Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԻՉԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ԿԵՂԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵ՞Ր

Հուլիս 05,2008 00:00

Մայիսի 24-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած ավտովթարին «Առավոտ» օրաթերթն անդրադարձել է՝ տեղեկացնելով, որ այս գործով տուժողը վերածվել է մեղադրյալի: Ոստիկանության քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ով դեպքի վայր է ժամանել ավտովթարի հիմնական դերակատար «Ջիպի» (13 ՍՏ 632) վարորդի ծանոթ-բարեկամների ուղեկցությամբ, ամեն ջանք գործադրել է ավտովթարի իրական հանգամանքները քողարկելու համար: Հիշեցնենք, որ «Ժիգուլու» վարորդ Ռաֆիկ Սարդարյանը վթարի հետեւանքով ստացել էր մարմնական վնասվածքներ: Ճիշտ է՝ նրան տեղափոխել էին հիվանդանոց, բայց չէին մոռացել նաեւ ավտոմեքենան տեղաշարժելու մասին: Երեկ մենք տեղեկացանք, որ, չնայած ականատես վկաների ցուցմունքներին, տուժողը ներգրավվել է որպես մեղադրյալ: Քննիչը կազմել է կեղծ գծագիր ավտովթարի վերաբերյալ, մոռանալով, որ ավտոմեքենաները տեղաշարժվել են եւ դրա հիման վրա ստեղծվել է կեղծ ապացույց «Ժիգուլու» վարորդին մեղադրանք ներկայացնելու համար: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, «Ջիպի» տերերն այնքան են ոգեւորվել, որ հիվանդանոց են գնացել ու սպառնացել Ռաֆիկ Սարդարյանին, թեեւ վթարից հետո «Ջիպի» ղեկին գտնված Կարենը խնդրել էր տուժողին չբողոքել՝ խոստանալով հոգալ բուժօգնության հետ կապված ծախսերը: Իսկ քանի որ քննիչ Դավիթ Մարտիրոսյանն արդեն հոգացել է ամեն ինչի մասին, ապա ոչինչ չի խանգարում «Ջիպը» վերանորոգելու ծախսերը նույնպես Ռ. Սարդարյանի վրա բարդելու համար, ինչու չէ, նաեւ նրան մեղադրելու՝ մարմնական վնասվածքներ ստանալու համար: Նմանատիպ մեկ այլ գործի մասին կարդացեք «Առավոտի» առաջիկա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել