Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂ ՉԻ՝ ԽՈՇՏԱՆԳՎԱԾ Է

Հուլիս 10,2008 00:00

Խոսքը մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված Արմեն Սարգսյանի մասին է, որին կալանել են ոստիկանության 2 զինծառայողի ցուցմունքի հիման վրա:

Երեկ Երեւանի քրեական դատարանում մեկնարկեց մարտի 1-ի դեպքերի հետ առնչվող եւս մեկ դատաքննություն: Մեղադրյալի աթոռին է Արմեն Սարգսյանը, ով ինքը պիտի լիներ տուժողի դերում ոչ միայն այն պատճառով, որ մարտի 1-ին ոստիկանության գործողությունների՝ քաղաքացիների դեմ հրազենի կիրառման արդյունքում ստացել է ձախ ոտնաթաթի միջանցիկ հրազենային վերք, այլեւ որովհետեւ նա մարտի 2-ի առավոտյան, բերման ենթարկվելով Կենտրոնի ոստիկանություն, ապա տեղափոխվելով Մասիսի բաժնի ժամանակավոր պահման մեկուսարան, ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի համաձայն, հենց «խոշտանգում» բառով է որակվում այն, որ հրազենային վնասվածք ունեցող Ա. Սարգսյանին երեք օր շարունակ ոստիկանները պահել են առանց բուժօգնության: Սա Ա. Սարգսյանի նկատմամբ ոստիկանության եւ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) «մսագործների» ցինիկ վերաբերմունքի միակ դրսեւորումը չէ: «Զանգվածային անկարգությունների» մեջ մեղադրվող Ա. Սարգսյանի գործը լի է ՀՀ քրդատօրի կոտիտ խախտումների, նրա իրավունքների ոտնահարման փաստագրումներով:

Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանի ասելով, ինքը Ա. Սարգսյանի պաշտպանությունը ստանձնել է հունիսի 6-ին: Նույն օրը Ա. Սարգսյանին ձեռնաշղթաներ հագցրած «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին ՀՀ գլխավոր դատախազություն եւ առանց պաշտպանի ու առանց ձեռնաշղթաները հանելու, ինչը ՀՀ Քրդատօրի 221 հոդվածի 3-րդ մասի կոպիտ խախտում է, ճանաչման էին ներկայացրել: Ներս էին հրավիրել Ա. Սարգսյանի դեմ ցուցմունք տված երկու զինծառայող վկայի՝ թիվ 1033 զորամասի սպաներ Անտոն Ասրյանին եւ Տիգրան Խաչատրյանին: Ասրյանը հենց ձեռնաշղթաներից անմիջապես «ճանաչել» էր մեղադրյալ Ա. Սարգսյանին: Վերջինս բողոքել էր, մեծ աղմուկ բարձրացրել, ինչին կիսաբաց դռան արանքից հետեւել էր Տ. Խաչատրյանը, ում համար եւս մեծ դժվարություն չէր եղել «ճանաչել» Ա. Սարգսյանին: Ամբաստանյալի պաշտպանը այս երկուսին համարում է շինծու վկաներ, հիմնվելով, օրինակ՝ Անտոն Ասրյանի հակասական ցուցմունքների վրա: Վերջինս մարտի 20-ի ցուցմունքում նշել էր, որ մարտի 1-ին «ամբոխի միջից ինձ հարվածողների դեմքը չեմ տեսել, քանի որ մութ էր, եւ ես այնքան էլ ուշադիր չէի, բայց ամբոխի միջից, ովքեր աչքի էին ընկնում իրենց ակտիվությամբ եւ խուլիգանական գործողություններով, հնարավոր է, եթե տեսնեմ՝ ճանաչեմ»: Իսկ ահա դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մեջ մեջբերված է Ա. Ասրյանի հակառակ ցուցմունքը, թե՝ «… քանի որ կենտրոնական փողոցները լավ լուսավորված են եղել՝ պարզ տեսել եմ զանգվածային անկարգությունների առաջին շարքերում գտնվող եւ առավել ագրեսիվ վարքագծով աչքի ընկնող անձանց, որոնց մեջ եղել է նաեւ սույն քրգործով մեղադրյալ Ա. Սարգսյանը, որը ժամը 23:30-24-ի սահմաններում հայհոյանքներ է տվել ծառայություն կատարող ոստիկաններին ու նրանց ուղղությամբ նետել է քարեր, փայտեր եւ այլ առարկաներ»:

Ա. Սարգսյանի ճանաչումը՝ որպես քննչական գործողություն, կատարվել է ՀՀ Քրդատօրի 221 հոդվածի 3-րդ մասի այլ կոպիտ խախտումներով: Օրենքը պահանջում է. «Ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին նույն սեռի եւ արտաքինով ու հագուստով ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք այլ անձանց հետ», մինչդեռ Ա. Սարգսյանի հետ ճանաչման բերված մյուս երեք անձինք տարիքով կամ շատ փոքր, կամ շատ մեծ են եղել նրանից: Ա. Սարգսյանը արձանագրության մեջ հայտարարել էր, որ հրաժարվում է շինծու վկաների հետ առերեսմանը մասնակցելուց: Պաշտպան Ի. Պետրոսյանը դիմել է նաեւ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Նադիրյանին միջնորդությամբ՝ որպես ապացույց օգտագործելու համար անթույլատրելի ճանաչել հունիսի 6-ին Ա. Սարգսյանի՝ վկաներ Ա. Ասրյանին եւ Տ. Խաչատրյանին ճանաչման ներկայացնելու, վերջիններիս հետ Ա. Սարգսյանի առերես հարցաքննությունների արձանագրություններն ու Ա. Ասրյանի եւ Տ. Խաչատրյանի ցուցմունքները: «Առավոտի» հետ զրույցում պաշտպանը պնդեց. «Համաձայն ՀՀ քրդատօրի 105 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, քրգործի մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել «քննչական կամ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ»: Ի. Պետրոսյանի ասելով, բացի այս երկուսի ցուցմունքներից, Ա. Սարգսյանի մեղքը հաստատող որեւէ ապացույց քրգործում չկա: Ըստ նրա, Ա. Սարգսյանի դեմ ցուցմունքները կորզվել են միայն նրան կալանավորելուց 18 օր անց՝ շինծու վկաներ գտնելուց հետո: Ա. Սարգսյանը իրեն երեկ էլ մեղավոր չճանաչեց՝ հավելելով, որ ինքը ողնաշարի հիվանդություն ունի, եւ անգամ դատավորին ցույց տվեց մեջքը, ասելով, թե տարիներ առաջ ողնաշարի ջարդվածք է ունեցել եւ ֆիզիկապես ունակ չէ երկաթյա ձող, փայտ կամ քար նետելու: Ա. Սարգսյանը չի հերքում, որ մարտի 1-ին ինքը հետաքրքրությունից գնացել է Ֆրանսիական դեսպանատան տարածք, բայց անկարգություններին չի մասնակցել, դեպքի վայրում մնացել է կես ժամ, հետո ձախ ոտնաթաթի դասային մասում սուր ծակոց է զգացել, տեսել է, որ արյուն է հոսում, գնացել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ իրեն լավ չեն վերաբերվել, որոշել է տուն գնալ, եւ Հանրապետության հրապարակի մոտ ոստիկանները կանգնեցրել են իրեն տեղափոխող տաքսին եւ բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն: Ըստ գործի նյութերի, Ա. Սարգսյանը բերման է ենթարկվել ոստիկանության մարտի 2-ի առավոտյան ժամը 08.30-ին՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից Շահումյան հրապարակի եւ դրան հարակից փողոցներում անցկացված չարտոնված հանրահավաքին մասնակցելու կասկածանքով»: Ահա կալանավորման քաղաքական ենթատեքստը: Ձերբակալման արձանագրության համաձայն, Ա. Սարգսյանը ձերբակալվել է մարտի 3-ին, ժամը 23.45-ին: «Եթե նույնիսկ այդպես է, ապա նա անազատության մեջ ապօրինաբար պահվել է օրենքի էական խախտմամբ»,- նկատի ունենալով օրենքի պահանջը, որ բերման ենթարկվելուց երեք ժամ անց մարդը կամ պետք է ազատ արձակվի, կամ՝ ձերբակալվի, նշեց պաշտպանը՝ հավելելով. «Անձին ապօրինի անազատության մեջ պահելը առաջ է բերում քրեական պատասխանատվություն, իսկ Ա. Սարգսյանը, որը փաստացի տուժող է, ունենալով հրազենային վնասվածք, շուրջ 40 ժամ ապօրինաբար պահվել է անազատության մեջ»: Նրան մեղադրանք է առաջադրվել միայն մարտի 6-ին՝ Քրդատօրի պահանջների կոպիտ խախտմամբ, չունենալով որեւէ հիմնավոր կասկած: Այդ պահին, ըստ քրգործի, ոչ մի ցուցմունք, վկայություն Ա. Սարգսյանի դեմ չի եղել: Առաջին անգամ Ա. Սարգսյանի դեմ անուղղակի ցուցմունք գործում հայտնվել էր միայն նրան կալանավորելուց 18 օր անց՝ մարտի 20-ին, իսկ նրա մասնակցությամբ քննչական գործողություն է կատարվել կալանավորվելուց երեք ամիս անց՝ հունիսի 6-ին: Պաշտպան Պետրոսյանի միջնորդությունները՝ քրգործ հարուցել Ա. Սարգսյանին հրազենային վնասվածք պատճառելու փաստի առթիվ, նրան ճանաչել տուժող եւ նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, քրեական հետապնդումը դադարեցնել, մերժվել են ՀՔԾ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել