակները»:

Դե ինչ, ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության իշխանության ներկայացուցիչների առաջարկով է այս երաշխավորությունը դարձել ԵԽԽՎ բանաձեւի դրույթ: Հիմա մնում է, որ նրանք կարողանան նաեւ ՀՌԱՀ-ին համոզել՝ գիտակցել իր դերն ու կարեւորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել