Ստադիոնները հայտնի են
Արդեն հայտնի է, որ 2012 թվականին Հարավային Աֆրիկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլի սեպտեմբերի 6-ին նշանակված Հայաստան-Թուրքիա հանդիպումը կայանալու է Երեւանի «Հրազդան» ստադիոնում: Իսկ օրերս ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը լրատվություն է տարածել, համաձայն որի՝ Եվրոպայի 2009թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության (Մ-21) ընտրական փուլի առաջին հանդիպումը, որում հանդիպելու են Հայաստանի եւ Թուրքիայի ընտրանիները, նույնպես կայանալու է «Հրազդանում»: Այս խաղը նշանակված է օգոստոսի 20-ին:
ՀՖՖ-ից տեղեկացնում են նաեւ, որ արդեն հայտնի է հոկտեմբերի 15-ին կայանալիք Բոսնիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպման վայրը: Այն կայանալու է Զենիցա քաղաքի «Բլնո Պոլյե» ստադիոնում:
ՀՀ նախագահը հրավիրել է
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի իր պաշտոնակից Աբդուլլահ Գյուլին հրավիրել է դիտելու սեպտեմբերի 6-ին «Հրազդան» ստադիոնում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը երկու երկրների ազգային հավաքականների միջեւ:
ՀՖՖ նախագահը ցավակցել է
Օրերս Թուրքիայում 52 տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ Հասան Դոգանը, որն այդ պաշտոնում ընտրվել էր 2008 թվականի փետրվարին: Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Դոգանն իրեն վատ է զգացել Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆատիխ Թերիմի հետ ճաշելու ժամանակ: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցավակցական հեռագիր է ուղարկել իր գործընկերոջ մահվան կապակցությամբ:
Կսպասարկեն հայ մրցավարները
Հուլիսի 17-ին մեկնարկում է 2008/09 թթ. մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունը: Նույն օրը կայանալիք առաջին որակավորման փուլի «Օլիմպս» (Լատվիա)-«Սեյնթ Պատրիկս» (Իռլանդիա) առաջին հանդիպման սպասարկումը վստահվել է Հայաստանի մրցավարական անձնակազմին: Գլխավոր մրցավարը լինելու է Արարատ Ճաղարյանը, եզրայինները՝ Սուրեն Բալյանն ու Զավեն Հովհաննիսյանը, 4-րդ մրցավարը՝ Կարեն Նալբանդյանը: Հուլիսի 31-ին «Միդտյուլանդ» (Դանիա)-«Բանգոր Սիթի» (Ուելս) պատասխան խաղի գլխավոր մրցավարը կլինի Կարեն Նալբանդյանը: Նրան կօգնեն Արշակ Կնյազյանը եւ Էրիկ Արեւշատյանը: Իսկ Արարատ Ճաղարյանը կլինի 4-րդ մրցավարը:
Կարեն Ալեքսանյանը՝ «Տորպեդոյում»
Բելառուսի Ժոդինո քաղաքի «Տորպեդո» ակումբը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանի հետ: Կարենը ազգային հավաքականում անցկացրել է 23 խաղ, չորս մրցաշրջան հանդես է եկել Քիշնեւի «Զիմբրու» թիմում, որի կազմում նվաճել է Մոլդովայի գավաթը, երկու անգամ դարձել երկրի առաջնության արծաթե մեդալակիր: