Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հեքիաթները՝ ադրբեջանական մատենաշարում

Հուլիս 10,2008 00:00

\"\"Ըստ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանի, քաղաքականությունը չի խանգարում կոնֆլիկտ

ունեցող երկրների հրատարակիչներին:

«Առավոտը» Վրաստանում վերջերս անցկացված Սեւծովյան երկրների համագործակցության միջազգային կազմակերպության անդամ երկրների գրքի առաջին փառատոնին հայ պատվիրակության մասնակցության մասին զրուցեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանի հետ: Նա հայտնեց, որ մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան, Մոլդովան, Ուկրաինան, Ռումինիան եւ Թուրքիան: Անցկացվել են գրահրատարակիչների հանդիպումներ, սեմինարներ:

Հարցին՝ ասոցիացիայի նախագահը ինչպե՞ս է պատկերացնում հայաստանցի հրատարակիչների համագործակցությունը ադրբեջանցի եւ թուրք գործընկերների հետ, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք արդեն չորս տարի մասնակցում ենք Ստամբուլի միջազգային տոնավաճառին, իսկ Ադրբեջանի մեր կոլեգաների հետ շփվել ենք հիմնականում Թբիլիսիում կայացած սեմինարների ու համաժողովների, ինչպես նաեւ Ֆրանկֆուրտի գրքի համաշխարհային տոնավաճառի ժամանակ: Ընդ որում, ադրբեջանցիները ձեռնամուխ են եղել տարբեր ժողովուրդների հեքիաթների մատենաշարի հրատարակմանը՝ ազգային լեզվով եւ արդեն լույս են տեսել հայկական ժողովրդական հեքիաթները՝ հայերեն: Մենք էլ ծրագրել ենք հրատարակել Սայաթ-Նովայի երկերի ժողովածուն՝ նաեւ ադրբեջաներեն ու վրացերեն»: Հետաքրքրությանը՝ ադրբեջանցիները հայերեն տպագրած հայկական ժողովրդական հեքիաթները որտե՞ղ են սպառելու, մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե այդ տպաքանակը հիմնականում բաշխվում է գրադարաններին, հավելելով, որ հրատարակիչները, ի տարբերություն քաղաքագետների, պետական գործիչների՝ տարբերվում են իրենց ազատ շփումներով. «Միջազգային ասպարեզում գրքի հրատարակչական գործը ենթադրում է գրքի միջոցով արտահայտել ու տարածել ցանկացած գաղափար: Օրինակ, միջազգային տոնավաճառներում նույնիսկ քաղաքական առումով ամենախիստ, ծանր իրավիճակներում հայտնված երկրները հրատարակում են ծայրահեղ, իրարամերժ տեսակետներ արտահայտող գրքեր, սակայն ոչ ոք չի արգելում դրանց ցուցադրությունը, հեղինակային իրավունքների ու տպաքանակների վաճառքը: Թեեւ «Սեւծովյան գրքի փառատոնն» առաջինն էր, բայց անդամ երկրների հրատարակիչներիս միջեւ համագործակցությունը սկսվել է 5 տարի առաջ ու զարգացում ապրել»: Դիտարկմանը՝ ընթերցանության ներկայիս տագնապալի վիճակը հաճախ բացատրվում է համակարգիչների առկայությամբ, սոցիալականով եւ այլնով, Վ. Խաչատրյանն ասաց. «Պետք է արտոնություններ տրվեն գրախանութ բացելու ցանկություն ունեցող գործարարներին: Եվրամիության երկրների օրինակով, գրքի իրացման ավելացված արժեքի հարկը սահմանել 5%, իսկ փոստային առաքումների համար՝ 50% զեղչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել