Նոր պատկերասրահի հիմնադիրները համոզված են, որ այն ուրիշ ձեռագիր կունենա
Հուլիսի 12-ին Թումանյան 38 հասցեում կբացվի եւս մեկ մասնավոր պատկերասրահ՝ «Gallery 1»-ը, որի հիմնադիրները լրագրողներ են՝ Արամ Հարությունյանն ու Արմինե Անտիկյանը, համադրողը Եվա Խաչատրյանն է: Ցուցասրահի բացումը կուղեկցվի «Հայ ժամանակակից արվեստը. պատմություն, սերունդներ…» խորագրով քննարկմամբ եւ Մինաս Ավետիսյանի էքսպերիմենտալ չորս գործերի ներկայացմամբ: Նախաձեռնությունը նվիրված է մեծանուն արվեստագետի ծննդյան 80-ամյակին:
«Առավոտի» հետ զրույցում Ա. Անտիկյանը նշեց, թե իրենց ցուցասրահը կտարբերվի եղածներից՝ այն իմաստով, որ կներկայացնեն հիմնականում ժամանակակից, մեր կողքին ապրող-ստեղծագործող արվեստագետներին ու շեշտը կդնեն քննարկումների, հանդիպումների վրա. «Ուղղակի ուզում ենք ստեղծել մի չեզոք գոտի, քաղաքականությունից եւ թշնամանքից զերծ մի տարածք, որտեղ արվեստագետները մտքեր կփոխանակեն ու ազատ կստեղծագործեն»: Մինասի որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը հույս ունի, որ «Gallery 1»-ը նոր շունչ կբերի մեր քաղաքին, նրա ձեւակերպմամբ՝ «կգոյանան» մարդիկ, ովքեր կոնկրետ արտ-բիզնեսով կզբաղվեն, իսկ ցուցասրահը կհամախմբի այն արվեստագետներին, արվեստաբաններին ու արվեստասերներին, որոնք կուզենան նոր խոսք ասել ու ներգրավված լինել կենդանի շփումներում:
«Քանի որ այս տարի Մինասի 80-ամյակն է ու այդ առիթով մի շարք կարեւոր մշակութային իրադարձություններ են սպասվում՝ իր ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում, Ջաջուռի թանգարանում, նաեւ Մոսկվայում, «Gallery 1»-ի շնորհիվ էլ հրաշալի առիթ է ներկայանում, որ քննարկում կազմակերպվի՝ վերելքի տարիներ համարվող 60-ականները նորովի վերլուծելու եւ ինչ-ինչ հետեւություններ անելու համար: Նոր սերունդը պիտի փորձի իր գնահատականները տալ, եւ դա կարվի Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղի անմիջական մասնակցությամբ: Կմասնակցեն նաեւ Վարդան Ազատյանը, Նազարեթ Կարոյանը, Վարդան Ջալոյանը, անպայման՝ 60-ականների հետ անմիջականորեն կապ ունեցող Ռուբեն Անգալադյանը»,- ասաց Ա. Անտիկյանը: Ն. Ավետիսյանը հավելեց. «Այն հարցը, թե ի՞նչ տվեց 60-ականների արվեստը կամ արվեստագետները, շարունակում է հետաքրքրել սերունդներին… Օրինակ, 70-ականներին առաջադեմ սերունդը գտնում էր, որ այն տվեց ազատության, հայրենասիրության եւ անկախության մոդելի երազանքի հավատը, ինքնագիտակցում, ինչ-ինչ մոդեռնիստական, այլախոհական տարրեր ի հայտ եկան: 80-ականների սերունդն էլ ոգեւորվում էր՝ հիշելով իրենց հայրերի անցած ուղին եւ արդյունքում՝ ռադիկալ, ավանգարդիստական քայլերի էր դիմում: 90-ականներին եւս խոսում էին ու ազգայինի հարց դնում: Հիմա շատ ավելի գլոբալ են այդ հարցերը, նշանակությունը՝ ազգային, միջազգային, համամարդկային արժեքների կոնտեքստում: Այսօրվա սերունդը պահանջում է նոր մեկնաբանություններ, ուզում է ամեն ինչ նորովի ճանաչել, հասկանալ»:
Ն. Ավետիսյանից հետաքրքրվեցինք Մինասի 4 աշխատանքներով: «Դրանք պատկանում են Մինասի ո՛չ ավանդական վրձնին… Նա քաջություն է ունեցել մտնել այնպիսի տարածքներ, որտեղ ուրիշ նկարիչ չէր համարձակվի՝ վախենալով կորցնել ֆորման, ձեւը ու հայտնվել վերացականության, ձեւապաշտական թվացող դաշտում… Այդ փորձերում մենք կարող ենք տեսնել ուրիշ տեսակ մտածող արվեստագետի, որ ավելի շատ ձգտում է վերացականության, ընդհանրացված ձեւերի, մակերեսների վերափոխման: Այդ չորս աշխատանքները մեծ չեն չափերով, դրանցից երկուսը ինքնանկարներ են, մեկը վերացական կոմպոզիցիա, մյուսը՝ սիմվոլիստական լուծման առումով սիլուետ է, ավելի շուտ կանացի գլուխ կամ բյուստ, որտեղ դեմք չկա, ծավալ չկա, հարթապատկերային նարնջագույն երանգներ են, այսինքն՝ խոսելու եւ հետագա հետազոտությունների համար բավական հետաքրքիր նյութ»,- հոր ստեղծագործություններն այսպես մեկնաբանեց Նարեկը:
Ա. Անտիկյանը տեղեկացրեց, որ իրենց հաջորդ նախագիծը հավանաբար նվիրված կլինի Արշիլ Գորկուն: