Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԵՆ ԹՈՒՅԼ ԼՍՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՉԼՍՈՂՆԵՐԻՆ

Հուլիս 08,2008 00:00

Ինչի պատճառով էլ թիվ 9 հատուկ դպրոցն ու ԿԳՆ-ն խնդիրներ ունեն

Լսողության խանգարումներ ունեցող թիվ 9 եւ թիվ 15 հատուկ դպրոցների հնարավոր միավորման հարցը վերջին օրերին հարուցել է թիվ 9 կրթօջախում սովորող երեխաների ծնողների անհանգստությունը: Նրանք պարբերաբար ցույցեր են կազմակերպել նախագահի նստավայրի, կառավարության եւ ԿԳՆ-ի շենքերի առաջ: Նրանց հիմնական դժգոհությունն այն է, թե ինչու են իրենց թույլ լսողություն ունեցող երեխաներին միավորում լրիվ չլսողների հետ:

Երեկ ԿԳՆ-ն այցելություն էր կազմակերպել թիվ 9 եւ 15 դպրոցներ: Թիվ 9 դպրոցում հավաքված ծնողները եւ մանկավարժները նորից դժգոհեցին: «Առավոտի» հետ զրույցում հատուկ դպրոցի մանկավարժ Վարդուհի Դալյանն ասաց. «Այստեղ երեխաները խոսում են, իսկ թիվ 15 դպրոցում միայն ժեստերի լեզուն պիտի օգտագործեն: Եթե 1967-ին այս դպրոցը անջատվեց խուլերից, ուրեմն դա ինչ-որ բան նշանակում էր, չէ՞: Միավորվելով՝ թույլ լսող երեխաները իրենց խոսքը լրիվ կկորցնեն, այնինչ՝ այստեղ խոսք ենք սովորեցնում, որ կենցաղում կարողանան իրենց միտքը արտահայտել»: «Առավոտը» լսեց նաեւ ծնողներին, որոնք երեկ կառավարության շենքի առաջ կրկին ցույց էին կազմակերպել եւ հավաստիացնում էին, որ իրենց կարծիքը հաշվի չառնելու դեպքում նստացույց էլ կանեն: «Երեխաները, ծնողները, մանկավարժները տառապանքով հնչյուն են դրել մնացորդային լսողության հիմքում, ինչ-որ չափով խոսք զարգացրել: Խուլերի դպրոցի հետ մեր դպրոցի միավորումից մեկ շաբաթ հետո մեր երեխաները հաստատ կմոռանան խոսքը: Ինչպե՞ս կարելի է մի դպրոցում երկու տարբեր ծրագրերով դասավանդել»,- ասաց ծնող Հասմիկ Դավթյանը:

Նախատեսվում է, որ թիվ 9 դպրոցի երեխաների մի մասը կգնա հանրակրթական դպրոց՝ ստանալով ներառական կրթություն: «Մեր երեխաների համար բացառվում է նաեւ ներառական կրթությունը, քանի որ այս դպրոցում ամեն առարկայի համար ունենք առանձին մանկավարժ: Իսկ ներառական կրթությամբ նախատեսված մեկ սուրդոմանկավարժը չի կարող նույն կերպ մատուցել բոլոր առարկաները»,- ասաց ծնող Մելինե Ավետիսյանը: Թիվ 9 դպրոցի մանկավարժ Արտաշես Մնոյանն էլ նկատեց. «Եթե դպրոցի շենքը դատարկվի՝ այն անպայման կվաճառվի: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը այս հրաշալի տարածքի վրա աչք չունենալ: Մյուս կողմից էլ, ծնողները կրկնակի ծախս են կատարելու Զեյթունից Նոր Նորքի թիվ 15 դպրոց հասնելու համար»: Ծնողներին կասկածի տեղիք է տալիս նաեւ այն, որ դպրոցի համար տնօրեն չընտրվեց, դադարեցվեց շենքի գազիֆիկացումը:

«Առավոտը» ԿԳՆ կրթության վարչության հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց հիմա առաջացավ միավորման հարցը: «Դա արվում է հատուկ կրթության բարեփոխման ծրագրերի շրջանակում եւ նկատենք, որ երկու դպրոցներում էլ 3-4 դեցիբել լսողության կորուստ ունեցող երեխաներ են սովորում»,- պատասխանեց նա: Իսկ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը նշեց, թե վերջնական որոշում կայացնելիս ինչն են հաշվի առնելու. «Նկատի ենք ունենալու, արդյոք, պետությունը հնարավորություն ունի՞ երկու նույն ուղղվածության դպրոց պահելու, ինչքանո՞վ են լսողական խանգարում ունեցող երեխաները նույն կատեգորիայի եւ ինչպիսի՞ն են դպրոցների կենցաղային պայմանները: Իսկ թիվ 15-ում դրանք անհամեմատ բարվոք են: Այն կարող է սպասարկել 200 աշակերտի: Մենք որեւէ դպրոց չենք փակում, այլ մեթոդիկան պահպանելով՝ ուսուցումն իրականացնում ենք ավելի արդյունավետ»: Նրան հիշեցրինք, որ ծնողները դժգոհում էին, որ իրենց թույլ լսող երեխաները միավորվում են լրիվ չլսողների հետ: «Խոսքի զարգացման ուղղությունը շարունակվելու է,- հավաստիացրեց փոխնախարարը եւ հավելեց,- մանկավարժների կրճատման հարց չի առաջանա, կկրճատվեն միայն վարչական մասի աշխատողները: Մասնագիտական քննությունն էլ ցույց է տալիս, որ գործ ունենք միանգամայն նույն կոնտինգենտի երեխաների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել