Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդը դեֆիցիտ է

Հուլիս 08,2008 00:00

\"\"Այդ պատճառով էլ մասնագետները կանանց խորհուրդ են տալիս չնստել թախտին ու սպասել բախտին

Տանը մնացած աղջիկներին հոգեբանները կոչ են անում հույսները միջնորդի կամ բախտի վրա չդնել, այլ տղաներին գրավելու եւ ամուսնանալու համար ակտիվորեն գործի անցնել ու կիրառել բոլոր հնարավոր ու անհնար մեթոդները, հակառակ դեպքում՝ ընդմիշտ կզրկվեն ամուսնանալու հնարավորությունից: Ըստ մասնագետների, չամուսնանալու հետեւանքով կանայք առողջական եւ հոգեկան լուրջ խնդիրներ են ունենում:

«Երջանիկ լինելու համար պետք է աղջիկներն էլ նախաձեռնող լինեն եւ չնստեն թախտին ու սպասեն բախտին: Մեր աղջիկները շատ բարդույթներ ունեն: Օրինակ, նրանք երբեք առաջինը չեն ծանոթանա տղայի հետ, դա, նրանց կարծիքով, անբարոյականություն է: Կամ ժպտան անծանոթին, Եվրոպայում կանայք ու տղամարդիկ միմյանց ժպտում են, ի՞նչ է, ուրեմն նրանք անբարոյակա՞ն են: Այսօր մեր աղջիկների դեմքին ողբերգական դիմակ է, նրանք այնպիսի խիստ բարոյական դեմք են ընդունում, որ տղամարդիկ էլ են վախենում մոտենալ: Տղամարդիկ էլ պակասը չեն: Նրանք էլ խիստ ագրեսիվ ու Ռեմբոյի կերպար են ընդունում: Այս վիճակով ինչպե՞ս կարելի է համատեղել միջանձնային հարաբերությունները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԵՊՀ կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը:

Հայաստանում ամուսնանալու տարիքի՝ 19-35 տարեկան 1 տղամարդուն բաժին է ընկնում մոտ 3 կին: Սա՝ պաշտոնական տվյալներով: Սակայն եթե նկատի ունենանք, որ այդ տարիքային խմբի շատ տղամարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի, ոմանք էլ բավարար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով ռիսկ չեն անում ընտանիք կազմել, ամուսնանալու ենթակա տղամարդկանց թիվը պակասում է, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Վ. Միքայելյանը: Նրա խոսքերով, տղամարդու դեֆիցիտը ոչ միայն կանանց համար հոգեբանական խնդիր է, այլեւ՝ ազգային անվտանգության լուրջ պրոբլեմ. «Ազգը վտանգված է: Բանակի, ընտանիք կազմելու ենթակա այդքան տղամարդ դրսում է: Փաստորեն, պետությունը չի ապահովում սերունդների աշխատատեղերը, կամ եթե կան աշխատատեղեր՝ վարձատրությունն է ցածր, եւ երիտասարդը կանգնում է խնդրի առաջ: Որպեսզի նա ամուսնանա, պետք է նորմալ գումար վաստակի, եւ այս ամենից ելնելով,՝ շատ տղամարդիկ ոչ թե իրենց ցանկությամբ, այլ պարտադրված են հեռանում հայրենիքից: Այս խնդիրն առաջացնում է գենդերային անհավասարություն, եւ տղամարդկանց ու կանանց միջեւ բալանսը խախտվում է: Մեր տղամարդկանց մեծ մասն ամուսնանում է դրսում, դա նշանակում է. որ հայկական գենոֆոնդը չի լրացվում, դա է վտանգը, ես դեմ չեմ միջազգային ամուսնություններին, գուցե դա լավ է, գուցե դա երիտասարդացնում է արյունը հին ազգի, բայց թող ամուսնանան ու գան հայրենիք: Չամուսնանալը լուրջ բարդույթներ է առաջացնում: Վերջապես, դա ֆիզիոլոգիա է, եւ օրգանիզմն իր պահանջներն ունի: Եվ եթե մարդը չի բավարարվում, հոգեկանում լուրջ բացասական փոփոխություններ են առաջանում: Իմ պրակտիկայից ասեմ, որ նման խնդիրներ ունեն հիմնականում 30-45 տարեկան կանայք, եւ ինչքան տարիքն ավելանում է՝ այնքան ամուսնանալու հավանականությունը նվազում է: Այսօր աղջկա ամուսնանալու տարիքը տեղափոխվել է 19-23, այս տարիքից հետո ամուսնանալու հավանականությունը հարցականի տակ է»:

Մեր այն դիտարկմանը, որ այսօր տղամարդու մեծ պահանջարկ կա, այդ պատճառով էլ շատերն առիթից օգտվում են եւ մի քանի ընկերուհի են պահում կամ արտաամուսնական կապ են հաստատում, պարոն Միքայելյանի համոզմամբ՝ մեր կանանց դա էլ չի «փրկում». «Գուցե սկզբում կանայք իրենց երջանիկ են զգում, որ նվերներ են ստանում կամ ուշադրություն են զգում, բայց դա հիմնական չէ: Ես մի ֆիլմից խոսքեր ասեմ, որը շատ տեղին է. կինը սիրեկանին ասում է՝ ես հոգնել եմ քնել երկուսով, բայց արթնանալ մենակ: Տղամարդկանց քիչ լինելը նաեւ ինչ-որ տեղ կանանց մեջ լուրջ պայքար է առաջացնում: Դա բնական է, պայքարում են այն բանի համար, ինչը քիչ է»:

Մեր հարցին, թե, արդյոք, բազմակնությունը կփրկի՞ իրավիճակը, պարոն Միքայելյանը պատասխանեց. «Մեր կանայք բազմակնությունը չեն ընդունի: Շատ պարզ բան կա կնոջ հոգեբանության մեջ. նա կարող է ընդունել, որ իր ամուսինը կարող է սիրուհի ունենալ, բայց երբեք չի կարող ընդունել, որ ամուսինն ուրիշին սիրահարվի, նրանք մտածում են, որ սիրուհին ժամանակավոր բան է: Իսկ բազմակնությունը տարբերակ չէ: Ոչ մի կին չի հանդուրժի իր ամուսնու կողքին մեկ այլ՝ պաշտոնական կին տեսնել, իսկ տղամարդն էլ ինչքան կին ունենա՝ այնքան նեւրոզներ կունենա, նա ընկերուհուն ընդունում է ընտանիքից դուրս, ոչ թե ներսում: Դա մեզ համար չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել