Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՄԱՆ ԳՈՐԾ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ԵՂԵԼ

Հուլիս 08,2008 00:00

«Մարտի 1-ի» գործի մասին ասում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը

– Հայաստանի կողմից 1609 բանաձեւի կատարման վերաբերյալ ԵԽԽՎ-ում քննարկման ժամանակ մեր հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը պատմեց, որ երբ Ձեզ հետ հանդիպման ժամանակ հարցրել է, թե ինչու մինչեւ հիմա 3 պատգամավորների գործերը դատարան չեն ուղարկվել՝ պատասխանել եք, թե այդ պատգամավորները չեն համագործակցում: Ջոն Պրեսկոտն ուղղակի հեգնեց, ասելով, թե հազիվ թե կարելի է զարմանալ, որ մեղադրվողը կարող է եւ չհամագործակցել: Փաստորեն, չեք կարողացել համոզել ԵԽԽՎ համազեկուցողին, որ հիմքեր ունեիք այդ պատգամավորների անձեռնմխելիության հարցով ԱԺ-ին դիմելու համար:

– Նախ՝ դատախազությունը որեւէ մեկին որեւէ հարցով համոզելու խնդիր չունի: Մենք ներկայացնում ենք այն ապացույցները, փաստերը, որոնք գտնվում են մեր տրամադրության ներքո: Երկրորդ՝ ես չեմ օգտագործել «համագործակցել» բառը: Իրենց մոտեցմամբ, եթե անձը ցուցմունք չի տալիս, ուրեմն չի համագործակցում: Ես ուղղակի ասել եմ, որ նրանք հրաժարվում են ցուցմունք տալուց, ուստի այդ պատգամավորների հետ քննչական գործողությունների կատարումն անհնարին է: Ցուցմունք տալը կամ չտալը նրանց իրավունքն է, բնականաբար: Դա իհարկե պատճառ է նախաքննության երկարաձգման համար, քանի որ եթե նրանք որոշակի հարցերի եւ հանգամանքների շուրջ թեկուզ հօգուտ իրենց ցուցմունքներ տային՝ նախաքննության մարմնի համար ավելի հեշտ կլիներ այս կամ այն հանգամանքը պարզելը: Դա ակնհայտ է:

Բացի այդ՝ ԵԽԽՎ համազեկուցողների հարցադրումը նաեւ հետեւյալն էր, թե ինչո՞ւ եթե կային հիմքեր ու ապացույցներ ԱԺ միջնորդություն ներկայացնելու, գործը չի ուղարկվում դատարան: Բավարար հիմքեր եւ ապացույցներ եղել են նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Այժմ կատարվում է նախաքննություն, ստուգվում են ապացույցները: Նախաքննական մարմինը, գործող օրենսդրությամբ, միջոցներ է ձեռնարկում ոչ միայն մեղադրող, այլ նաեւ արդարացնող ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ: Դա նրա պարտականությունն է: Օրենսդրությամբ նախաքննության համար սահմանված ժամկետներում, ձեռք բերված ապացույցների համալիր վերլուծության եւ գնահատման հիման վրա, կկայացվեն համապատասխան որոշումներ:

– ԵԽԽՎ 1620 բանաձեւում պահանջներ կան, որոնց, ինչպես նշեց Դավիթ Հարությունյանը՝ դատախազությունը պարտավոր է անդրադառնալ՝ որոշելով կատարման ընթացքը եւ ձեւը: Թերեւս խոսքը բանաձեւի 4.7.1 եւ 4.7.2 կետերի մասին է, ըստ որոնց՝ «Այն գործերը, որոնք դեռ քննության փուլում են, պետք է փակվեն կամ արագ կերպով ուղարկվեն դատարան», եւ «Այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են ՔՕ 300 եւ 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է կարճվեն», ու կա նաեւ վերապահում: Դատախազությունը մտադի՞ր է հաշվի առնել այս պահանջները:

– ԵԽԽՎ բանաձեւն, իհարկե, պարտավորություններ է առաջացնում մեր պետության, իշխանությունների համար, իսկ նախաքննություն իրականացնող մարմինները, դրանց օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազությունը պետության մի մասն են: Այդ առումով, բնականաբար, պարտավորությունները վերաբերում են նաեւ մեզ: Բայց պետք է ասեմ նաեւ, որ բանաձեւը հաճախ յուրովի է մեկնաբանվում եւ աղավաղվում: Բանաձեւում չկա պահանջ, թե բոլոր նրանք, ովքեր մեղադրվում են 225 հոդվածով՝ պետք է ազատ արձակվեն:

– Այո, բացառություն կա՝ «երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանը»:

– Այո՛: Կարդում են բանաձեւի միայն մի մասը, որը ձեռնտու է իրենց կամ սեփական տեսակետը հիմնավորելուն: Բանաձեւի պահանջները պիտի իրականացվեն իրենց ամբողջականության մեջ: Եվ ընդհանրապես, լինի ԵԽԽՎ բանաձեւ, թե մեկ այլ փաստաթուղթ, անընդունելի եմ համարում դրա՝ ըստ սեփական նպատակահարմարության մեկնաբանելը: Ում ինչ ենք ուզում դրանով ապացուցել կամ ում ենք ցանկանում, կներեք, խաբել՝ հասարակությա՞նը, միջազգային հանրությա՞նը, թե՞ ինքներս մեզ:

Ինչ վերաբերում է բանաձեւում Ձեր նշած դրույթներին, պետք է եւս մեկ անգամ նշեմ, որ նախաքննության մարմինը մեղադրանքներ է առաջադրել բացառապես այն մարդկանց, որոնք կատարել են քրեորեն հետապնդելի գործողություններ: Խոսք կարող է լինել այս կամ այն գործողությունների ապացուցված լինել կամ չլինելու մասին, ինչի մասին վերջնական եզրակացությունը կարող է տալ միայն դատարանը:

Նշեմ նաեւ, որ 225 հոդվածը, որը փորձ է արվում ներկայացնել որպես քաղաքական հետապնդում, ուղղակի վերաբերում է կոնկրետ բռնի գործողություններին՝ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելուն եւ անցկացնելուն: Եվ հենց այս հոդվածի հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում է քննություն տարվում արձանագրված 10 մահերի բացահայտման ուղղությամբ, որը որոշ քաղաքական գործիչների համար դարձել էր շահարկման առարկա, թե իբր այդ դեպքերի առթիվ քրգործեր չեն հարուցվել: Մինչդեռ, այդ բոլոր փաստերի առթիվ քրեական գործը հարուցվել է դեռեւս մարտի 2-ին:

Մի հանգամանք կա, որը կուզենայի ընդգծել. վեհաժողովի բանաձեւի մեջ կան երանգներ, որոնք չեն վերաբերում խորհրդարանական որոշումներին: Եվրոպական կառույցներն իրենք են մշտապես հարցադրումներ անում իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի պահպանման վերաբերյալ: Բայց նշված բանաձեւում կան դրույթներ, որոնք վերաբերում են դատական իշխանության կողմից կայացվելիք որոշումներին: Օրինակ, թե այս կամ այն ապացույցը կարո՞ղ է ընդունվել, թե՞ ոչ:

– Խոսքը թերեւս 1620 բանաձեւի 4.7.3 կետի մասին է. «Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես միայն ոստիկանական ցուցմունքի վրա՝ առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»:

– Այո՛: Ապացույցի թույլատրելիությունը միայն դատական իշխանության որոշելիք հարց է: Պատկերացնո՞ւմ եք, որ մեր խորհրդարանը որոշում ընդունի, թե այսինչ քրեական գործով այնինչ ապացույցները չի կարելի ընդունել. դա ի՞նչ արձագանք կունենա հենց այդ նույն գործիչների կողմից, որոնք ջանասիրաբար ուզում են պաշտպանել նման մոտեցումը: Խնդրեմ, եթե միջազգային պրակտիկայում կա նման փորձ, ապա թող մեր ԱԺ-ն ուսումնասիրի եւ ընդունի համապատասխան որոշում: Դատախազությունը սահմանադրական իր լիազորություններն իրականացնում է ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների շրջանակներում:

Բանաձեւում արտահայտություն կա՝ չեզոք վկա: Այո՛, նախաքննական մարմինն այսօր ունի չեզոք վկաների կարիք: Այդ մասին խոսել եմ նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ՝ Սանկտ Պետերբուրգում հուլիսի 2-ի հանդիպման ժամանակ: Ո՞ւմ պետք է գտնենք ու բերենք որպես չեզոք վկայի, որ նա չլինի ո՛չ հանրահավաքի մասնակից, ո՛չ էլ ոստիկան: Այդ ուղղությամբ օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնող մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

– Մի ուշագրավ օրինաչափություն կա. այն մարդիկ, ովքեր մարտի 1-ին իրոք մասնակցել են խանութների թալանին՝ դատապարտվում են պայմանական ազատազրկման: Ասենք, Հովհաննես Մնացականյանը, որը մասնակցել էր «Ռոբերտո» խանութի կողոպուտին՝ դատապարտվեց 3,5 տարվա պայմանական ազատազրկման: Իսկ մարդիկ, որոնք որքան հայտնի է՝ իրոք որեւէ բռնի գործողություն չեն արել ու համապատասխանում են ԵԽԽՎ բանաձեւում արված վերապահմանը՝ շարունակում են մնալ բանտում: Եթե ոչ քաղաքական դրդապատճառներով՝ ինչպե՞ս է բացատրելի այս մոտեցումը:

– Ո՞ւմ նկատի ունեք, որ չի կատարել նման գործողություն, բայց շարունակում է մնալ ազատազրկված:

– Ասենք, Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը կատարե՞լ են որեւէ բռնի գործողություն:

– Բռնի գործողություն կատարելու մասին չէ միայն խոսքը: Երկրորդ՝ տարբեր հարցեր խառնում եք. նախնական խափանման միջոցն ու դատարանի կողմից նշանակված պատիժը տարբեր հասկացություններ են: Ալեքսանդր Արզումանյանի եւ Արարատ Զուրաբյանի մասով նախաքննությունը դեռ շարունակվում է, եւ պատժի տեսակի մասին խոսելը դեռ վաղ է:

Համաձայն չեմ Ձեր այն դիտարկմանը, թե խանութների թալանին անմիջական մասնակիցները դատապարտվել են միայն պայմանական: Նրանցից շատերը դատապարտվել են ազատազրկման: Ձեր նշած օրինակի կապակցությամբ ասեմ, որ այդ նույն դրվագով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնցից 2-ը դատապարտվել են ազատազրկման, իսկ 1-ը՝ պայմանական, որովհետեւ օգնել էր նախաքննական մարմնին բացահայտել դեպքի մանրամասները: Սա նույնպես նախատեսված է օրենսդրությամբ: Ինչ վերաբերում է պայմանական ազատազրկմանն ընդհանրապես, ապա մեղադրյալներից ոմանք, այո՛, դատապարտվել են պայմանական. նրանց թվում կան ե՛ւ կողոպուտի մասնակիցներ, ե՛ւ ոստիկանների նկատմամբ բռնություններ գործադրողներ: Մեղադրողների դիրքորոշումը հիմնված է պատժի անհատականացման սկզբունքի վրա՝ պայմանավորված գործողությունների ինտենսիվությամբ, կողոպուտի չափերով եւ, որ շատ կարեւորում ենք, թե ՝ ինչ չափով են նրանք օժանդակել նախաքննության իրականացմանը:

– Մարտի 1-ի գործով կալանավորված ան ձինք, որոնք հրաժարվել են նախաքննության ընթացքում ցուցմունքներ տալուց՝ Պաշտպանին հայտնել են, որ ամիսներ շարունակ իրենց նկատմամբ չեն իրականացվում քննչական գործողություններ, բայց հարուցված գործերը չեն ուղարկվում դատարան, որտեղ հնարավորություն կունենային ներկայացնել իրենց դիրքորոշումը:

– Նախաքննության իրականացումը չի սահմանափակվում միայն մեղադրյալների հարցաքննությամբ կամ նրանց հետ կատարվելիք գործողություններով: Այդ բոլոր դրվագներով իրականացվում են նաեւ այլ քննչական գործողություններ, որոնք կապված չեն մեղադրյալի հարցաքննության հետ: Այդ գործողությունները ժամանակ են պահանջում, մասնավորապես՝ փորձաքննությունները, հանգամանքների ստուգումը, այլ վկաների հայտնաբերումը եւ հարցաքննումը: Նախաքննության ժամկետը հասկանալու, դրա երկարաձգված կամ արագ լինելը գնահատելու համար հարկավոր է նայել քրեական գործն իր ամբողջ համատեքստում՝ քանի՞ փորձաքննություն է արվել, քանի՞ մարդ է հարցաքննվել, ինչքա՞ն զննություններ, առգրավումներ ու խուզարկություններ են կատարվել: Իրականացված աշխատանքների ծավալը եթե համեմատելու լինենք բազում այլ քրեական գործերի հետ՝ ակնհայտ կդառնա, որ այս գործի քննությունն ավելի արագացված է եղել: Գաղտնիք չէ նաեւ, որ նման քրեական գործ նախկինում մեր իրականության մեջ չի եղել՝ թե՛ իր ծավալով եւ թե՛ իր բնույթով, եւ մեր քննիչները նման գործեր քննելու փորձառություն չեն ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել