Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԸ ՉԱՓՆ ԱՆՑԵԼ ԵՆ

Հուլիս 09,2008 00:00

\"\"Որոշ բուհերում բժիշկը պատմություն է դասավանդում, կենսաբանը՝ կրոնի պատմություն, ուսանողներն էլ էքստեռն են փոխադրվում:

Ոչ պետական բուհերում տիրող խայտառակ վիճակին մամուլը, այդ թվում՝ «Առավոտը», մշտապես անդրադարձել է, սակայն մինչեւ վերջերս սայլը տեղից չէր շարժվում: Հավանաբար, որոշ ուսումնական հաստատությունների չափն անցնելը եւ ԶԼՄ-ներում հնչած մտահոգությունները նպաստեցին, որ, վերջապես, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության մայիսի 4-ի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը որոշեց մայիսի 5-ից մինչեւ հունիսի 25-ը ընտրանքային ձեւով ուսումնասիրել ՀՀ ԿԳՆ 69 ոչ պետական բուհերից 30-ը: Ըստ ուսումնասիրությունների, բուհերի լիցենզավորման ու հավատարմագրման գործընթացի հետ կապված, տեղ են գտել բազմաթիվ խախտումներ, անճշտություններ, բացթողումներ, գրեթե բոլոր բուհերում պլանները չեն համապատասխանել պետական կրթական չափորոշիչներին: Օրինակ, «Հրաչյա Աճառյան» համալսարանում «համաշխարհային տնտեսագիտություն» մասնագիտությունը կրթական չափորոշիչով պետք է 117 շաբաթ ուսուցանվեր, սակայն ուսումնական պլանով՝ 122 է, «Մանց» համալսարանում նույն վիճակն է «իրավագիտություն» մասնագիտության պարագայում՝ 119/129 հարաբերակցությամբ, Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանում (կամ Քըրք Քըրքորյանի անվան համալսարան) իրավագիտությունը՝ 119-ի փոխարեն 131 շաբաթ է տեւում: Շատ բուհերում ուսումնական պլաններով դասընթացներին հատկացված ժամաքանակները չեն համապատասխանում չափորոշիչային ժամաքանակներին, իսկ առարկայական ծրագրերի ժամաքանակները՝ ուսումնական պլաններին: Օրինակ, Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանում ժամաքանակային տարբերություններն այսպիսին են. փիլիսոփայության համար նախատեսված է եղել 136 ժամ, պարապվել է 68 ժամ, ռադիոժուռնալիստիկային՝ 153-ի փոխարեն 68 եւ այլն: Ըստ նախագահի վերահսկողականի ուսումնասիրությունների, նույնն է վիճակը «Գալիք», «Մանց», Ապրանքագիտության տեխնոլոգիաներ համալսարաններում, «Նավասարդ» ինստիտուտում… Արձանագրվել է, որ, օրինակ, «Հրաչյա Աճառյանը» մասնագետներ է պատրաստում ՀՀ կառավարության կողմից հաստատված բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկերով չնախատեսված «միջազգային իրավունք» մասնագիտության գծով եւ շրջանավարտներին էլ տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ՝ իրավագետ-միջազգայնագետ որակավորմամբ, որի իրավունքը նույնպես չունի: Ի դեպ, այս մասնագիտությունը նշված է նաեւ համալսարանի 2008-2009 ուստարվա ընդունելության հայտարարություններում:

Նախագահի վերահսկողականի աշխատախումբը լուրջ թերություններ է արձանագրել նաեւ ուսանողների պրակտիկաների կազմակերպման ու անցկացման «մասով»: Պարզվել է, որ դրանք չեն ձեւակերպվում հրամաններով, խախտվում են ուսպլանով նախատեսված պրակտիկաների ժամկետները, տեւողությունը, ուսանողները հիմնականում չունեն օրագրեր, պրակտիկայի արդյունքները չեն ամփոփվում ամբիոններում, չեն գնահատվում: Նման խախտումներ առկա են «ԵՐԱ» բիզնեսի եւ քաղաքականության ինստիտուտում, Մ. Մաշտոցի անվան, «Ալաշկերտ», Ապրանքագիտության տեխնոլոգիաներ համալսարաններում, «Նավասարդում» եւ էլի 16 բուհում:

Լիցենզավորման կարգի գլխավոր պահանջներից ելնելով, հիմնական հաստիքային դասախոսները պետք է կազմեն ընդհանուրի 50%-ը եւ դասախոսների առնվազն 50%-ը պետք է ունենա գիտական աստիճան կամ պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական կոչում: Ուսումնասիրված 30 բուհից 22-ում հիմնական հաստիքային աշխատողների թիվը (50%-ը) չի ապահովված, 14 բուհում էլ՝ գիտական աստիճան, կոչում ունեցող դասախոսները 50% չեն կազմում: Կան դեպքեր, երբ դասախոսների բազային կրթությունը չի համապատասխանում դասավանդվող առարկայի ուղղվածությանը: Ըստ ուսումնասիրությունների արդյունքների, օրինակ, Ապրանքագիտության տեխնոլոգիաներ համալսարանում բժշկական գիտությունների թեկնածուն դասավանդում է ոչ ավել, ոչ պակաս… հայ ժողովրդի պատմություն, Տնտեսաիրավագիտականում՝ խմբավարը՝ գեղագիտություն, բարոյագիտություն, «Մանց» համալսարանում կենսաբանական գիտությունների թեկնածուն պարապում է կրոնի պատմություն եւ տեսություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, մշակութաբանություն, բարոյագիտություն եւ գեղագիտություն: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ խախտված են ուսանողին մի բուհից մյուսը տեղափոխելու պահանջները, այն է՝ եղել են փոխադրումներ 1-ին եւ ավարտական կուրսերում, չհավատարմագրված բուհերից՝ հավատարմագրված հաստատություններ: Նման խախտումներ առկա են «Գալիք», Տնտեսաիրավագիտական, Մոնթե Մելքոնյանի անվան համալսարաններում, «Միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամում եւ այլուր: «Գլաձոր» կառավարման համալսարանում, օրինակ, 11 ուսանող փոխադրվել է 15-22 առարկայական տարբերություններով, Երեւանի գյուղատնտեսական եւ «Մանց» համալսարաններում՝ 10-14 առարկայական տարբերություններով: «Մոնթե Մելքոնյան» համալսարանի 6 ուսանող (Կոստանյան Նելլի, Հովակիմյան Ալինա, Մարտիրոսյան Ջուլիետա, Միրզախանյան Մարիետա, Մինասյան Դավիթ, Սուքիասյան Նարինե) 2005թ. միջնակարգ կրթության ատեստատով ընդունվել են միանգամից 2-րդ կուրս:

ՀՀ ԿԳՆ «էքստեռն փոխադրական եւ ավարտական քննություններ կազմակերպելու կարգի» համաձայն, էքստեռն փոխադրական քննություններ թույլատրվում են միայն հանրակրթական ուսումնական հաստատություններում, մինչդեռ «Մանցում», «Հայբուսակում», «Գալիքում», «Վիլյամ Սարոյանում», «Անանիա Շիրակացիում» եւ այլուր ուսանողների փոխադրումը կուրսից կուրս՝ կատարվել է «թռիչքային» եղանակով:

Ուսումնական հաստատությունների հիմնական մասի զբաղեցրած ուսումնական տարածքները չեն համապատասխանում ՀՀ գործող շինարարական նորմերին. զբաղեցրած տարածքների ընդհանուր մակերեսը մեկ ուսանողին համապատասխանող 8.02 քմ նորմը չի բավարարում՝ 30 բուհից 18-ում, իսկ մեկ ուսանողին համապատասխանող 2.2 քմ լսարանային մակերեսի նորմը՝ 30-ից 9-ում:

«Չար» լեզուներն ասում են, որ այս եւ է՛լ ավելի կոպիտ խախտումները «կնպաստեն», որ 10-15 բուհ զրկվի լիցենզիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031