Արդեն 3-րդ օրն է, ինչ Հյուսիսային պողոտայում շարունակվում է Համաժողովրդական շարժման հայտարարած նստացույցը, որն անցնում է բաց երկնքի տակ, առանց վրանների: Մարդիկ գիշերում են պողոտայի էլիտար շենքերի կամարների տակ՝ գետնին փռած ներքնակների վրա: Նստացույցի մասնակիցների ասելով, հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը պողոտայում է անցկացրել շուրջ 6 տասնյակ մարդ, թեեւ նախորդ գիշերները նստացույցի մասնակիցների թիվն անհամեմատ մեծ է եղել: Հիշեցնենք, որ Համաժողովրդական շարժման կենտրոնը, ի դեմս նստացույցի մասնակիցների, պահանջում է ազատ արձակել «բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել տոտալ հաշվեհարդարը եւ ոստիկանական տեռորը, ապահովել հավաքների ազատությունը, պատժել մարտի 1-ի ոճրագործության գլխավոր պատասխանատու Ռոբերտ Քոչարյանին եւ նրա մեղսակիցներին՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին»: Հավելենք նաեւ, որ նստացույցը տեւելու է մինչեւ օգոստոսի 1-ը:
Նստացույցը նախորդ երեք օրերին անցել է առանց միջադեպերի: Իսկ ահա երեկ, ժ. 15:15-ի սահմաններում, Աբովյան-Թումանյան խաչմերուկից քաղաքացիական հագուստներով շուրջ 10 անհայտ անձինք 11…887 պետհամարանիշով արծաթագույն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով առեւանգել եւ անհայտ ուղղությամբ տարել էին Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչ Արսեն Ներսիսյանին, որը վանատուրցիների հետ միասին առավոտյան եկել էր Սասուն Միքայելյանի ազատ արձակումը պահանջելու եւ դրանից հետո մյուսների հետ միասին երթով եկել էր Հյուսիսային պողոտա: Առեւանգիչները հարձակվել էին նաեւ եւս 2 վանատուրցիների, այդ թվում՝ Ժորա Ստեփանյանի վրա՝ փորձելով ուժով մտցնել ավտոմեքենան, բայց դա նրանց չէր հաջողվել: Հյուսիսային պողոտայում հավաքված մարդիկ դիմել էին պողոտայում հասարակական կարգը ապահովող ոստիկաններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով առեւանգման փաստի վրա՝ նրանցից օգնություն խնդրելով, բայց ոստիկանները հայտարարել էին, թե իրենք ոչինչ անել չեն կարող, որ դա իրենց գործը չէ, ու իրենք «այդ հարցերով չեն զբաղվում», թե ի՞նչ «հարցերով» են իրենք զբաղվում՝ ոստիկանները չէին մասնավորեցրել:
Միայն շուրջ 20 րոպե անց էր պարզվել, որ Արսեն Ներսիսյանին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին՝ իբր, «պետական գույքի դիտավորյալ ոչնչացման» մեղադրանքով: Ըստ ոստիկանների, իրենք փաստեր ունեն, որ Ա. Ներսիսյանը ոտքով հարվածել է ոստիկանության մեքենային: Ականատեսները, սակայն, պնդում էին, որ «դեպքը» տեղի է ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ, եւ ոստիկանության «Գազել» մակնիշի մեքենայի անվադողին ոտքով հարվածողը եղել է ոչ թե Ա. Ներսիսյանը, այլ մի կին, իսկ Արսենը մեքենայի մոտով չի էլ անցել: Ավելի ուշ՝ երեկոյան, Ա. Ներսիսյանին ազատ էին արձակել: