Հմայակ Հովհաննիսյանը երեկ խոսում էր non-stop ռեժիմով
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը երեկ բանավիճում էին «Հայացք» ակումբում: Եթե «անվերջախոսության» մրցույթ հայտարարվի եւ Հմայակ Հովհաննիսյանը մասնակցության հայտ ներկայացնի, հաստատ կշահի գլխավոր մրցանակը, քանի որ նրա շատախոսությունը երեկ ուղղակի աննախադեպ էր: Լրագրողները արդարացիորեն նկատեցին, որ պարոն Հովհաննիսյանը «խոսքի ծարավ էր»: Պարոն Հովհաննիսյանը խոսում էր անվերջ, անընդհատ եւ շարունակ, լրագրողները չէին հասցնում հարցեր տալ, նրա ընդդիմախոսը հաջողացնում էր 1-2 նախադասությամբ իր ասելիքը ներկայացնել այն պահերին միայն, երբ կարողանում էր խիստ տոնով «կարգի» հրավիրել պարոն Հովհաննիսյանին՝ պահանջելով, որ չխոչընդոտի իր խոսքի իրավունքը: Իսկ Հովհաննիսյանը յուրաքանչյուր այդպիսի «ընդմիջումից» հետո սկսում էր նոր ավյունով ու նոր եռանդով: Ի դեպ, այն տեղերում, երբ իր խոսքը դառնում էր ավելի ու ավելի երկարաշունչ, պարոն Հովհաննիսյանն անգամ ինքն էր հորանջում խոսքի պահին եւ հետո նոր թափով սկսում էր խոսել:
Որպեսզի ընթերցողը զգա բանավեճի ողջ «հմայքը», ներկայացնենք նրանից որոշ պատառիկներ՝ «կուսական» վիճակում:
– Նամանավանդ, որ «Հ1»-ով գնում էր ատելության քարոզչություն, այսինքն՝ մարդկանց անվանում էին բոմժեր, թմրամոլներ…
– Իսկ ովքեր էլ իրենց հետ չէին՝ տականքներ…
– Ոչ, նման բան չի եղել:
– Ո՞նց չի եղել…:
– Մի րոպե, մի րոպե, ուրեմն, նման բան չի եղել:
– Եղել է, ես եմ լսել, ո՞նց չի եղել:
– Մի րոպե, իշխանության խոսքի գնահատականի, մանավանդ «Հ1»-ի արժեքը շատ ավելի մեծ է, քան որեւէ ընդդիմադիր գործչի արտահայտության արժեքը, որովհետեւ այն խոսքը, որը ասվում է պաշտոնատար անձանց կողմից կամ իշխանության մեջ եղած անձանց կողմից, ասվում է պետության անունից, եւ սրա արժեքը, նամանավանդ, «Հայլուր»-ի քարոզչության…:
– Բայց «Հ1»-ով եթե որեւէ մեկը կարծիք է արտահայտում, դա երկրի եւ պետական կարծիք չէ, մարդկանց թյուրիմացության մեջ մի գցեք…
– Մի րոպե, թողնենք, ես ինքս եկել եմ, տեսել եմ եւ կարող եմ ասել ընդամենը հետեւյալը՝ որ արտակարգ դրությունը մտցվել է այն բանից հետո, երբ արդեն ամեն ինչ կատարված էր, մարդիկ սպանված էին (այս ամբողջ ընթացքում Մկրտիչ Մինասյանը զուր էր փորձում ընդհատել Հմայակ Հովհաննիսյանին եւ իր խոսքն ասել- Մ. Ե.), ժողովրդի վրա կրակել էին, նոր հետին թվով մտցնում են արտակարգ դրություն, դրա իմաստը ո՞րն է …
Այնուհետեւ պրն Հովհաննիսյանը մինչեւ ընթերցեց ՄԱԿ-ի մի շարք որոշումներ, մի շարք օրենքների անուններ, որոնցով պետք է լուծվեր զոհվածների հարազատների շուտափույթ փոխհատուցում տալու հարցը, եւ ասաց.
– Էսօր ո՞ւր է կառավարության որոշումը, որը պետք է լուծեր շուտափույթ փոխհատուցման հարցը:
– Դա ձեր կարծիքն է, որ կարեւորը շուտափույթ օգնության հարցն է, իմ կարծիքով, ամենակարեւորը մարդու կյանքն է, մարդու անվտանգությունը:
– Բա էն երեխեքը սոված են:
– Մի վայրկյան, դուք ասում էիք, ես ձեզ լսում էի, պարոն Հովհաննիսյան, ինձ համար ամենակարեւորը մարդու ազատությունն է, մարդու կյանքը, իհարկե, մյուս մասը, ինչ դուք ասում եք, դա ածանցյալ է, խնդիրը մեկն է՝ պարզել իսկությունը: Եվ երբ կընդունվի, փոխհատուցում կտրվի նրանց, ովքեր զոհ են դարձել եւ ում երեխաները որբ են մնացել:
Հ. Գ. Բանավեճն ամբողջությամբ ներկայացնելու համար անհրաժեշտ կլինեին մեր թերթի այսօրվա համարի բոլոր էջերը: