Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ ՊԵՏՔ ՉԷ»

Հուլիս 09,2008 00:00

\"\"ՀԵԿ-ը կոչ է անում համախմբվել իր շուրջ եւ թույլ չտալ ազգի պառակտում

«Մենք գտնում ենք, որ երիտասարդությունն ազգային եւ ռազմահայրենասիրական դաստիարակության կարիք ունի»,- ասում է Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, վստահեցնելով, որ առաջիկայում իրենց կուսակցությունը հենց այդ ուղղությամբ էլ գործադրելու է իր հիմնական ջանքերն ու կարողությունները:

Օրերս կուսակցականները պատրաստվում են նույնիսկ հանրապետության նախագահին ներկա-յացնել մի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նախագահին առընթեր երիտասարդության հարցերի խորհուրդ, որը կկազմակերպի եւ կկոորդինացնի երիտասարդական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, եւ նախագահն անմիջականորեն տեղեկացված կլինի Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդներին հուզող խնդիրներից:

Երիտասարդական քաղաքականությունը մեր զրուցակիցը Հայաստանի զարգացման կարեւոր գործոն է համարում, քանի որ երկրի բեռն իրենց ուսերին վաղը կրելու են այսօրվա երիտասարդները: Նա ասում է, որ իրենց ազգային մտածողությունն է պատճառը, որ Ազատամարտի վետերանների միությունը որոշել է աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում սատարել Հայաստանի երիտասարդական կուսակցությանը: Իրենց ազգային եւ ազգայնական դրսեւորումների արդյունքում երիտասարդ կուսակցականները մտավախություն չունեն, որ Հայաստանը կհայտնվի հակասեմիտական երկրների շարքում: «Հայաստանն ունի խնդիրներ աշխարհում, հատկապես տարածաշրջանում, որոնց վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումը պետք է հստակ լինի: Գերական անվտանգությունն է: Այն պետությունները, որոնց աշխարհաքաղաքական շահերը չեն համընկնում մեր երկրի աշխարհաքաղաքական շահերի հետ, բնական է՝ հակադրությունների մեջ ենք լինելու: Ասենք, Թուրքիայի եւ Իսրայելի փոխհարաբերությունները դիվանագիտական առումով երբեք չեն ձեւակերպվելու՝ ուղղված ՀՀ-ի դեմ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ երկու պետությունների շահերից չի բխում Հայաստանի տնտեսական զարգացումը, ինքնուրույն իշխանության կայացումը եւ հայանպաստ ճանապարհով Արցախի հիմնահարցի լուծումը: Սա է հիմնական պատճառը, որ մենք դժգոհություն ենք արտահայտում ընդդիմության հանրահավաքների ժամանակ եւ, ընդհանրապես, հրեական ֆակտորի գործարկումը, եւ հրեական որոշակի ուժերի մասնակցությունը մեր երկրի քաղաքական կյանքին, նրանց ղեկավարների այցելությունները Հայաստան՝ լուրջ մտահոգության տեղիք են տալիս, որ ապագայում այդ քաղաքական վեկտորի վրա կանգնած հոսանքները եւ պետությունները կարող են լուրջ խանգարող հանգամանք դառնալ Հայաստանում ե՛ւ ժողովրդավարության զարգացման, եւ կայացման համար»,- ասում է Վահան Բաբայանը:

«Առավոտի» հարցին՝ ծիծաղելի չէ՞, որ հրեական ֆակտորը հայաստանյան ներքաղաքական կյանքում ներկայացվում է իբրեւ վտանգավոր եւ հզոր մի գործոն, մինչդեռ նախագահական ընտրությունների ժամանակ այն չհաջողեց՝ զիջելով իշխանական մեքենայի կեղծիքներին, մեր զրուցակիցն արձագանքում է. «Ծիծաղելին այն է, որ մենք այնքան միամիտ ենք ապրում այս երկրում, որ մտածում ենք, որ որեւէ երկիր չի ցանկանա Հայաստանը տեսնել առանց հայերի, ծիծաղելին այն է, որ կարելի է մտածել, որ որոշ երկրներ, որոնք դարեր շարունակ փորձել են Հայաստանը եւ հայերին վերացնել՝ այսօր չեն ցանկանա դա անել, ծիծաղելին այն է, որ վերջերս հրեա դեսպաններից մեկը հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը, բայց մենք շարունակում ենք ակնածանքով խոսել այդ ազգի մասին, միայն այն պատճառով, որ նրանց էլ են կոտորել»: Այնուհանդերձ, մեր զրուցակիցը վստահեցնում է, որ իրենց վերաբերմունքը հրեա ժողովրդին չի վերաբերում, այլ աշխարհաքաղաքական այն ուժերին, որոնց խնդիրն է Արցախն անջատել Հայաստանից, ապա երկու պետություններն էլ վերացնել աշխարհի քաղաքական քարտեզից եւ իրականացնել համաիսլամական խալիֆաթի ստեղծման գաղափարն ու Թուրքիա-Ադրբեջան ցամաքային կապը:

Մեր զրուցակիցը նաեւ դժգոհում է այն տասնյակ քաղաքագետներից եւ քաղաքական գործիչներից, ովքեր այսօր խուսափում են նման թեմաների մասին բարձրաձայն խոսել՝ «Մինչդեռ այս ամենը վաղը մեր ուսերին է լինելու: Համեմատելով այդ երկրների զարգացման տեմպերը՝ մենք այսօր այնքան ուժեղ պետություն պիտի դառնանք, որ վաղը կարողանանք դիմագրավել: Իսկ դուք խոսում եք հակասեմիտիզմից, այստեղ նման հարց չկա. խոսքը վերաբերում է գեոքաղաքականությանը եւ քաղաքական գնահատականների մակարդակով»: Այն մարդկանց՝ «ովքեր իմ հեռուստաելույթները լսելիս եւ հարցազրույցները կարդալիս ջղաձգվում են, կոչ եմ անում՝ մեր դեմ պայքարելու խնդիր չկա: Այն, ինչից դուք վախենում եք՝ այն չէ, ինչը դուք պատկերացնում եք: Վախենալ է պետք նրանից, որ վաղը մեր ազգը կարող է կանգնել պառակտման առաջ: Մենք դրանից ենք վախենում, ինչի հետեւանքով կարող ենք կորցնել Արցախը, ապա՝ Հայաստանը: Դրա համար ենք այսօր այս ամենը նախաձեռնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031