Երեկ The Wall Street Journal-ում հրապարակվել է Սերժ Սարգսյանի հեղինակած հոդվածը, որում նա հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամության մասին:
«Ես առաջարկում եմ նոր մեկնարկ եւ երկխոսության նոր փուլի սկիզբ Թուրքիայի ժողովրդի ու կառավարության հետ՝ մեր հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման նպատակով: Փետրվարին իմ՝ նախագահ ընտրվելուց հետո, թուրք գործընկերս՝ Աբդուլլա Գյուլը, առաջիններից էր, ով շնորհավորեց ինձ, իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց, որ բաց են նոր շրջանում նոր երկխոսություն սկսելու դռները»,- ըստ «Մեդիամաքսի», գրել է Սարգսյանը «Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ» վերնագրված այդ հոդվածում: «Մեր երկրների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի: Ես հույս ունեմ, որ մեր կառավարությունները կկարողանան անցնել նորաբաց դռան շեմը: Նորմալ քաղաքական հարաբերությունների սահմանումը մեզ թույլ կտա հանձնաժողով ստեղծել բոլոր դժվարին հարցերի համակողմանի քննարկման համար:»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Անհատական մակարդակով շատ հայեր ու թուրքեր գտել են փակ սահմանը հատելու եղանակները: Նրանք օգտվում են Երեւանից Ստամբուլ ու Անթալիա կանոնավոր չարտերային չվերթներից, կան բազում ավտոբուսային երթուղիներ Վրաստանի տարածքով, բեռնատար ավտոմեքենաները եւս երկար ճանապարհ են անցնում՝ հնարավոր դարձնելով առեւտուրը մեր երկրների միջեւ: Հենց այնպես, ինչպես Չինաստանի ու ԱՄՆ-ի ժողովուրդները խանդավառությամբ էին վերաբերվում սեղանի թենիս խաղին՝ մինչ իրենց ղեկավարությունների կողմից հարաբերությունների լիակատար կարգավորումը, Հայաստանի ու Թուրքիայի մարդկանց միացնում է սերը ֆուտբոլի հանդեպ, որն ինձ դրդում է հետեւյալ հրավերն ուղղել: Սեպտեմբերի 6-ին Երեւանում կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպում Հայաստանի ու Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ: Ես նախագահ Գյուլին հրավիրում եմ այցելել Հայաստան ու ինձ հետ միասին դիտել խաղը մարզադաշտում: Դրանով մենք կնշանավորենք նոր սիմվոլիկ մեկնարկ մեր հարաբերություններում: Չնայած առկա տարաձայնություններին ու փակ սահմանին, մեր ազգերի միջեւ գոյություն ունեն մշակութային, մարդասիրական ու սպորտային կապեր: Հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ Հայաստանի ու Թուրքիայի հասարակ բնակիչները կողջունեն նման ժեստը եւ կտոնեն այն օրը, երբ կբացվեն սահմանները: Այդ ճանապարհին կարող են լինել քաղաքական խոչընդոտներ՝ երկու կողմերից էլ: Չնայած դրան, մենք պետք է խիզախություն ունենանք, որ սկսենք գործել այսօր: Հայաստանն ու Թուրքիան չպետք է հավերժ թշնամիներ մնան»,- շարունակել է ՀՀ նախագահը The Wall Street Journal-ում հրապարակած իր հոդվածում: