Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ 98 ԹՎԱԿԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ

Հուլիս 11,2008 00:00

\"\"Ռուբեն Հայրապետյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը ժողովրդի համար կանի՝ ինչ պետք է

– Պարոն Հայրապետյան, մեր վերջին հարցազրույցից հետո, որում ասել էիք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը եկավ հարամելու ընտրությունները, մի շարք քաղաքացիներ զանգեցին եւ դժգոհություն հայտնեցին, որ Ձեզ չեմ հարցրել՝ իսկ Դուք չե՞ք հարամել ընտրությունները: Հարգելով մեր ընթերցողների խնդրանքը, հիմա եմ հարցնում՝ իսկ Ռուբեն Հայրապետյանը եւ իր ազգականները Ավան համայնքում չե՞ն կեղծել ընտրությունները:

– Որեւէ մեկը չի կարող ասել, որ Ռուբեն Հայրապետյանը եւ իր ազգականները երբեւիցե ընտրություններ են կեղծել: Ես իմ կյանքում ոչ ընտրություն եմ կեղծել եւ ոչ էլ կկեղծեմ, իսկ այդ կարգի հարցեր բարձրացնողները ՀՀՇ-ական հերթական շանտաժիստներ են, այնպես, ինչպես ասում են, թե ամբողջ հանրապետությունում են ընտրությունները կեղծվել, իրենց չկայացած նախագահը ընտրվել է, այնպես էլ ասում են, որ Ավան համայնքում ընտրություններ են կեղծվել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ավան համայնքում ընտրություններ չեն կեղծվել, եւ ոմանք իրենց պարտությունը պետք է ընդունեն: Բայց իրենք թուլամորթ են, չեն կարողանում պարտության հետ հաշտվել: Իսկ նրանց հաղթանակը շատ կործանարար կլիներ ժողովրդի համար, նրանք այդ հաղթանակից ավելի շատ կոգեւորվեին եւ կսկսեին ժողովրդին ոչնչացնել, այնպես, ինչպես եղել է մինչեւ 98 թ.:

– Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր աշխատաոճով է կազմակերպում կառավարության գործունեությունը եւ կարծես խստություններ են արվում հատկապես իշխանություններին մոտ կանգնած գործարարների նկատմամբ: Դուք Ձեր բիզնեսի եւ անձամբ Ձեզ վրա որեւէ ճնշում զգացե՞լ եք իշխանությունների կողմից վարվող «թարմ» քաղաքականությունից:

– Ոչ միայն իմ, այլեւ որեւէ մեկի վրա ես որեւէ ճնշում չեմ զգացել: Իսկ օրենքի առաջ բոլորը հավասար են, գործարար է, պատգամավոր է, թե ինչ է, եթե խոսքը վերաբերում է բիզնեսին եւ Հայաստանի Հանրապետության որոշումներին, ուրեմն, ՀՀ բոլոր քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին, իսկ ով օրենքին չի ենթարկվի, թող պատասխան տա օրենքի առաջ, եւ շատ վատ է, եթե դա ճնշում են համարում: Օրենքի առաջ պատասխան տալը ճնշում չէ գործարարի կամ պատգամավորի վրա: Խախտո՞ւմ ես անում, պարտավոր ես պատասխան տալ, անկախ նրանից, թե ով ես: Կաշխատե՞ն օրենքի դաշտում, այնպես, ինչպես օրենքն է պահանջում, նախագահն է պահանջում, վարչապետն է պահանջում, ուրեմն՝ ամեն ինչ նորմալ կլինի:

– Մի քանի օրից կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը մեր երկրի համար հենց այն նախագա՞հն է, որը կկարողանա երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները լուծել:

– Առիթից օգտվելով՝ մի փոքր շեղվեմ Ձեր հարցից: Օրերս լրատվամիջոցներից մեկում գրվել էր, որ ես կարողանում եմ Սերժ Սարգսյանի մոտ «դաբրոներ» վերցնել եւ ինչ-որ մարդկանց խնդիրներ լուծել: Բայց, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մինչեւ 98 թվականի ժամանակներն անցել են: Սերժ Սարգսյանն այն նախագահն է, ով, ի տարբերություն այդ, այսպես կոչված, հրապարակախոսների առաջնորդի, որ մինչեւ օրվա կեսը քնում էր, տիրապետում է նրա քնած ժամանակաշրջանի բոլոր իրադարձություններին եւ այն անձնավորությունն է, որ ոչ Ռուբեն Հայրապետյանին, ոչ էլ որեւէ մեկին, ինչպես իրենք էին նշել՝ ոչ մի «պրախոդ» թույլ չի տա, որ կարողանան ինչ-որ «դաբրոներ» վերցնել: Բոլորը պետք է հասկանան, որ այս երկրում սկսվել է այն ժամանակաշրջանը, երբ բոլորը հավասարվել են: Իսկ Սերժ Սարգսյանի համար ես ընդամենը ոչ թե շատ մտերիմ անձնավորություն եմ, որ կարողանա ինչ-որ հարցեր լուծել, միջնորդություններ եւ այլն, այլ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Սերժ Սարգսյանն այն նախագահն է, որ ինձ՝ որպես Ռուբեն Հայրապետյան, բացի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված հարցերից, այլ հարցերով թույլ չի տա, որ միջնորդենք: Սերժ Սարգսյանն այսօր պարտադրում է, որ բարձրացնեմ հայկական ֆուտբոլի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Կրկնում եմ, մինչեւ 98-ի ժամանակներն ավարտված են, իսկ այդ ժամանակ քնող նախագահը քնած էր եւ իր փոխարեն ուրիշները «դաբրոներ» էին վերցնում: Այո, Սերժ Սարգսյանը իմ երազած նախագահն է, եւ ես շատ ուրախ եմ, որ հենց նա է մեր երկրի նախագահը, եւ նա անում է այն, ինչ ես մտածում էի եւ գիտեի, որ կանի մեր երկրի եւ ժողովրդի բարօրության համար:

– Դուք սրտանց հավատո՞ւմ եք այն մտքին, ինչ ասացիք, թե այդպես եք ասում, որովհետեւ ՀՀԿ խորհրդի անդամ եք:

– Եթե մինչեւ հիմա չգիտեք, իմացեք, որ Ռուբեն Հայրապետյանն ինչ ասում է՝ ազնիվ է ասում: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Այո, ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանն այն նախագահն է, ով կանի այն ամենը մեր երկրի եւ ժողովրդի համար, ինչ ժողովուրդը պահանջում է: Մի փոքր համբերություն: Տանք նախագահին ժամանակ եւ կտեսնենք, թե նա ինչեր կանի:

– Հուլիսի 4-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակ է տրվում Սերժ Սարգսյանին, եւ եթե նա այդ ընթացքում չկատարի ընդդիմության հայտնի պահանջները, սկսվելու է նրա հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների պահանջի գործընթաց:

– Ես դա անհեթեթ եմ համարում, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը երազանքների գրկում է եւ չի էլ պատկերացնում, թե ինչ է պահանջում: Իհարկե, ինքը այն մարդն է, որ լավ գիտակցում է՝ ուր է գնում Հայաստանը: Ակնհայտ տեսնում է, որ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ պետք է արվի այս ժողովրդի համար: Նա անընդհատ կուզենա խանգարել, բայց ես հավատում եմ մեր ժողովրդի խոհեմությանը, համոզված եմ, որ ժողովուրդը Տեր-Պետրոսյանին չի հավատա:

– Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից բավականին ստվար զանգված է գնում, հասարակության մի մասը նրա կողքին է:

– Քանի՞ մարդ է գնում, մեկ միլիո՞ն մարդ է գնում նրա հետեւից, Ձեր նշած օրվա հանրահավաքին ինչքա՞ն մարդ կար: Ես էլ ասում եմ՝ միլիոնուկեսանոց քաղաքում 10%-ը չի գնում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից, ինչի՞ մասին է խոսքը: Երբ միլիոնուկեսանոց քաղաքում 10%-ը չի գնում մի մարդու հետեւից, նա անելիք չունի: Շատ լավ կլիներ, որ իր դղյակում նստի եւ իր թոռներով զբաղվի:

– Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից զգացվում է, որ նա որոշակի տարաձայնություններ ունի նաեւ Սերժ Սարգսյանի հետ:

– Ասեմ իմ անձնական կարծիքը՝ ես չեմ կարծում, որ որեւէ տարաձայնություն կա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել