Հարազատների գնահատմամբ՝ իրենց տղաները դատվում են զուտ այն բանի համար, որ մասնակցել են հետընտրական հանրահավաքների:
Երեկ Երեւանի քրեական դատարանի ոստիկան-կարգադրիչները հայտնվել էին ծիծաղաշարժ փաստի առաջ: Հայրենի ոստիկանները Նուբարաշենի մեկուսարանից դատական նիստերի դահլիճ էին բերել ոչ թե հետընտրական զարգացումների առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրյալ Գեւորգ Մանուկյանին, այլ՝ մեկուսարանի միեւնույն խցում պահվող, Քրօրի 112 հոդվածով՝ դանակահարության մեջ մեղադրվող մեկ այլ Գեւորգ Մանուկյանի: Ոստիկանները, փորձելով կոծկել իրենց անփութությունը, տեղի ունեցածը մեկը մյուսի վրա էին գցում եւ հոխորտում էին միմյանց վրա: Դատավոր Եվա Դարբինյանը ստիպված նիստը հետաձգեց մինչեւ հուլիսի 14-ը: 28-ամյա Գ. Մանուկյանը մեղադրվում է Քրօրի 225 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այն է՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով»: Հիշեցնենք, որ «ամբաստանյալին» դեռեւս մայիսի 9-ին՝ հանրահավաքներին մասնակցելու պատճառով, կանչել էին հարցաքննության, Էջմիածնի հայրենի Ծիածան գյուղից տեղափոխել էին Երեւան, ապա մայիսի 10-ին ձերբակալել: Ոչ մի կերպ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Գեւորգը տառապել է էպիլեպսիայով, իսկ կալանավորման պահին եղել է բուժման մեջ (տես «Առավոտ», 15.05.2008, 24.05.2008 ): «Առավոտի» հետ զրույցում Գեւորգի հարազատները չժխտեցին նրա մասնակցությունը հանրահավաքներին, բայց աբսուրդ համարեցին նրան այդ հատկանիշներով մեղադրելը: «Ասում են՝ ոստիկաններին միտինգների ժամանակ դիմադրել է, մեկն էլ տեսել է՝ իբր հաց ու ջուր է բաժանել ցուցարարներին: Անհիմն մեղադրանքով դատում են նրան: Մինչեւ այսօր դեռ մեղադրական չեն ներկայացրել, Գեւորգը ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել»,- ասացին նրանք:
Երեկ նույն դատարանում պետք է կայանար նաեւ Քրիստափոր Էլազյանի դատավարությունը: Այս դատը եւս հետաձգվեց մինչեւ հուլիսի 11-ը, քանի որ նրա պաշտպանը՝ Վարդան Զուռնաչյանը, չէր ներկայացել՝ Ք. Էլազյանի հարազատների միջոցով դատարանին փոխանցելով չգալու պատճառները: Ք. Էլազյանը եւս մեղադրվում է 225 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: Նրա մոր՝ Կարինե Ասատուրովայի ներկայացմամբ՝ իր որդու վրա գործ են բարդում միայն նրա համար, որ մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին:
Նշենք նաեւ, որ 225 հոդվածի երկրորդ մասը նախատեսում է ազատազրկում 3-8 տարի, իսկ թե մեղադրողները որքան կպահանջեն՝ դեռեւս պարզ չէ: