Պնդում է «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը:
Հայաստանի քաղաքագետների միության նախաձեռնությամբ պարբերաբար անցկացվող «Մարտի 1-ի ողբերգության հանրային հետաքննության խնդիրը» քննարկումների երեկվա թեման քաղբանտարկյալները եւ քաղաքական հալածանքներն էին: Զեկուցողներից մեկը իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էր, որը նախ անդրադարձավ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին՝ պնդելով, թե այն անաչառ լինել չի կարող հենց միայն այն պատճառով, որ հիմնականում բաղկացած է իշխանական ուժերի ներկայացուցիչներից, որոնք հրապարակավ բազմիցս հնչեցրել են մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իրենց կարծիքը, «որը, որպես կանոն, չի տարբերվել դատախազության հնչեցրած տեսակետներից ու մեղադրանքներից: Այդ հանձնաժողովում ներգրավված ոչ մի պատգամավոր չկա, որ երբեւէ, ելնելով թեկուզ անմեղության կանխավարկածից, պահանջեր կամ առաջարկեր ազատ արձակել կալանավորվածներին»: Հավելեց, որ այդ հանձնաժողովում չկա որեւէ պատգամավոր, որը դեմ արտահայտված լիներ իրենց գործընկեր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն: Եվ այս ամենը նկատի ունենալով՝ Վարդան Հարությունյանը վստահ է. «Եթե Հայաստանում անակնկալ քաղաքական փոփոխություններ չլինեն, եւ եթե իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին այսօր է, ապա ԱԺ այս ժամանակավոր հանձնաժողովը մի քանի ամիս գոյություն ունենալուց հետո՝ հանգիստ կհայտարարի, որ լուծել է իր առջեւ դրված խնդիրը եւ կհրապարակի դատախազության վարկածի լուսապատճենը»:
Իրավապաշտպանը մեր իրականության ամենազարմանալի երեւույթը համարեց այն, որ «այս ընթացքում չգտնվեց ոչ մի դատավոր, որը վեր դասելով դատավորի իր համարումը եւ սեփական արժանապատվությունը՝ կանգներ ու հրաժարվեր պատվիրված դատաքննություն անցկացնելու հանձնարարականից: Քաղաքական բանտարկյալների բոլոր դատավարություններն էլ վեր են ածվում զավեշտի, իսկ դատավորը հայտնվում է խամաճիկի, ծաղրածուի, անկամ ու անդեմ կամակատարի դերում»:
Որպես նախկին քաղբանտարկյալ՝ Վարդան Հարությունյանը գիտի, որ չկա որեւէ երկիր, որի իշխանությունն ընդունի քաղբանտարկյալ ունենալու փաստը. «Դա բացատրելի է, որովհետեւ քաղբանտարկյալների գոյությունը խոսում է այն մասին, որ տվյալ երկիրը ժողովրդավարական չէ: Ընդունել քաղբանտարկյալների գոյությունը՝ կնշանակի ընդունել, որ երկրում բռնապետություն է»: Պնդելով, որ Հայաստանում կան ե՛ւ քաղբանտարկյալներ, ե՛ւ քաղաքական նկատառումներով հետապնդվողներ, Վարդան Հարությունյանը ներկայացրեց որոշ տվյալներ. «Մոտավոր հաշվարկներով, մարտի 1-ից հետո միայն անօրինական ձերբակալվածների թիվը գերազանցում էր 500-ը», նրանցից 170-ը հետագայում կալանավորվել են. «Այսօր ունենք շուրջ 25 հոգի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրություն բնակավայրից չբացակայելու մասին»: Ըստ իրավապաշտպանի հաշվարկների՝ 21 գործ կարճվել է նախաքննության ընթացքում, իսկ 1-ը՝ դատարանում. «Ըստ մոտավոր հաշվարկների՝ պայմանական ազատազրկման դատապարտվածների ու կարճված քրեական գործերի թիվը հասնում է 40-ի»: Եվ ներկայացված թերեւս ամենակարեւոր տվյալը. «Այս պահին կալանավայրերում ունենք քաղաքական գործունեության համար ազատությունից զրկված 82 մարդ»: Նրանցից 27-ի վերաբերյալ արդեն կայացվել է դատավճիռ, դատարանում է 40 գործ, նախաքննության փուլում՝ 17-ը: Այս տվյալներով՝ արդարացված, դատապարտված, նախաքննության փուլում գտնվող եւ պայմանական դատապարտված անձինք 174-ն են: Եվ արդարացվածներից բացի՝ ըստ պրն Հարությունյանի, «մնացած բոլորը՝ չհաշված կարճված գործերը, կարող են եւ պետք է դիտարկվեն որպես քաղաքական նկատառումներով հետապնդվողներ»: