Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետության «ռեկետից» տուժում են

Հուլիս 09,2008 00:00

Գյումրեցի գործարարներից շատերը «բանկրոտ» են

Գյումրեցի գործարարների հետ «բաց» խոսելու, նրանց խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով երեկ ՀՀ հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը մեկնել էր Գյումրի:

Նրանց հանդիպումը տեղի ունեցավ Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղում: «Մենք պատրաստ ենք այսօր բաց խոսակցության: Պատրաստ ենք լսել ձեր հորդորները, խորհուրդները, ցանկություններն ու բողոքները: Ուզում եմ բարձրացնեք ձեզ հուզող թե՛ վարչարարական, թե՛ օրենսդրական բնույթի խնդիրները: Եվ այն թափանցիկությունը եւ շփումները, որոնք պետք է ունենալ բիզնես-համայնքի հետ՝ այսուհետեւ ավելի ակտիվ աշխատելու համար, ուզում ենք դա իրացնել եւ առաջին փորձը սկսում ենք Շիրակի մարզից: Ես կցանկանայի, որ այս հանդիպումը պոպուլիզմի շղարշից առավելագույնս ազատ լիներ: Ոչ թե եկանք, խոսեցինք, խոստումներ տվեցինք եւ գնացինք, այլ՝ մի տեսնենք, թե ինչո՞ւմն է պրոբլեմը: Օրինակ, մեկն ահազանգել էր, թե Շիրակի մարզի հարկային տեսչություններից մեկում կաշառակերությունը ծաղկում է, ուզում եմ իմանալ, դա ճի՞շտ է, գրեք, հայտարարեք, բաց խոսեք, կամ գրում են՝ հարկայինի տեսուչը էս-էս առաջարկներն է արել իրեն, եթե պարզվի, որ հարկային տեսուչը իրոք խոչընդոտել է ձեր աշխատանքին, մենք միանշանակ ձեր կողքին կլինենք, միայն թե դուք բարձրաձայնեք: Ոնց որ բիզնեսմենները մի տեսակ չեն հավատում, որ պատասխանատուներն իրենց օգնելու կամք են դրսեւորում, հավատացեք, որ բոլոր հարցերը քննարկվելու ու լուծում են գտնելու կառավարությունում: Ակտիվորեն օգտվեք նաեւ Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից, այստեղից հարցերը կգնան էկոնոմիկայի նախարարություն, այնուհետեւ կդրվեն վարչապետի սեղանին»,- գործարարներին համոզում էր Արմեն Ալավերդյանը:

Հարց ու պատասխանի ժամանակ կաթնարդյունաբերությամբ զբաղվող գյումրեցի գործարարներից մեկը՝ «Աթոյան եւ ընկերներ» ընկերության տնօրեն Գեւորգ Աթոյանը, հետաքրքրվում էր, թե ինչպե՞ս է ստացվել, որ նույնատիպ ձեռնարկություններին գյուղական վայրերում թույլատրում են պարզեցված հարկով աշխատել, իսկ քաղաքում՝ ոչ. «Ստացվում է, որ գյուղական վայրերում արտոնություն է տրվել, քաղաքում՝ ոչ: Հարկերը մոտ եռակի ավելանում են: Ես սխալվեցի իմ բիզնեսը քաղաքում ծավալելով, հիմա էլ պարտքերի մեջ եմ հայտնվել եւ ուզում եմ փակել, այս պահին կա՞ լուծման որեւէ մեխանիզմ, ես բարեփոխումների փաթեթը շատ եմ հավանել, բայց եթե մյուս տարվանից է գործելու, չգիտեմ՝ մինչ այդ կկարողանա՞մ բիզնեսս պահել, որ դրանից օգտվեմ: Բանկրոտի եզրին եմ: Եթե բարեփոխումների փաթեթը չգործի, փոքր ու միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում ճգնաժամ կապրի»:

«Գյումրիպլաստ» արտադրամասի տնօրենը դժգոհեց հարկայինի՝ իր օբյեկտում կատարած ստուգումներից. «Կազմված ակտի հետ ես համաձայն չեմ, օրենքը ուրիշ բան է ասում, հարկային տեսուչները երեւի հրահանգով են առաջնորդվել, ես դիմելու եմ դատարան, ես հարկերը չեմ թաքցրել, բայց 6 միլիոնի պարտք են գրել»: Գործարարները նաեւ դժգոհում էին արտադրանքը արտերկիր արտահանելու հետ կապված խոչընդոտներից ու ծախսերից. «Ամեն անգամ արտադրանքը փոքր քանակով արտահանելու դեպքում՝ սերտիֆիկատ պետք է հանես, որը արդեն իսկ մեծ ծախս է: Հնարավորություն չեն տալիս աշխատել»: Զուգագուլպաների արտադրությամբ զբաղվող Կարեն Գոմցյանն էլ դժգոհեց, որ բարձր տոկոսադրույքների պատճառով չեն կարողանում վարկեր վերցնել. «Պետությունը չի խրախուսում տեքստիլ արտադրությունը, սա ամենախոցելի ճյուղն է: Մենք հումքը գնում ենք Թուրքիայից, որի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, չենք կարողանում իրենցից օֆիցիալ ձեւով ապրանք գնել: Հարկայինի ստուգումներն էլ շատ հաճախ են, պետությունը հանդես է գալիս որպես ռեկետ անող մարմին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել