Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍ ՄԻ ԳՈՐԾՆ ԷԼ ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ

Հուլիս 11,2008 00:00

\"\"Սմբատ Այվազյանի քրգործը, որի ծավալը փոխվել է, կլսվի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԵԿՄ վարչության անդամ, «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի դեմ հարուցված քրգործը մտավ դատարան: Հիշեցնենք, որ նա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն («6-րդ վարչություն») բերման էր ենթարկվել փետրվարի 24-ի առավոտյան, Տերյան փողոցից՝ իրեն ուղեկցող Արտակ Սիսակյանի եւ Վարդան Կիրակոսյանի հետ միասին: Տերյան փողոցում «6-րդ վարչության» աշխատակիցների դիմակավորված խումբը հանկարծակի կանգնեցրել էր Ս. Այվազյանի մեքենան, նրան դուրս հանել, տեղում խուզարկել եւ բերման էր ենթարկել «6-րդ» վարչություն: Դրա համար հիմք էր ծառայել այն, որ, իբր, ահազանգ է ստացվել Ս. Այվազյանի մոտ ապօրինի զենք-զինամթերք լինելու մասին:

Ս. Այվազյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, որը ստացել է իր պաշտպանյալի քրգործի նյութերն ու մեղադրական եզրակացությունը, պնդում է, որ «քրգործում բացարձակապես գոյություն չունի փաստ, թե ահազանգ գրանցվել է կամ չի գրանցվել, կամ դա ո՞ր ժամին է եղել», եւ տարակուսում է՝ «չէ՞ որ Ս. Այվազյանին Ազատության հրապարակից մեքենայով դուրս գալուց մի քանի րոպե անց եւ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են կանգնեցրել: Ուրեմն՝ այդ ե՞րբ ահազանգ եղավ, այդ ե՞րբ հասցրեցին դիմակավորված մարդիկ մոտենալ»: Այս մանրուքները պաշտպանը կարեւորեց՝ շեշտելու համար այն փաստը, որ իրավապահները վաղօրոք են ծրագրած եղել Ս. Այվազյանի ազատազրկումը: Հիշեցնենք, որ բերման ենթարկելուց հետո 2 ժամ էր պահանջվել՝ պարզելու համար, որ Ս. Այվազյանի մոտ հայտնաբերված «Մակարով» տեսակի մարտական ատրճանակն՝ իր փամփուշտներով, օրինական է. նա այդ զենքով պարգեւատրվել է դեռեւս 1994թ.-ին՝ պաշտպանության նախարարի հրամանով, կա զենքն անժամկետ օգտագործելու ոստիկանության թույլտվություն: Այդուհանդերձ, նրան 10 ժամ ապօրինաբար, առանց ձերբակալման սանկցիայի, պահել էին «6»-ում, հետո, թերեւս, հասկանալով, որ Ս. Այվազյանին անազատության մեջ պահելու հիմքերը վաղուց սպառվել են եւ նոր պատրվակներ են պետք, նրան դարձյալ ապօրինաբար եւ առանց բերման արձանագրություն կազմելու տեղափոխել էին Կենտրոնի ոստիկանություն, որտեղ ծնվել էր նրան նարկոդիսպանսերում փորձաքննության ենթարկելու անհեթեթ միտքը: Ս. Այվազյանին ապօրինաբար ձեռնաշղթաներ էին հագցրել եւ երեք ավտոմատավոր եւ ոչ ոստիկանական համազգեստով մարդկանց ուղեկցությամբ եւ առանց պետհամարանիշի ավտոմեքենայով տարել էին փորձաքննության: Հ. Արսենյանը միայն գիշերն էր տեղեկացել, որ Ս. Այվազյանը ձերբակալված է «իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու համար», թեեւ, իր պնդմամբ, երեք ոստիկանների զեկուցագրում դիմադրություն, որպես այդպիսին, գոյություն չունի: «Ամբողջ քրգործով կարմիր թելի պես անցնում է այն ակնհայտ միտումը, որ վարչախումբն իրավապահներին ի սկզբանե հանձնարարություն էր տվել անել ամեն ինչ՝ Ս. Այվազյանին անազատության մեջ պահելու հիմք ստեղծելու համար: Հակառակ դեպքում, եթե նրան բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանքով եւ պարզվել էր, որ նրա մոտ այդպիսիք չկան, պարտավոր էին երեք ժամ պահելուց հետո ազատ արձակել: Նա ձերբակալված չի եղել, ուստի՝ ոստիկանության գործողությունները՝ նրան Կենտրոնի բաժին, ապա նարկոդիսպանսեր տանելն ու նորից Կենտրոնի բաժին բերելը բացարձակ ապօրինություններ են եղել»,- նկատեց պաշտպանը: Նա ենթադրեց նաեւ, որ Այվազյանին Կենտրոն տեղափոխելը պատճառ է ունեցել՝ «6»-ը վերեւից տրված հանձնարարությունը Այվազյանի մասով չէր կատարել: «Չի բացառվում, որ գեներալ Գիզիրյանին աշխատանքից հանեցին Ս. Այվազյանի պատճառով: Ի վերջո, Գիզիրյանը կռված անձնավորություն է, եւ իրեն բարոյական իրավունք չի վերապահել գործ սարքել իր մարտական ընկերոջ, իր հրամանատարի գլխին, ուստի՝ ուղարկել է Կենտրոնի բաժին՝ դուք արեք»,- պարզաբանեց Հ. Արսենյանը:

Տեսնելով, որ դիմադրության մեղադրանքը Այվազյանին ոչ մի կերպ «չի կպնում», ՀՔԾ-ն հիշել է, որ «6-րդ վարչություն» բերման ենթարկելիս Ս. Այվազյանի ծոցագրպանից հայտնաբերել են բացվող մահակ: «Այվազյանը մարտական զենք կրելու իրավունք ունի, նա որսորդմիության անդամ է եւ ունի երկու որսորդական օրինական հրացան՝ կարաբին, ինչի մասին իրավապահները տեղյակ են: Այդուհանդերձ, Ս. Այվազյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 4-րդ մասով, որովհետեւ դա, ըստ փորձագետի, «ջարդող, փշրող սառը զենք է», լախտա: Չինական արտադրության այդ մահակը վաճառվում է ՀՀ որսորդմիության խանութներում եւ վաճառվել է որսորդմիության անդամներին: Դա գնելու համար թույլտվություն չի պահանջվում. բավական է ներկայացնել որսորդմիության տոմսը: Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները իշխանության ձեռքին դարձել են գործիք՝ ընդդիմախոսների նկատմամբ հետապնդում իրականացնելու համար: 3-4 ամիս է՝ գործը քննում են, նոր որոշեցին այդ հոդվածը ավելացնել»,- ասաց Հ. Արսենյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել