Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՄԱՐՔՍԻ՞Ն

Հուլիս 10,2008 00:00

\"\"Իշխանություններին առաջարկում ենք կարդալ իրենց իսկ ծրագրերը եւ կոալիցիոն հուշագիրը

«Մենք պետք է կառուցենք բնականոն հարաբերություններ մեր հարեւան պետությունների հետ: Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում՝ համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո՛չ ԼՂ հակամարտության հետ կապված եւ ո՛չ էլ այլ նախապայմաններ»,- սա մեջբերում է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից: Այն օրերին, երբ պետք է բաժանվեին իշխանական պորտֆելները, կոալիցիոն ուժերն, իրար հերթ չտալով, ասում էին, որ Ս. Սարգսյանի ծրագիրը նաեւ իրենցն է, որ կոալիցիոն կառավարության ծրագիրը կազմվելու է Ս. Սարգսյանի եւ կոալիցիայի անդամ ուժերի նախագահի թեկնածուների ծրագրերի համադրությամբ եւ այլն: Այսօր բոլորը մոռացան, թե ինչ է գրված իրենց նախագահի ծրագրում եւ «անհանգստացան», երբ նախագահը խոսեց հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման մասին կամ որոշեց Աբդուլլա Գյուլին հրավիրել Երեւան՝ ֆուտբոլ նայելու: Կոալիցիայի անդամներին հիշեցնենք նաեւ, որ կոալիցիոն հուշագրում գրված է. «Հայեցակարգային եւ ռազմավարական նշանակության փաստաթղթերի նախագծերը ենթակա են նախնական քննարկման՝ քաղաքական կոալիցիայի կողմերի միջեւ: Կողմերը պետք է ամեն ջանք գործադրեն՝ միասնական դիրքորոշում ձեւավորելու համար»: Կարելի էր, ըստ այդ հուշագրի ոգու, իրենց նախագահի հայտարարությունները քննարկել կոալիցիայի նիստերում, նրանից «հաշիվ» պահանջել այս կամ այն հայտարարության համար, փոխարենը՝ սկսել են հրապարակավ իրար անցնել: Առավել զարմանալին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահվածքն է: Նա նախընտրական շրջանում հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանն իր իրավահաջորդն է, այսօր կարծես «փոշմանել» է եւ բավականին հակադիր բաներ է ասում նրա մասին: «Մեդիամաքսին» տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ Տեր-Պետրոսյանին սատարող մամուլը հետեւողականորեն առաջ է տանում այն միտքը, որ Դուք շարունակում եք ղեկավարել երկիրը, նա ասել է. «Դա բացարձակ անհեթեթություն է: Եթե դա այդպես լիներ, ապա Տեր-Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, արդեն նստած կլիներ իր հանցավոր գործունեության համար (ի դեպ, դրանով ես կուղղեի 1998 թվականի իմ սխալը): Եվ, իհարկե, հաստատ Թուրքիայի նախագահը չէր հրավիրվի Երեւան՝ ֆուտբոլ դիտելու: Երկիրը պետք է ղեկավարեն եւ պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք լիազորված են Սահմանադրությամբ»: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ հետեւյալ միտքը՝ «Թուրքիայի նախագահը հաստատ չէր հրավիրվի Երեւան՝ ֆուտբոլ դիտելու», չի՞ նշանակում, որ գոնե հայ-թուրքական հարաբերությունների մասով հակասություններ կան Սերժ Սարգսյանի եւ նախկին նախագահի միջեւ, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանն ասաց, որ այս եւ մյուս հարցերին ՀՀ նախագահը կանդրադառնա առաջիկայում՝ մամուլի ասուլիսում։

Ըստ էության, տարաձայնություններ կան նաեւ Դաշնակցության եւ նախագահի միջեւ: Օրերս ավարտված ՀՅԴ Բյուրոյի նիստը հաստատեց. «Բյուրոն հաստատակամ է, որ Հայոց ցեղասպանության փաստը քննարկման ենթակա հարց չէ, եւ բացառված է, որ Հայաստանը ներկայացնող որեւէ բարձրաստիճան պաշտոնյա այս խնդրում այլ մոտեցում ունենա»: Եվ միայն հանրապետականներն են այս ամենի մասին պահպանում քար լռություն: Երեկ, պատասխանելով մեր հարցին՝ արդյոք հայ-թուրքական հարաբերությունների մասով լուրջ հակասություննե՞ր կան նախկին եւ գործող նախագահների միջեւ, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանն ասաց. «Ստացվում է, որ հակասություն կա, եթե այդպիսի հայտարարություն է արել: Հիմա ո՞վ է ճիշտը՝ մենք պիտի կողմնորոշվենք: Իմ կարծիքով, մերկապարանոց ցեղասպանությունը պնդել, ոչ մի հարաբերություն չստեղծել՝ վնաս է հենց մեր պետությանը, մեզ: Սահմանները փակ են բոլոր կողմերից, հիմա էլ եթե Թուրքիայի հետ սահմանը չենք բացում, բոլոր տարածաշրջանային նախաձեռնություններից մեկուսացված ենք, եթե այդպես շարունակենք՝ դրանից օգուտ չենք ստանալու: Կարծում եմ, եթե Սերժ Սարգսյանն այդպիսի հայտարարություն է արել, հետեւել է Մարքսի ասածին, իսկ Մարքսը ասել է՝ «Այն, ինչ օգուտ չի բերում, արժեք չի ներկայացնում»: Հիմա նախագահի այդ հայտարարությունը Հայաստանին շատ օգուտներ կարող է բերել»: Ապա Ռ. Պետրոսյանը թվարկեց օգուտները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, համաշխարհային ինտեգրմանը խողովակագծերի տեսքով մասնակցելը եւ այլն. «Բայց այս ամենը չի նշանակում, որ ցեղասպանության ճանաչման գործը չպիտի շարունակվի»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել