ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՌԵԿՈՐԴՆԵՐ
Օլիմպիական խաղերն իր հայրենիքում անցկացնելուն օժանդակելու յուրօրինակ ակցիա է կատարել Չինաստանի հարավում գտնվող Նանյնին քաղաքի բնակիչ Վեյ Շենը: Նա, ի պատիվ օլիմպիական խաղերի, գլուխը, դեմքը, կրծքավանդակը եւ ձեռքերը «զարդարել» է՝ 2008 գունավոր ասեղներ ամրացնելով: Վեյ Շենն առաջին անգամ չէ նման քայլի դիմում: Մասնավորապես, նա 2004 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ գլխին 1790 ասեղ խրելու համար:
Չինաստանում շատերն են որոշել օլիմպիական խաղերը հավերժացնել սեփական մարմնի հետ տարօրինակ մանիպուլյացիա անելով: Լրատվամիջոցները մատնացույց են անում սպորտի մի սիրահարի, որը սեփական ճակատին դաջել է Պեկինի օլիմպիական խաղերի լոգոտիպը, իսկ կրծքին՝ մարզական այդ խոշորագույն միջոցառման խորհրդանիշերը:
ՈՎ՝ Ե՞ՐԲ Է ՄԵԿՆԵԼՈՒ ՊԵԿԻՆ
Օգոստոսի 8-24-ը Չինաստանում անցկացվելու են ամառային 29-րդ օլիմպիական խաղերը, որին մասնակցելու է Հայաստանի 25 մարզիկ: Օլիմպիական ծրագրում ընդգրկված 39 մարզաձեւից մեր հանրապետության ներկայացուցիչները հանդես են գալու ութում: Քանի որ յուրաքանչյուր մարզաձեւ ունի անցկացման իր ժամանակահատվածը, ըստ այդմ էլ մեր մարզիկները մրցավայր մեկնելու են տարբեր օրերի: Ընդհանուր առմամբ՝ ամբողջ պատվիրակությունը բաժանվել է յոթ խմբի:
Հուլիսի 31-ին առաջինը Պեկին կմեկնեն հրաձիգ Նորայր Բախտամյանն ու ձյուդոիստները (հասկանալի է, նրանց հետ լինելու են նաեւ մարզիչները): Մյուս մրցաձեւերի ներկայացուցիչների մեկնելու ժամանակացույցն այսպիսին է:
Օգոստոսի 1. բռնցքամարտ:
Օգոստոսի 2. ծանրորդ Մելինե Դալուզյան:
Օգոստոսի 4. ծանրամարտի տղաների հավաքական:
Օգոստոսի 5. հունահռոմեական ըմբշամարտ, լող, աթլետիկա, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտից երկու ճամբարական:
Օգոստոսի 6. Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավարություն, հրավիրված անձինք:
Օգոստոսի 7. ազատ ըմբշամարտ, լրագրողներ:
ԱՀԱԶԱՆԳ
Օրերս մայրաքաղաքում մոլեգնած ուժեղ փոթորիկը պոկել է «Հայաստան» մարզական միության՝ երկու տարի առաջ հիմնանորոգված աթլետիկայի ծածկած մանեժի եւ մարզադահլիճի տանիքի մի մեծ հատվածը՝ մոտ 250 քառակուսի մետր մակերես: Քանի որ առայժմ հորդառատ անձրեւների վերջը չի երեւում, անհրաժեշտ է անհապաղ այն նորոգել: Հակառակ դեպքում՝ ջուրը կթափանցի շենքի ներս եւ մարզակառույցը շարքից դուրս կգա: