«Հայոց կանանց շարժումը» պահանջում է ազատել «Պիցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Ղավալյանին:
Երեկ ՀՀ նախագահի նստավայրի առաջ «Հայոց կանանց շարժումը» կազմակերպել էր ցույց՝ ի պաշտպանություն Անուշ Ղավալյանի: Նրանք պահանջում էին ազատ արձակել կալանքի տակ գտնվող Ա. Ղավալյանին, քանի որ համոզված էին, թե նրան կալանավորել են անօրինական: Ցուցարարները, տեսնելով, որ ՀՀ իշխանությունների ուշադրությունը հետզհետե նվազում է իրենց կազմակերպած ակցիաների նկատմամբ, այս անգամ որոշել էին կերպարանափոխվել: Նրանք մատուցողի հագուստ էին հագել եւ կրծքներին փակցրել էին թղթեր, որոնց վրա գրված էր՝ «Ես Անուշ Ղավալյանն եմ»: Անահիտ Գրիգորյանի խոսքերով, դա նշանակում է, որ «այստեղ ցանկացածս էլ կարող էինք լինել Անուշի փոխարեն: Յուրաքանչյուրս էլ Անուշ Ղավալյանի որբ երեխաների մորաքույրն ենք ու սատար ենք կանգնում նրան»: Ակցիայի մասնակիցներից շատերը փակցրել էին «Հաղթելու ենք» կարգախոսով կրծքանշաններ: Կանայք, թափահարելով Անուշ Ղավալյանի լուսանկարը, բղավում էին. «Ազատ, անկախ Հայաստան», «ԱնՍերժ, ԱնՌոբ Հայաստան», «Ազատություն Անուշին»:
«Հայոց կանանց շարժման» ղեկավար Արմինե Գյուլգյուլյանի խոսքերով՝ Ա. Ղավալյանը մեղավոր չէ, քանի որ մարտի 21-ից կալանավորվել է ու մինչեւ հիմա նրան չեն ասում, թե ինչ է արել. «Չեն էլ ուզում ընդունել այն փաստը, որ Անուշն այնտեղ ձեւակերպված է եղել որպես գանձապահ, սակայն աշխատել է մատուցող: Նրան ձերբակալելը պատճառաբանում են այն բանով, որ նա չի աշխատել ՀԴՄ-ով եւ նպաստել է նրան, որ իրենք հարկային դաշտից դուրս մնան, այնինչ, նա ընդամենը մատուցողուհի էր: 10 տարի առաջ Անուշի ամուսինը մահացել է, նա անչափահաս տղա ունի, դուստրն էլ ուսանող է, երեխաները մնացել են Անուշի մոր խնամքին, որը, սակայն, վատառողջ է: Իշխանությունների կայացրած որոշումը ցույց կտա՝ մենք ժողովրդավարակա՞ն երկիր ենք, թե՞ բռնապետական»: Անուշ Ղավալյանի դուստր Ինեսան մեզ հետ զրույցում ասաց, որ մայրիկին շատ է կարոտել. «Իր առողջությունը վատ է, ես շատ եմ խնդրում այս իշխանություններին, որ ազատ արձակեն իմ մայրիկին, նա մեղավոր չի»: Կալանավորվածի մայրը՝ Դավթյան Լիդան, վրդովված ասաց. «Չեմ հասկանում, մի՞թե այս քաղաքում մատուցող աշխատելը հանցագործություն է: Ես կարծում եմ, որ իմ երեխան անմեղ զոհ է»: Նա դժգոհեց, որ ֆինանսապես ի վիճակի չէ երեխաներին պահել. «Ինչո՞վ պահեմ, երեխան 6 հազար դրամ թոշակ է ստանում, դրանով ենք յոլա գնում: Տղան էլ 15 տարեկան է, ամեն օր ուղարկում եմ աշխատանքի, որ գոնե 1000-1500 դրամ աշխատի՝ ապրենք»: Ա. Ղավալյանի փաստաբան Դիանա Գրիգորյանը նշեց, որ 1 շաբաթ առաջ է իր պաշտպանյալին տեսել. «Ճնշման անկումներ է ունենում, սուր նեւրոզ ունի: Մենք բազմիցս միջնորդություններ ենք ներկայացնում, սակայն մեղադրող մարմնին ոչինչ չի հետաքրքրում, նրանց պետք է միայն այն, որ այս գործով շատ ձերբակալվածներ լինեն»: Մոտ 30 րոպե ցուցարարների բղավոցները լսելուց հետո, նրանցից մի քանիսին նախագահականից ընդունեցին, սակայն ոչ թե նախագահի աշխատակազմի, այլ դատախազության աշխատակիցները: Ակցիայի մասնակիցները դժգոհելով դրանից, նախօրոք պատրաստված նամակը հանձնել էին նախագահականի նամակների բաժին՝ պահանջելով, որ նախագահը հետամուտ լինի գործի արդար քննությանը: