Քաղծառայության խորհուրդը ինքն իրեն սխալ է հանում
Հասմիկ Պողոսյանը, տեղեկանալով, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետի թափուր պաշտոն կա, այն զբաղեցնելու նպատակով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ՝ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Նրա կողմից ներկայացված փաստաթղթերը մանրամասն ուսումնասիրվել են մրցութային հանձնաժողովի կողմից, որից հետո, թերություն չգտնելով, նրան թույլատրվել է մասնակցել մրցույթին:
Հ. Պողոսյանը բարեհաջող մասնակցել է մրցույթին եւ մրցութային հանձնաժողովի փետրվարի 8-ի թիվ 4 որոշմամբ ճանաչվել է հաղթող: Այդ հիմքով նա դիմում է ներկայացրել նախարարության աշխատակազմի ղեկավարին՝ աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետի պաշտոնում իրեն նշանակելու խնդրանքով: Դիմումի կապակցությամբ տիկին Պողոսյանը նախարարությունից պատասխան չի ստանում, փոխարենը՝ ստեղծված անհեթեթությունը կոծկելու լիազորությունն իր վրա է վերցնում քաղծառայության խորհուրդը: Խորհրդի աշխատակազմի ղեկավարը չինովնիկին վայել կեցվածքով իր փետրվարի 29-ի թիվ 3-348 գրությամբ նախ «սիրաշահել» է մրցույթի հաղթողին՝ իր նամակում գրելով, որ նա իրոք հաղթել է, ապա խորհրդին եւ նախարարությանը ջրից չոր դուրս հանելու նպատակով, նշել է օրենքի մի քանի հոդվածներ, որոնք իբր խախտվել են. «Նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից Ձեզ տվյալ պաշտոնում չնշանակելը, ըստ վերջինիս տված պարզաբանումների, պայմանավորված է եղել նրանով, որ աշխատանքային ստաժին առնչվող Ձեր ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին»: Քաղծառայության մասին օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, «մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքով սահմանված պահանջները»: Իսկ 11-րդ հոդվածից բխում է, որ քաղծառայողի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Կարելի է եզրակացնել, որ մրցութային հանձնաժողովը, Հ. Պողոսյանին թույլատրելով մասնակցել բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթին, արդեն իսկ հաստատել է, որ նա համապատասխանում է 11-րդ հոդվածի պահանջներին: Իսկ եթե օրենքի պահանջով տիկին Հասմիկը «արժանի» չէր այդ պաշտոնին, ապա ի՞նչ իրավունքով է խորհուրդը չարաշահել իր դիրքը եւ նրան թույլ տվել մասնակցել մրցույթին, դեռ ավելին՝ մրցույթում էլ հաղթող ճանաչել: Տեղեկացնենք, որ նախարարության աշխատակիցը օրենքով պարտավոր էր 3 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձին նշանակել համապատասխան պաշտոնում, իսկ հաղթածին պաշտոնում նշանակելը մերժելու իրավասություն մեր երկրում որեւէ իրավական ակտով սահմանված չէ: Սակայն Հասմիկ Պողոսյանը չի զբաղեցնում իր «վաստակած» պաշտոնը: Նա «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ բաժնի պետի պաշտոնում նշանակելն իրեն այլեւս չի սպառնում եւ հարկադրված է դիմել ՀՀ վարչական դատարան:
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Հ. Գ. Երեկ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն «Առավոտին» ուղարկած մեկուկես էջանոց պաշտոնական պարզաբանման մեջ տեղեկացրել է. «Տիկին Պողոսյանի աշխատանքային գրքույկում հենց սոցիալական աջակցության «Օգնիր եւ օգնություն կգտնես» ֆոնդի՝ հասարակական կազմակերպություն լինելու մասին նշման բացակայությունն էլ մրցութային հանձնաժողովի համար հիմք է եղել Պողոսյանին մրցույթի մասնակցության թույլտվություն տալու համար: Սակայն ՀՀ ազգային արխիվին ուղարկված հարցումներին ի պատասխան՝ գրավոր տեղեկացվել է, որ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության 1992-96թթ. փաստաթղթերում «Սոցիալական աջակցության ֆոնդ» անվանումով ստորաբաժանման եւ Հասմիկ Պողոսյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություն չի հայտնաբերվել: Մենք տեղյակ ենք, որ տիկին Պողոսյանը դժգոհել է նաեւ ՀՀ ՔԾ խորհրդից, մասնավորապես նշելով, թե խորհուրդը մի կառույց է, որը սերտաճել է նախարարությունների հետ եւ տվյալ դեպքում տուրք է տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի՝ քննությունը տապալելու եւ «իր գլխին սարքելու» «հրահանգին»: Պետք է հիշեցնել, որ փետրվարի 8-ին կայացած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման մրցույթի արդյունքում միակ հաղթող է ճանաչվել հենց տիկին Պողոսյանը, ինչը, համաձայնեք, այնքան էլ չի տեղավորվում նրա բնորոշումների շրջանակներում»: