Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՎԱՐԸ՝ ՊԵԿԻՆՈՒՄ

Հուլիս 10,2008 00:00

\"\"Լիբանանահայ Հարություն Չոբանյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում ու նաեւ Հայաստանի քաղաքացի է, Պեկինում կայանալիք ամառային 29-րդ օլիմպիական խաղերում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից նշանակվել է Հայաստանից մրցավար եւ կազմկոմիտեի տեխնիկական հանձնաժողովի անդամ:

Այս օրերին Հարություն Չոբանյանը Հայաստանում է: «Առավոտը» երեկ հանդիպեց նրան:

– Պարոն Չոբանյան, հայ մարզասերը Ձեզ գրեթե չի ճանաչում: Կարո՞ղ եք հակիրճ պատմել Ձեր մասին:

– Ծնվել եմ Լիբանանում, իսկ 1975-ին՝ գաղթել Ամերիկա: Ծանրամարտով զբաղվել եմ դեռ երիտասարդ տարիներից ու վատ արդյունքներ չեմ ունեցել: Մասնակցել եմ Մելբուռնի (1956թ.) եւ Հռոմի (1960) օլիմպիական խաղերին, 1957-ին Իրանում դարձել աշխարհի չեմպիոն, 1954 եւ 1959 թվականներին Եգիպտոսում նվաճել եմ Արաբական երկրների հաղթողի կոչումը, 55-ին Բարսելոնում անցկացված Միջերկրածովյան երկրների առաջնությունում դարձել 3-րդ մրցանակակիր, 1975-ին ԱՄՆ-ում ճանաչվել եմ վետերան մարզիկների առաջնության հաղթող: Այսպես կարելի է երկար շարունակել:

– Մրցավարի կենսագրությունը ե՞րբ է սկսվել:

– Մինչ այդ, 1965-1970 թվականներին, մարզել եմ Իրաքի ոստիկանական թիմը, Լիբանանում՝ ակումբային թիմեր, իսկ 1984-ին Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ժամանակ ԱՄՆ-ի հավաքականի մարզիչներից էի:

Առաջին լուրջ մրցավարությունս, կարելի է ասել, եղել է 1965-ին՝ Իրանում անցկացված աշխարհի առաջնությունում: Դրանից հետո մշտապես սպասարկել եմ բազմաթիվ բարձրակարգ մրցումներ՝ տարածաշրջանային, համաշխարհային ուսանողական խաղեր, աշխարհի առաջնություններ: Հավանաբար, մասնագիտական որակներս նկատի ունենալով, ինձ ընտրել են Ծանրամարտի ասիական ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի անդամ, իսկ երկու տարի առաջ՝ նաեւ IWF-ի տեխնիկական կոմիտեի անդամ:

– Դուք՝ որպես մարզիկ, մարզիչ եւ մրցավար, ներկա եք եղել մարզաձեւի գրեթե բոլոր նշանակալի մրցումներին եւ, անկասկած, աշխարհի տարբեր անկյուններում հանդիպել եք Հայաստանի եւ սփյուռքի Ձեր հայրենակիցներին:

– Այո: Պատիվ եմ ունեցել 1957 թվականին միեւնույն մրցման ժամանակ հանդես գալ հանրահռչակ Չմշկյանի հետ, առայսօր Բուլղարիայի ազգային հավաքականի երկար տարիների մարզիչ Նորայր Նուրիկյանի հետ բավականին մտերիմ կապերի մեջ ենք: Իսկ ավելի ուշ ծանոթացել եմ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի հետ:

– Ե՞րբ իմացաք, որ IWF-ն Պեկինում Ձեզ նշանակել է Հայաստանի կողմից մրցավար եւ տեխնիկական կոմիտեի անդամ:

– Բառացիորեն վերջերս: Եվ շատ ոգեւորված եմ: Կարծում եմ, օլիմպիական մրցումներին իմ ներկայությունը մեր ծանրորդներին վստահություն կներշնչի:

Հ. Գ. Հարություն Չոբանյանի հետ զրուցում էինք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, Հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի աշխատասենյակում: Մեր վերջին հարցին փոխնախարարը արձագանքեց այսպես. «Այսօր Հայաստանի ծանրամարտի դպրոցը լուրջ հեղինակություն է վայելում աշխարհում: Գիտեք, որ Պեկինում աղջիկների առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճել է միայն Մելինե Դալուզյանը: Վերջին ամիսներին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, մեր ֆեդերացիան պաշտոնական նամակներով բազմիցս դիմել են միջազգային ֆեդերացիա՝ Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին նույնպես Պեկին մեկնելու հնարավորություն ընձեռելու խնդրանքով: Ցավոք, դա հնարավոր չեղավ: Սակայն IWF-ի նախագահ Թամաշ Այանը Կոլումբիայում, աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ինձ ասաց, որ իրենք որոշել են Հարություն Չոբանյանին որպես Հայաստանի ներկայացուցիչ ընդգրկել տեխնիկական կոմիտեի եւ մրցավարական անձնակազմ: Ես կարծում եմ, որ դա նաեւ ինչ-որ չափով փոխհատուցման քայլ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել