Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Գուլյանի գործով

Հուլիս 10,2008 00:00

Այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում կսկսվի «Պանդոկ» ռեստորանի հանգուցյալ տնօրեն Լեւոն Գուլյանի գործով դատավարությունը:

Անցյալ տարվա մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքի պատուհանից ցած նետված Լեւոն Գուլյանի հանելուկային մահվան հարցին անդրադարձել են մի շարք միջազգային, տեղական հեղինակավոր կազմակերպություններ, ԱՄՆ Պետդեպարտամենտը, նաեւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության փոխնախագահ Արման Դանիելյանը երեկ «Առավոտին» ասաց, որ, հետեւելով Լեւոն Գուլյանի մահվան գործի հետ կապված զարգացումներին, այդ թվում՝ միջազգային արձագանքներին եւ դատավարությանը, խիստ դրական են գնահատել դատարանի կողմից ընդունված որոշումը՝ Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության վերսկսման վերաբերյալ:

«Հատկանշական է, որ դատարանը մատնանշել է բազմաթիվ թերացումներ թե՛ դատախազության, թե՛ ոստիկանության աշխատանքներում, հատկապես՝ նախաքննական մարմինների գործողություններում: Այս որոշումը նշանակում է, որ քննություն իրականացնողները չեն փորձել լիարժեք բացահայտել Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքները: Թվում էր, թե այս որոշումից հետո դատախազությունը, որ վերջերս խոսում է իր լիակատար անկախության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հասարակության մեջ վստահություն ձեռք բերելու մասին, ամենայն լրջությամբ կմոտենա այս հարցին եւ, չնայած կորցրած ժամանակին, կփորձի բացահայտել գործն ու հանրությանը բացատրել, թե ինչպես է լինում, որ ՀՀ քաղաքացին առողջ վիճակում ինքնակամ մտնելով ոստիկանության շենք՝ այնտեղ մահանում է: Կարծում էինք նաեւ, որ կբացահայտվեին եւ խստագույնս կպատժվեին Լեւոն Գուլյանի մահվան բոլոր մեղավորները: Դրանով իսկ լուրջ քայլ կարվեր հասարակության վստահությանը արժանանալու ուղղությամբ:

Արդյունքում՝ մենք ունենք իրավիճակ, երբ մի կողմից դատարանը 17 կետով հիմնավորում է, որ գործը պատշաճ քննություն չի ունեցել եւ կարճվել է անհիմն, մյուս կողմից՝ դատախազությունը, հաշվի չառնելով բերված ակնհայտ փաստարկները, չի ուզում, որ վերսկսվի գործի քննությունը: Սա առավել եւս անհասկանալի է, հաշվի առնելով, որ այն դեպքում, երբ Մատաղիսի գործով, որտեղ մեղադրվում էին շարքային զինծառայողներ, վճռաբեկ դատարանը հիմնավորված չհամարելով ներկայացված մեղադրանքը՝ գործն ուղարկեց լրացուցիչ քննության, իսկ դատախազությունը կրկին մեղադրում է նույն մարդկանց, նույն հանցագործության մեջ: Հուսով ենք, որ դատախազությունը կգտնվի այնքան սկզբունքային, ինչքան որ հռչակվում է, կվերանայի իր մոտեցումները եւ, վերջապես, կբացահայտի Լեւոն Գուլյանի մահվան բոլոր հանգամանքները: Մահվան հանգամանքները մեկ տարուց ավելի է՝ ստվեր են գցում ոստիկանության բոլոր աշխատակիցների վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Արման Դանիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել