Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում երկրից դուրս քավության նոխազներ չփնտրել
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ իշխանություններն այսօր հետաձգում են ժողովրդի պայթյունը, թույլ չեն տալիս, որ կուտակված անարդարությունների ալիքը դուրս գա: Երեկ «Հայելի» ակումբում նա բոլորին կոչ արեց դադարեցնել քավության նոխազներ փնտրել երկրից դուրս: Թիվ մեկ խնդիրը նա էլ համարում է քաղբանտարկյալների ազատ արձակումը. «Պետք չէ սպասել, որ ԵԽԽՎ-ն ինչ-որ բանաձեւ ընդունի, ինչ-որ դրույթ հռչակի, ինչ-որ պարտադրանք իջեցնի, որ ՀՀ իշխանությունները կամ ինչ-որ ժամանակավոր հանձնաժողով ընդունի այս կամ այն դրույթը: Ես վստահ եմ, որ Ա. Արզումանյանը, Ա. Զուրաբյանը, Մատենադարանի փոխտնօրենը եւ մյուսները ազատազրկվել են իրենց հայացքների համար: Միշտ էլ նրանց համար քրեական հոդվածներ կգտնվեն: Խորհրդային տարիներին էլ նստեցնում էին եւ հետո գտնում քրեական հոդվածներ: Նույնն էր Օսմանյան կայսրությունում. իշխանական նպատակահարմարությունից ելնելով՝ որոշում ես, թե ով է քաղաքական հակառակորդը: Քրեական հոդվածը միշտ կա»: Մարտի 1-ի դեպքերի առիթով խորհրդարանական հանձնաժողովի մասով նա ասաց. «Այդ հանձնաժողովը պե՞տք է ունենա հանրապետության բոլոր երեք նախագահներին հարց ու պատասխանի հրավիրելու հնարավորություն, հատկապես 2-րդ նախագահին, ով նախագահում էր մարտի 1-ին եւ 2-ին: Եթե այդ հանձնաժողովը միայն գրագրություն պետք է ներկայացնի պատկան մարմիններին, դա անիմաստ է»:
Բանախոսի համոզմամբ, Հայաստանում «ժողովրդավարության դեֆիցիտը, լեգիտիմության բացն անմիջականորեն ազդում են արտաքին հարաբերությունների վրա»: Նրա կարծիքով՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն իր ամբողջ կարողությունը ներդրեց, որ ՀՀ-ի վերաբերյալ բանաձեւը «մի քիչ խելքին պառկելի լինի»: «Բարձիթողի վիճակում են գտնվում մեր արտաքին հարաբերությունները, արցախյան հիմնահարցը. ՄԱԿ-ում ընդունված տխրահռչակ այդ բանաձեւը հակապատմական, հակաիրավական փաստաթուղթ է եւ մտավ միջազգային կազմակերպությունների շրջանառության մեջ: Յուրաքանչյուր հայ իր վրա պետք է զգա այդ պատասխանատվությունը»,- սրանով է բացատրում Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԽԽՎ աշխատանքներին իր մասնակցությունը դադարեցնելը: Բանախոսը կասկած չունի, որ եթե ՀՀ նախագահի ընտրություններում հանձնած լինեինք ժողովրդավարության քննությունը, ապա մենք կկարողանայինք հայկական կողմի հաղթանակը ներկայացնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւի նկատմամբ. «Սրանք այլեւս փոխկապակցված են, եւ պատրանք դարձնել, որ մենք կկարողանանք սքողել, պարտակել մեր ժողովրդավարության բացերը եւ դրանով իրականացնել մեր արտաքին քաղաքականությունը՝ այլեւս չի անցնի: Ի՞նչ է նշանակում, ադրբեջանական բանաձեւում որպես մխիթարանք, որպես փոխհատուցում, որպես ներողամտության արտահայտություն՝ ասում են, որ տարածքային ամբողջականության եւ ժողովրդավարության խնդիրները կարող են բաց մնալ եւ Ադրբեջանը չդառնա ժողովրդավարական երկիրը: Սա ի՞նչ պատրվակ է: Եթե այդպես է, ապա Հայաստանը ունի պատմական հայրենազրկում, եղեռն, ժամանակակից շրջափակումներ, հազար ու մեկ հարվածներ մեր ազգային անվտանգությանը, սակայն ես պահանջում եմ, որ ՀՀ-ն չունենա որեւէ մի պատճառ, պատրվակ՝ ժողովրդավարության քննությունը չհանձնելու համար»: Րաֆֆի Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Ադրբեջան այցելելով՝ ԵԽԽՎ նախագահը ասել է, թե ԼՂ-ն օկուպացված է ՀՀ-ի կողմից, իրականում ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: «Առաջին հերթին՝ մենք մեզ վրա պետք է վերցնենք այդ պատասխանատվությունը, որ մեր ժողովրդավարական ոչ վայել պահվածքը հրավիրեց նման արձագանք»,- հորդորում է «Ժառանգության» ղեկավարը: Ի դեպ, ԵԽԽՎ նախագահի՝ հաջորդ շաբաթ Հայաստան կատարելիք այցի ընթացքում պարոն Հովհաննիսյանը պատրաստվում է պարզաբանումներ ստանալ նրանից: Նա մեր արտաքին հարաբերությունների պարտություն է համարում նաեւ վերջերս ստորագրված Մոսկվա-Բաքու ռազմավարական պայմանագիրը: «Սա նրանց համար գործուղում է: Նրանք չեն արթնանում ու քնում Հայաստանի ապագայով»,- այսպես է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի հարցով համազեկուցողներին:
«ՀՀ-ում գործն ու խոսքը չեն համապատասխանում»,- իշխանության գործունեությանը նման գնահատական է տալիս բանախոսը: Երկրում ստեղծված իրավիճակը փոխելու ձեւը նա նույնպես համապետական ընտրություններն է համարում: