Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՏՆԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՈՒՄ ՄԱՏՈՎ, ՈՉ ԹԵ՝ ԳԼԽԻ ՇԱՐԺՈՒՄՈՎ

Հուլիս 09,2008 00:00

\"\"Հանձնաժողովականներն այցելում են մարտի 1-2-ի դեպքերի արդյունքում ազատազրկվածներին

Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ տեղեկացրեց, որ մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրությունը  անջատել են երկու մասի՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններ եւ դրանց հաջորդող իրադարձություններ: Հանձնաժողովը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանձնաժողովի մի շարք հարցադրումներին պատասխանելու առաջարկով: Նամակ է ուղարկվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որտեղ նշված է, թե հաշվի առնելով, որ Ազատության հրապարակում իր կողմնակիցների հավաքն էր եւ ինքն ականատես է իրադարձություններին, եւ, կարեւորելով բազմակողմանի տեղեկատվություն ունենալու խնդիրը, ակնկալում են նրա գրավոր պատասխանները մի շարք հարցադրումների վերաբերյալ: 

Հանձնաժողովի անդամներից կազմված երկու աշխատանքային խումբ այցելել էր քրեակատարողական հիմնարկներում գտնվող՝ իրենց դիմած կալանավորներին, եւ երեկվա նիստում հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը մանրամասներ ներկայացրեց Երեւան-Կենտրոն ՔԿՀ կատարած այցելությունից, որտեղ ինքն ու հանձնաժողովի մյուս անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Հարությունյանը հանդիպել են ԱԱԾ նախկին աշխատակիցներ Տիգրան Մելքոնյանի եւ Լեւոն Խաչատրյանի հետ: Լսելով մեղադրյալներին եւ ծանոթանալով դատավճռին՝ պարոն Արսենյանը տրամաբանական որոշակի հակասություններ է նկատել: Գուրգեն Արսենյանի ներկայացմամբ. «Խոսքը վերաբերում է մարդկանց, ում նկատմամբ արդեն կա դատավճիռ, եւ մենք փորձում էինք հասկանալ, թե այս մարդկանց հետ կատարվածը որքանո՞վ է առնչվում մարտի 1-2-ի դեպքերի հետ: Թեթեւ կապ կարողացանք գտնել, որովհետեւ մարտի 1-2-ի դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ այս մարդկանց արդեն ձերբակալել էին: Խոսքը ԱԱԾ նախկին երկու աշխատակցի մասին է, որ մեղադրվել են 306 հոդվածով՝ պետական գաղտնիքի բացահայտում: Տվյալ գործով չկա քաղաքացիական անձի վկայություն, վկայություն տվողները ԱԱԾ աշխատակիցներ եւ քրեական հետախուզության սպաներ են»: Գ. Արսենյանին զարմանալի է թվացել, որ ԱԱԾ երկու աշխատակցի «բացահայտելուն» մասնակցել է 8-10 մարդ, ոլորել նրանց ձեռքերը եւ այլն, սակայն դրանցից ոչ մեկը հայտնաբերված չէ: Նաեւ սա. «Փետրվարի 27-ին, ժամը 23-ի մոտ, աշխատակիցները 8-10 մ-ի վրա տեսել են ԱԱԾ նախկին աշխատակիցների, որոնք 3-րդ անձի հետ զրույցի ընթացքում գլխի շարժումով մատնացույց են արել իրենց կողմը: Ապացուցողական բազան սրանով ավարտվել է: Զարմանում եմ դատարանի վրա, որովհետեւ մինչ այսօր գիտեի, որ մատնացույց են անում մատով եւ ոչ թե գլխի շարժումով»: Եվս մի դրվագ. «Վկայություն տվողներից մեկն ասել է՝ երեք անձինք իր ուշադրությունը գրավել են շշուկով խոսելու պատճառով, պատկերացրեք, սա վկայություն է, որի հիման վրա մարդկանց դատապարտել են»,- տարակուսեց Գուրգեն Արսենյանը:

Արտյուշա Շահբազյանը, Սարգիս Մուրադխանյանը եւ փորձագետ Սարգիս Հակոբյանը այցելել են Նուբարաշենի ՔԿՀ-ում գտնվող Արմեն Սարգսյանին: Արտյուշա Շահբազյանը ներկայացրեց Արմեն Սարգսյանի պատմածները, որից բխում էր, որ Զովունու այս բնակիչը որեւէ կապ չի ունեցել այդ դեպքերի հետ. «Ըստ իրեն՝ եկել է հետաքրքրությունից դրդված՝ տեսնելու, թե ինչ է կատարվում: Տեսնելով քաոսային վիճակը՝ ետ է դարձել, գնացել տուն: Ինքն աշխատում է գիշերները՝ Գումի շուկայում, եւ գիշերը, 1.30-ի մոտ աշխատանքի գնալիս անցել է Ձկան խանութի մոտով, տաքսուց իջնելով՝ քայլել է մինչեւ Մարքսի փողոց: Ասում է, որ վիճակը խաղաղ էր, խմբված մարդիկ կային, Մաշտոցի եւ Խորենացու փողոցների խաչմերուկում նկատել է քաշքշոց ոստիկանների եւ հավաքված մարդկանց միջեւ: Ասաց, որ աղմուկ էր, եւ ասֆալտից կայծեր էին թռնում, չասաց՝ կոնկրետ ավտոմա՞տ էր կրակում կամ քա՞ր էին նետում, հանկարծ ցավ զգաց ոտնաթաթին, զգացել է, որ ոտքը թրջված է, բացել եւ տեսել է, որ արյունոտված է, վիրավոր է: Դարձյալ չբացատրեց, թե կոնկրետ ինչով էր այդ վերքը հասցված, չէր տեսել: Որոշում է գնալ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ օգնություն ստանալու համար, օգնությունը ստանում է, դատաբժշկական փորձաքննություն է ուզել, բայց մերժել են, «վիրավորված» կոշիկը չեն տվել: Դրանից հետո ցանկացել է գնալ, իր բառերով՝ «Լեչկոմիսիա»՝ դատաբժշկական եզրակացություն ստանալու, եւ երբ հասել է Պարոնյան փողոց, ոստիկանները հարձակվել են տաքսու վրա, վարորդին իջեցրել են, քաշքշել են, իրեն էլ են քաշքշել եւ այդտեղից տարել են, եւ այդպես ինքը ձերբակալվել է»: Հուլիսի 9-ին կկայանա Արմեն Սարգսյանի գործով դատական նիստը: Զովունու այս բնակիչը մեղադրվում է Քրօրի 225 հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է 3-8 տարի ազատազրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել