Լրահոս
Օրվա լրահոսը

3 ՀԱԶԱՐ ԲՆԱԿԱՐԱՆ՝ 3 ՏԱՐՈՒՄ

Հուլիս 10,2008 00:00

\"\"Վարչապետը խոստացավ գյումրեցիներին «դոմիկներից» փրկել

Չնայած գյումրեցիները վաղուց կառավարությանը չեն վստահում եւ ՀՀ իշխանությունների խոստումներին այլեւս չեն հավատում, այնուամենայնիվ, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրի կատարած այցի ժամանակ մեկ անգամ էլ փորձեց նրանց մեջ հավատ արթնացնել, վստահեցնելով, որ նոր կառավարությունը աղետի գոտու մասին մտածում է: Նա Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի եւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղեկցությամբ շրջեց Գյումրիի այն թաղամասերում, որտեղ մտադրված են բնակարանաշինություն իրականացնել: Տպավորություն էր ստեղծվել, որ Տիգրան Սարգսյանը մարզի պաշտոնյաներին այնքան էլ չի վստահում. ինչի մասին խոսք էր գնում՝ վարչապետը փորձում էր սեփական աչքով տեսնել ու համոզվել: Նա այցն սկսեց Ախուրյանից, որտեղ առաջին անգամ պարսկահայերի ներդրմամբ կառուցվում են մասնավոր քոթեջներ: Ըստ պաշտոնական տեղեկատվության, դրանք հետագայում պետության միջոցներով՝ ԲԳՎ ծրագրով, գնվելու են ախուրյանցի անօթեւանների համար: Տ. Սարգսյանը մարզի պատասխանատուներից հետաքրքրվեց՝ արդյոք ազա՞տ են այն տարածքները, որտեղ բնակարանաշինություն է ծավալվում: Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը զեկուցեց, որ թեեւ դրանք սեփականաշնորհված են, սակայն կարելի է սեփականատերերից հետ գնել:

«Գնե՞լ, մոռացեք դա, դուք, իմանալով, որ ծրագիր է իրականացվելու, բռնել- սեփականաշնորհե՞լ եք, ինչի՞ համար էիք սեփականաշնորհում, որ հիմա էլ հետ եք գնում, ազատ տարածքներում շինարարություն սկսեիք կամ էլ ազատ տարածքները սեփականատերերի հետ փոխանակեք»,- գյուղապետին հակադարձեց վարչապետը, ակնարկելով, որ հանկարծ մտքներով չանցկացնեն համայնքի փողերը սրտի ուզածի ձեւով ծախսեն ու իրենց «ֆռռացնեն»: Այնուհետեւ Տ. Սարգսյանն ուղեւորվեց Գյումրիի ամենածայրամասային ու անհրապույր թաղամասերից մեկը՝ Մուշ, որտեղ մի ամայի տարածքում նախատեսված է 1600 բնակարան կառուցել:

Նշենք, որ Մուշն այն թաղամասն է, որտեղ ո՛չ նորմալ տրանսպորտ է երթեւեկում, ո՛չ ճանապարհներն են բարվոք, ինչի հետեւանքով էլ այդ թաղամասի բնակիչներից շատերը դռները կողպել ու հեռացել են: Քաղաքապետի առաջարկին, թե կարելի է բազմաբնակարանները պահել քաղաքի կենտրոնի համար, վարչապետն անմիջապես հակաճառեց. «Ափսոս չի՞ քաղաքի կենտրոնը էժան շենքերի համար օգտագործել, կենտրոնում էլիտար շենքեր կառուցեք»: Տ. Սարգսյանը նաեւ հանձնարարեց տարածքն օգտագործել ավելի արդյունավետ եւ 4-ի փոխարեն 5 հարկանի շենքեր կառուցել: «Հիմա Ճապոնիայում բազմահարկ ու սեյսմակայուն շենքեր են կառուցում»,- քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին իր մտահղացումն այսպես հիմնավորեց վարչապետը: «3 հազար բնակարան ենք կառուցելու, որպեսզի գյումրեցի անօթեւանների խնդիրներն ամբողջությամբ լուծենք: Պետք է այնպիսի թաղամասեր սարքենք, որ քաղաքացիների համար ապրելը հաճելի լինի: Օրինակ, Անի թաղամասն ունի բավականին բարձր համբավ գյումրեցիների շրջանում, եւ գյումրեցիները ցանկանում են ապրել այդ թաղամասում, եթե մենք այնտեղ կառուցենք 500-600 բնակարան, դա կողջունվի: Ճիշտ է, Մուշը ծայրամասային թաղամաս է, բայց եթե մենք այնտեղ կառուցենք շուրջ 1400 բնակարան, դա նշանակում է, որ մենք նոր շունչ ենք հաղորդելու, բերելու ենք նոր մշակույթ, գեղեցիկ միջավայր եւ, կարծում եմ, որ Մուշի համբավը կհավասարվի Անիի համբավին, դա շուրջ 80 միլիարդի ներդրում է»,- իրենց ծրագիրը գովերգեց վարչապետը: Նա շինարար-մասնագետներից մեկի հետ ծանոթանալիս հարցրեց՝ «Ճի՞շտ է, որ դուք բոլոր շինարարական վեճերի դատավորն ենք, ձեր վճիռները բողոքարկման ենթակա չեն, որովհետեւ արդար են, անվիճելի, այսօր էլ մեր որոշումների տակ դուք եք կնիք դնելու, որովհետեւ բախտորոշ որոշումներ ենք կայացնելու գյումրեցիների համար, այլեւս վաուչերներով բնակարան ձեռք բերել հնարավոր չէ, բնակֆոնդն էլ սպառվել է, դրա համար էլ ձեզ՝ շինարարության բոլոր աստղերիդ այստեղ ենք հավաքել»:

Շիրակի մարզպետարանում Տ. Սարգսյանին բողոքավորների հսկա բանակ էր սպասում, որոնք հետաքրքրվում էին, թե մինչեւ ե՞րբ են փլուզված տների մեջ ապրելու: Վարչապետին ուղեկցողներից մեկի այն դիտողությանը, թե Տիգրան Սարգսյանը վթարային շենքերի մասին է մտածում, բնակիչները հեգնանքով հակադարձեցին. «Փլուզվելուց հետո՞ է մտածելու»: Վարչապետին դժգոհ գյումրեցիներից փրկեցին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նոր թիկնապահները, որոնք աջ ու ձախ վիրավորում էին բնակիչներին ու լրագրողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել