Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջ տալ ճենճահոտ երաժշտությանը

Հուլիս 10,2008 00:00

Գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր, դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը երեկ լրագրողների աջակցությունը խնդրեց մի հարցում, որն այսօր շատերին է անհանգստացնում: Խոսքը Հրազդանի ձորում գործող ռեստորանների եւ դրանցից հնչող անճաշակ երաժշտության մասին է, որն օր ու արեւ չի տալիս «Գրականություն» կոոպերատիվի բնակիչներին՝ ճանաչված նկարիչ Հակոբ Հակոբյանին, Ալվարդ Պետրոսյանին, հասարակական եւ մշակույթի այլ գործիչների ու նաեւ՝ մյուս երեւանցիներին, ովքեր բնակվում են այդ տարածքի շենքերում. «Հայոց եղեռնի հուշահամալիրի եւ մեր շենքերի հարեւանությամբ մի քանի ռեստորաններ են գործում, որտեղից մեկը ռուսական բլատնոյ է հեռարձակում երեկոյան ժամը 19-ից մինչեւ գիշերվա ժամը 2-3-ը, մյուսը՝ արաբա-թուրքական շիքաստիների հանգույն, մոտավորապես, որպեսզի պատկերացնեք իմ եւ ոչ միայն իմ վիճակը, Թաթային լսելը՝ ոնց որ Հենդել լսեք: Շաբաթ-կիրակի օրերը դրանք ուղեկցվում են հրավառությամբ: Նայած փողի, հարստության չափին՝ կրակոցների թիվը դժոխք է, չեք պատկերացնում: Մեր շենքում 10-րդ հարկ կառուցվեց, մեր սքանչելի գեղանկարիչ Հակոբ Հակոբյանին որպես նվեր թույլ տվեցին, որ այդ 10-րդ հարկը կառուցի որպես արվեստանոց-բնակարան: Եվ այս խեղճ մարդը եւ իր նույնքան սքանչելի տիկինը՝ Մարին, ուղղակի ողբերգություն են ապրում այդ պատճառով: Մեր մասին չենք ասում, նրանք ավելի քիչ են տնից դուրս գալիս… Այնպիսի դժոխք է, այնպիսի տեռոր, ասում են՝ քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կարգավորի, բայց մենք մի քանի տարի է՝ տեռորի տակ ենք: Այդ երգեցողությունից, այդ հրավառությունից ճենճահոտ է գալիս: Էդքան կարելի՞ է ուտել… անվերջ ուտում են, անվերջ ծամում են ու չեն կշտանում»:

«Առավոտը» հիշեցրեց, որ Հրազդանի ձորի (եւ ոչ միայն) ռեստորանների տերերը շարքային քաղաքացիներ չեն՝ իշխանության ներկայացուցիչ են կամ իշխանության «կրիշայի» տակ բարգավաճող գործարարներ: Ուրեմն, ինչո՞ւ իշխանությունները «բարոյապես եւ էկոլոգիապես» չեն փորձում մաքրել Հրազդանի ձորը: Ի պատասխան, իշխանության մաս կազմած կուսակցության ներկայացուցիչ Ալվարդ Պետրոսյանը պատմեց հետեւյալը. «Մի օր այդ նույն ռեստորաններից մեկի տերը բարձրախոսով հայտարարեց, որ Ալվարդ Պետրոսյանի պատվին իր հարեւանների համար երգում են «Պառավ յարս»: Եվ ես հասկացա, որ այստեղ ոչ մի Ազգային ժողով… հիմա մտածեցի, որ չգիտեմ, որ պատգամավորն է այդտեղ ռեստորանի տերը (լրագրողները հուշեցին՝ Սամվել Ալեքսանյան- Մ. Ե.), հենց իր պահվածքով շատ լավ գնահատում է ԱԺ հնարավորությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել