Գիրք վեցերորդ
Գլուխ տասնութերորդ
ՎՈԺԴ ՄԻՇԱՆ
Երկար ժամանակ չէի կարողանում քնել, եւ առավոտյան արթնացա ուժեղ աղմուկից, ու մերոնք արդեն աշխատանքի էին, եւ ես լուսամուտից նայելով՝ տեսա, որ ահագին մարդ է հավաքվել մեքենայիս շուրջ, եւ երբ բակ իջա ու մեր վերեւի Շուրիկին հարցրի՝ «ի՞նչ ա էղել», Շուրիկը քթի տակ խնդաց ու ասաց՝ «Գարուշի ավտոն են տարել», եւ երբ հարցրի՝ «ո՞վ ա տարել», Շուրիկը ծիծաղեց ու ասաց՝ «ես չեմ տարել» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «կողքի ավտոյի էլ ակներն են տարել», եւ ես ցնցվեցի ու հարցրի՝ «ի՞նչ ակներ», եւ Շուրիկն ասաց՝ «պագրիշկեքը. չորսն էլ ակուռատնի հանել ու տարել են», եւ ես նորից հարցրի՝ «ո՞վ ա տարել», եւ Շուրիկն ասաց՝ «չգիտեմ ով ա տարել, բայց շատ մակարդակով գործ են արել» եւ ինձ նայելով ավելացրեց՝ «ընենց գույնդ գցեցիր, ոնց որ քո ավտոյի պագրիշկեքն են տարել», եւ ես ասացի՝ «էդ իմ ավտոն ա», եւ Շուրիկը զարմացած հարցրեց՝ «էդ կեղտոտը՞», եւ ես ասացի՝ «կեղտոտ ա, բայց թոփ թազա ավտո ա», եւ Շուրիկը զարմացած հարցրեց՝ «էս ե՞րբ ես բերել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էս գիշեր», եւ Շուրիկն ասաց՝ «ես է՛լ էի ասում՝ թազա ավտո ա, բայց տղերքը հետս վիճում էին», եւ ես ասացի՝ «յուղը վրեն ավտո ա», եւ Շուրիկն ասաց՝ «ես մենակ իմ մեռնելը չգիտեմ» եւ ավելացրեց՝ «բախտդ բերել ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Շուրիկն ասաց՝ «երեւի էդ տանողները քսիֆ են ստացել, որ հայաթում թազա ավտո կա, ու որ մթնով էկել են, մտածել են՝ Գարուշինն ա թազեն», եւ ես հարցրի՝ «բա իմի ակնե՞րը խի են տարել», եւ Շուրիկը ծիծաղեց ու ասաց՝ «ձեռի հետ էլ քոնի ակներն են տարել. էդ էլ ա գործ», ու էդ պահին մեքենայիս ակների փուչ տեղերը չէին երեւում, որովհետեւ Գարուշն ու ժողովուրդը շրջապատել էին էդ ձախորդ ավտոմեքենաս, եւ երբ մենք մոտեցանք Գարուշին ու հավաքվածներին, եւ երբ Շուրիկը հավաքվածներին իրազեկեց, որ էդ անանիվ մեքենան իմն է, հավաքվածների ու հատկապես Գարուշի աչքերը ճակատները թռան, եւ Գարուշը մի քիչ մտածելուց հետո խորը հոգոց հանեց ու ասաց՝ «պարզ ա», եւ Շուրիկը հարցրեց՝ «ի՞նչն ա պարզ», եւ Գարուշն ասաց՝ «իմացել են, որ հայաթում թազա ավտո ա հայտնվել, վրա են տվել», եւ Շուրիկը հարցրեց՝ «ո՞վ ա վրա տվել», եւ Գարուշն ասաց՝ «էդ գողերը», եւ Շուրիկը հարցրեց՝ «բա գողերը խի՞ են Արմենի էս թազա ավտոն թողած՝ քոնը տարել», եւ Գարուշը մի քիչ մտածեց, հառաչեց ու ասաց՝ «երեւի իմը որ մաքուր ա էղել, մտածել են՝ թազեն իմն ա», եւ Շուրիկը ծիծաղեց ու ասաց՝ «քե՛զ ասա. էրեկ ժամերով ավտոդ լվանում ու փայլացնում էիր», եւ շիվարած Գարուշն ատելությամբ նայեց Շուրիկին ու ասաց՝ «որ քոնը տարած ըլնեին, դժվար թե ատամներդ ըտենց բացեիր», եւ Շուրիկը Գարուշին պատասխանեց ու ասաց՝ «տեղդ նեղն ա, դրա համար ատվետդ չեմ տալի», եւ Գարուշը Շուրիկին ասաց՝ «տեղս նեղն ա, դրա համար ա՞ տրամադրությունդ ըտենց բարձր», եւ Շուրիկն իրեն զսպեց ու ինձ ասաց՝ «լավ ես պրծել, Արմեն ջան», եւ ես Շուրիկին հարցրի՝ «հիմի էս ավտոն ի՞նչ անեմ», եւ Շուրիկն ասաց՝ «ծախի՝ պրծի» եւ ավելացրեց՝ «խառը վախտեր են. առանց գարաժ ավտոն միշտ էլ պրիցելի տակ ա», եւ ես ասացի՝ «ծախելու միտք չունեի», եւ Շուրիկը հարցրեց՝ «հիմի էլ չունե՞ս», եւ ես ասացի՝ «հիմի արդեն չգիտեմ», եւ Շուրիկն ասաց՝ «որ գարաժ չունես, մի օր էլ քոնը կփախցնեն. ափսոս ա», եւ ես հարցրի՝ «բայց էս ավտոն էս վիճակում ո՞վ կառնի», եւ Շուրիկն ասաց՝ «յուղը վրեն ավտո ա. առնող շատ հեշտ կճարվի», եւ ես հարցրի՝ «ինչքա՞ն կտան», եւ Շուրիկն ասաց՝ «մի ամիս առաջ երեսուն տալիս էին, բայց հիմի, ասում են, քառասունհինգ ա հասել» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «բայց որ ակները չկան՝ քառասուն հազիվ տան», եւ ես առանց երկար մտածելու ասացի՝ «որ քառասուն տան՝ հենց հիմի էլ կտամ», եւ Շուրիկն ասաց՝ «Սարի թաղ մեկը կա՝ հաստատ կառնի», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա», եւ Շուրիկն ասաց՝ «մեր տղերքից ա», եւ ես ասացի՝ «թե առնող ա՝ էլ ուրիշ մարդ ման չգանք», եւ Շուրիկն ասաց՝ «դու տունը էղի՝ ես գնամ իրան զանգեմ», եւ ես գնացի տուն, եւ Շուրիկը քիչ անց հայտնվեց ու ասաց, որ առնողները կես ժամից փողով կգան, եւ կես ժամից առնողներն իսկապես իրենց «Քսանչորսով» ու չորս հատ նոփնոր անվադողերով եկան, անվադողերը հագցրին ավտոմեքենայիս, քառասուն հազարը հաշվեցին ու տվին ինձ, եւ բոլորս միասին՝ Շուրիկն էլ մեզ հետ, գնացինք ձեւակերպումներն անելու, եւ օրվա կեսին իմ էդ ավտոյից վերջնականապես էի ազատագրված, եւ չնայած հաջորդ օրերին հարեւաններից շատերն էին Շուրիկի դեմ ինձ շիրա տալիս, ասելով, որ իմ էդ «Զրո վեցն» ամենաքիչը հիսուն հազարով կարող էի ծախել, բայց ես ոչ միայն Շուրիկի դեմ չէի չարանում, այլեւ մտածում էի, որ եթե նույնիսկ Շուրիկն արանքում հինգ հազար էլ շահած լիներ՝ իրեն հալալ էր, որովհետեւ իմ էդ «Զրո վեցը» ոչ միայն անհայտությունից հանկարծակի հայտնվել ու որոշակիացել էր, այլեւ գտել էր իր որոշակի ու երեւելի տիրոջը՝ Սարիթաղցի Աշոտին, որին իմ «Զրո վեցն» էնքան էր սազում՝ ասես էդ մեքենան հատուկ իր համար արտադրված լիներ:
Կողքից ինձ հազար ու մի շիրա տվող կար, եւ Գարուշն ու բոլորն ինձ ասում էին, որ Շուրիկն իմ ու Սարիթաղցու արանքում առնվազն հինգ հազար շահել է, բայց ես ու հատկապես Սարիթաղցին Շուրիկից շատ գոհ էինք, եւ հատկապես ու առանձնապես Սարիթաղցին էր գոհ, որովհետեւ ինֆլյացիա կոչվածն արդեն սկսվել ու երեւան էր եկել, եւ էդ կարգի «Զրո վեցին» հունիսի կեսերին արդեն հարյուր հազար էին տալիս, եւ չնայած ինֆլյացիա կոչվածն օրեցօր ու ժամառժամ էր սաստկանում, բայց ես իմ վիճակից դժգոհ չէի՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ ավտոն, փաստորեն, չեղած տեղից հայտնվեց ու մարմնավորվեց, այլեւ էն պատճառով, որ ես էդ ինֆլյացիա կոչվածի մասին բացարձակապես պատկերացում չունեի, եւ միայն օգոստոսի կեսերին, երբ իմ էդ քառասուն հազարով ընդամենը չորս անվադող կարող էի առնել, ես ինֆլյացիայի բուն էությունն ու ահավորությունը հստակորեն հասկացա, բայց արդեն շատ ուշ էր, եւ արդեն անվադողերի կարիք չունեի էլ, ու էդ քառասուն հազարս էդպես անիմաստ մեր գրապահարանի վերեւում դարսված մնաց՝ մինչեւ վերջնականապես փոշիացավ, ավելի ստույգ՝ ոչ թե քառասունը փոշիացավ, այլ՝ ընդամենը երեսունհինգը, որովհետեւ, այնուամենայնիվ, մենք նախավերջին պահին հինգ հազարով խոհանոցի պահարան առանք, որը մինչեւ էսօր օգտագործում ենք, ավելի ստույգ՝ մինչեւ երեկ էինք օգտագործում, իսկ հենց էս պահին մեր դռնից հանվում է, որովհետեւ, մինչեւ էսպես հիշում ու պատմում էի, Աբոյի բրիգադը մեր տան վերանորոգման գործում ահագին առաջացել է, եւ Աբոյի բրիգադ ասելով՝ նկատի ունեմ իր ավագ եղբորն ու հորը, որին, զգացինք, խոհանոցի մեր էդ պահարանը դուր եկավ, ու քանի որ նաեւ զգում էինք, որ էդ պահարանը մեր վերանորոգված տանը չի սազելու, առաջարկեցինք, ու իրենք էս պահին ընտանյոք մեր դռնից հանում են էդ, ուրեմն, պահարանը, որի հետ կապված հուշերն, ինչպես համոզվեցիք, դեռեւս շարունակվում են, ու էս հուշերիս ամենատխուր դրվագն էն էր, որ երբ արդեն «Զրո վեցս» ծախել ու քառասուն հազարս դարսել էի մեր գրապահարանի գլխին, մայիսի չորսի երեկոյան «Լրաբերով» լսեցի, որ Մովսես գյուղում «Կոլցո» օպերացիայի ժամանակ զոհվել է Վոժդ Միշան, եւ չնայած իրեն Սամսոնի հետ ընդամենը մի քանի րոպե էի տեսել, լուսանկարից անմիջապես ճանաչեցի՝ էկրանից հարազատի պես ինձ էր նայում, եւ վերջերս, երբ էս հուշերիս առիթով Սամսոնին հանդիպեցի ու ասացի, որ իմ էդ «Զրո վեցի» պատմությունն ուզում եմ գրեմ, եւ երբ էդ պատմությունն իրեն հիշեցրի, ինքը երկար մտածեց, բայց ոչ մի կերպ չկարողացավ հիշել էդ ամբողջ պատմությունից մի դրվագ անգամ, եւ երբ պնդեցի, ինքն ասաց՝ «հնարավոր ա. ըտենց էնքա՜ն ավտոներ ենք հետ բերել. մանավանդ՝ Վոժդը», եւ ես, իհարկե, շատ զարմացա, որ Սամսոնը չի հիշում իրենց արած էդ լավությունը, եւ Սամսոնն ասաց՝ «շատ հնարավոր ա, որ էդ ավտոդ Վոժդը վազվռատ արած ըլնի, բայց ինձ ասած չըլնի», բայց ես համոզված եմ, որ Վոժդն էր իմ էդ «Զրո վեցը» չգոյությունից իրականություն դարձնողը, որովհետեւ հազար անգամ մտածել եւ ուրիշ տարբերակներ չեմ կարողացել գտնել, քանի որ մյուս բոլոր վարկածներն անիրատեսական են ու որեւէ տրամաբանության չեն դիմանում, մանավանդ որ՝ իրենցից բացի՝ ուրիշ ոչ ոքի էդ «Զրո վեցիս» հաշվով չէի խնդրել. այնպես որ, Վոժդի տարբերակն է միակն ու հավաստին, ընդ որում՝ Վոժդի տարբերակն առանց Սամսոնի, որովհետեւ, եթե Սամսոնն ավտոմեքենայիս վերադարձի գործում Վոժդի հետ համագործակցած լիներ, հետո անպայման որեւէ կերպ ինձ իմացնել կտար, եւ, բացի այդ, եթե Սամսոնն էդ մեքենայիս վերադարձի հետ որեւէ առնչություն ունենար, հիմա՝ իմ հիշեցնելուց հետո՛ գոնե կհիշեր էդ պատմությունը կամ՝ մեր նախորդ հանդիպումներից որեւէ մեկի ժամանակ ինձ կհիշեցներ՝ ոչ թե իրենց արած էդ լավությունը շեշտելու ու նշելու նպատակով, այլ Վոժդին մի ավելորդ անգամ բարձրացնելու ու պանծացնելու համար, որովհետեւ Սամսոնն իր ընկերներին ու իր ընկերներից հատկապես Վոժդին առիթով ու անառիթ բարձրացնող ու պանծացնող է. այսինքն, ըստ ամենայնի, Վոժդն ավտոմեքենայիս վազվռատն առանց Սամսոնի էր արել եւ առանց Սամսոնին էդ մասին տեղյակ պահելու՝ սլացել էր ճակատամարտի թեժ գիծ եւ իննսունմեկի մայիսի չորսին Մովսես գյուղում զոհվել էր, եւ էս մանրամասները ոչ թե ես եմ հիշում, այլ՝ Սամսոնը, եւ չնայած Սամսոնն իրենց արած էդ լավությունը չէր հիշում, բայց ասաց, որ իմ էդ ավտոմեքենայի պատմությունը պիտի որ իննսունմեկի մարտի վերջերին կամ ապրիլի մեջ տեղի ունեցած լինի, եւ երբ իրեն ասացի՝ «Սովետի ուղարկած վերջին ավտոներն էին», Սամսոնն ասաց՝ «վերջինը չէր. վերջինը մեր Գերագույն խորհրդինն էր՝ հուլիսին. ես է՛լ եմ էդ վերջին պարտիայից ստացել», եւ ես հարցրի՝ «ձեր ավտոները չգողացա՞ն», եւ Սամսոնն ասաց՝ «էդ գողություն չէր. տղերքը կռվելու էին գնում՝ տակներն ավտո չկար», եւ ես ասացի՝ «ուզում եմ ասեմ՝ ձեր ավտոներից չէին տարե՞լ», եւ Սամսոնն ասաց՝ «իմը՝ չէ, բայց Արշակյան Աղասինը հենց Սերվիսից էին տարել», եւ ես հարցրի՝ «հետո գտա՞ն», եւ Սամսոնն ասաց՝ «ճիշտն ասած՝ չեմ հիշում», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «դու հեչ քո՛ գտածը չես հիշում, ուր մնաց՝ ուրիշներինը հիշես», եւ Սամսոնն ասաց՝ «շատ հնարավոր ա, որ քոնը Վոժդը գտած ըլնի, բայց էդ մասին ինձ ասած չըլնի. էդ օրերին ինքն էնքան խառն էր, որ երեւի չի էլ հիշել», եւ ես ասացի՝ «մեր խոսակցության նույն օրը՝ գիշերվա տասի կողմերն էդ ավտոս բերին՝ մեր դռան դեմ կանգնացրին», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հաստատ Վոժդի ասելով են բերել. ինքն էդ օրերին կռվող տղերքի մեջ մեծ հեղինակություն էր», եւ ես ասացի՝ «հենց հաջորդ օրն էդ ավտոն քառասուն հազարով ծախեցի», եւ Սամսոնն ասաց՝ «հաստատ մարտին կամ ապրիլին ա էղել. մեզ էլ պիտի էդ պարտիայից տային, բայց որոշեցին արվեստագետներին տան», եւ ես ասացի՝ «որովհետեւ դրանք Գրողների միության ու մյուս միությունների ավտոներն էին. ես էլ էի էդ հերթի մեջ», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ քառասունով ես ծախել, ուրեմն՝ հաստատ մարտին կամ ապրիլին ա էղել», եւ ես ասացի՝ «ամենաուշը՝ մայիսին», եւ Սամսոնն ասաց՝ «մայիսին չէր կարա ըլներ. մայիսի չորսին ինքը զոհվեց», եւ ես ասացի՝ «էդ ավտոյիս պատմությունից մի քանի շաբաթ անց «Լրաբերով» իրա զոհվելու մասին իմացա», եւ Սամսոնն ասաց՝ «որտեղ կռիվ կար՝ ինքը վազում էր էնտեղ», եւ ես հարցրի՝ «էդ վախտ պատերազմն արդեն սկսվե՞լ էր», եւ Սամսոնը պատասխանեց ու ասաց՝ «Հայաստանի սահմաններին կռիվը շուտվանից էր սկսվել», եւ ես ասացի՝ «Մոսոն Երասխի կռվի վախտ զոհվեց», եւ Սամսոնն ասաց՝ «Երասխի կռիվն առաջինն էր», եւ ես ասացի՝ «էդ օրը լավ եմ հիշում. ճարտարապետների տան մոտից որ գնում էին, Աշոտը Մոսոյին չէր թողում, որ հետները գնա», եւ Սամսոնը հարցրեց՝ «ի՞նչ Աշոտ», եւ ես ասացի՝ «Նավասարդյան», եւ Սամսոնն ասաց՝ «օղորմի իրանց» եւ հարցրեց՝ «ասում ես՝ Աշոտը Մոսոյին չէր թողո՞ւմ, որ հետները Երասխ գնա», եւ ես ասացի՝ «էսօրվա պես հիշում եմ. Մոսոյի վրա գոռում էր», եւ Սամսոնը հարցրեց՝ «ի՞նչ էր գոռում», եւ ես ասացի՝ «գոռում էր՝ կյանքումդ հրացան բռնած չկաս. ո՞ւր ես գալի», եւ Սամսոնն ասաց՝ «էդ օրը ես էլ էի իրանց հետ», եւ ես ասացի՝ «հետո Ազատը Մոսոյին մի կողմ տարավ ու համոզում էր, որ հետները չգնա», եւ Սամսոնն ասաց՝ «ո՞նց կարար չգնար. ինքն էլ էր Վոժդի պես. որտեղ վտանգ կար՝ էնտեղ էին», եւ ես ասացի՝ «ուզում եմ էդ պատմությունը գրեմ», եւ Սամսոնը հարցրեց՝ «Մոսոյի ու Վոժդի մասին ե՞ս գրելու», եւ ես ասացի՝ «չէ. էդ ավտոյիս պատմությունն եմ ուզում գրեմ», եւ Սամսոնն ասաց՝ «հետաքրքիր պատմություն ա», եւ ես ասացի՝ «ուզում էի հետդ որոշ մանրամասներ ճշտեմ», եւ Սամսոնն ասաց՝ «էդ ավտոյիդ պատմությունը վաբշե չեմ հիշում», եւ ես ասացի՝ «չես հիշում, բայց ահագին բան ճշտեցի», եւ Սամսոնը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ճշտեցիր», եւ ես ասացի՝ «ճշտեցի, որ էդ ավտոն մարտին կամ, ամենաուշը, ապրիլին եմ ստացել», եւ Սամսոնը հարցրեց՝ «էդ էդքան կարեւոր ա՞», եւ ես ասացի՝ «ամեն ինչն էլ կարեւոր ա. որ Միշիկը մայիսի չորսին ա զոհվել, ուրեմն՝ իմ ավտոյի դեպքը ապրիլին ա էղել կամ, ամենաշուտը՝ մարտի վերջերին», եւ Սամսոնն ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ ես ասացի՝ «եթե ինքը մայիսի չորսին զոհվել ա, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ անհարմար բան կստացվեր, եթե գրեի, որ իմ էդ ավտոն մայիսին ա վազվռատ արել», եւ Սամսոնն ասաց՝ «խայտառակ կըլնեիր», եւ ես ասացի՝ «դրա համար եմ ասում՝ ինձ ահագին օգնեցիր», եւ Սամսոնն ասաց՝ «գրականությունը կարաս հորինելով գրես, բայց որ պատմական դեպքերի ու դեմքերի մասին ես գրում, պիտի լրիվ ճիշտ գրես», եւ ես ասացի՝ «հասկանում եմ. դրա համար էլ զանգեցի քեզ», եւ Սամսոնն ասաց՝ «Վոժդն էլ, Մոսոն էլ, Աշոտն էլ, փաստորեն, պատմական դեմքեր են» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրանց մասին էլ ե՞ս գրելու», եւ ես ասացի՝ «հիմնականում էդ ավտոյիս պատմությունն եմ ուզում գրեմ» եւ ծիծաղելով ավելացրի՝ «փաստորեն, քո պատվերն եմ կատարում», եւ Սամսոնը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պատվեր», եւ ես ասացի՝ «ինձ միշտ ասում էիր, որ արձակ գրեմ», եւ Սամսոնը ծիծաղեց ու ասաց՝ «էդ մեկը հիշում եմ», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ես էլ գրում եմ», եւ Սամսոնն ասաց՝ «բայց չէի ասում, որ պոեզիան թարգես», եւ ես ասացի՝ «պոեզիան մեռավ», եւ Սամսոնը հարցրեց՝ «ո՞նց մեռավ», եւ ես ասացի՝ «բնական մահով», եւ Սամսոնն ասաց՝ «էս վեպդ կարդում եմ», եւ ես ասացի՝ «պարտավոր ես կարդալ», եւ Սամսոնը զարմացած հարցրեց՝ «խի՞ եմ պարտավոր», եւ ես ասացի՝ «որովհետեւ համոզողներից մեկը դու էիր, որ արձակ գրեմ», եւ Սամսոնն ասաց՝ «բայց ես չեմ ասել, որ բանաստեղծությունը թարգես», եւ ես ասացի՝ «էս վեպս հազիվ եմ հասցնում», եւ Սամսոնը հարցրեց՝ «ամեն օր ե՞ս գրում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որ ամեն օր չգրեմ, չեմ հասնի», եւ Սամսոնը հարցրեց՝ «ինչի՞ն չես հասնի», եւ ես ասացի՝ «թերթի հետեւից չեմ հասնի. ամեն շաբաթ մի գլուխ տպում եմ», եւ Սամսոնը հարցրեց՝ «պարտադի՞ր ա» եւ ավելացրեց՝ «ո՞վ ա ստիպել», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «դու ես ստիպել. դու էիր մի գլուխ համոզում, որ արձակ գրեմ», եւ Սամսոնը ծիծաղեց ու ասաց՝ «բայց ես չեմ ասել, որ ամեն շաբաթ գրես», եւ ես ասացի՝ «ամեն շաբաթ տպում եմ, բայց ամեն օր եմ գրում», եւ Սամսոնը հարցրեց՝ «դրա համա՞ր մեր «Այլընտրանքի» միտինգներին չես գալիս», եւ ես ասացի՝ «ոչ բանաստեղծության համար ա ժամանակ մնում, ոչ էլ՝ միտինգների», եւ Սամսոնն ասաց՝ «էս միտինգները շատ կարեւոր են» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «նույնիսկ էդ վեպիցդ են կարեւոր», եւ ես ասացի՝ «ամեն մեկի համար իրա գործն ա կարեւոր», եւ Սամսոնն ասաց՝ «մի վախտ ոչ մի միտինգ բաց չէիր թողում», եւ ես ասացի՝ «էդ մի վախտ էր», եւ Սամսոնը հարցրեց՝ «հիմի ի՞նչ ա փոխվել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «տարիքս», եւ Սամսոնն ասաց՝ «մի տարիքի չե՞նք», եւ ես ասացի՝ «հա», եւ Սամսոնը հարցրեց՝ «բա ես ո՞նց եմ միտինգ գնում», եւ ես ասացի՝ «դու պարտավոր ես», եւ Սամսոնը զարմացած հարցրեց՝ «խի՞ եմ պարտավոր», եւ ես ասացի՝ «որովհետեւ դու պրոֆեսիոնալ հեղափոխական ու քաղաքական գործիչ ես», եւ Սամսոնը ծիծաղեց ու ասաց՝ «բայց դու պրոֆեսիոնալ արձակագիր չես», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ուզում եմ դառնամ» եւ ավելացրի՝ «մի վախտ դու էիր ասում, որ արձակս լավ կստացվի», եւ Սամսոնն ասաց՝ «կարող ա՞ սխալ եմ ասել. լավ էլ ստացվում ա», եւ ես ասացի՝ «տարոսը ձեզ», եւ Սամսոնը հարցրեց՝ «մեզ՝ ո՞ւմ», եւ ես ասացի՝ «քաղաքական գործիչներին», եւ Սամսոնն ասաց՝ «բայց ութսունութի միտինգներին լավ էլ մասնակցում էիր», եւ ես ասացի՝ «դո՞ւ ինչ գիտես. դու հարթակում էիր, ես՝ ժողովրդի մեջ», եւ Սամսոնը ժպտաց ու ասաց՝ «հարթակից ամեն ինչ էրեւում ա» եւ ավելացրեց՝ «հարուր հազար մարդու մեջ ծանոթներիդ մեկ առ մեկ տեսնում ես», եւ ես ասացի՝ «հիմի երեւի մենակ ծանոթներդ են գալի», եւ Սամսոնն ասաց՝ «առաջ ոչ մի միտինգ բաց չէիր թողում. Դեմիրճյանի տղի միտինգներին էլ էիր գալի. քանի անգամ տեսել եմ», եւ ես ասացի՝ «որովհետեւ Դեմիրճյանի տղի միտինգներին էրկուսս էլ ժողովրդի մեջ էինք», եւ Սամսոնն ասաց՝ «մեր էս «Այլընտրանքի» միտինգներին քեզ ոչ մի անգամ չեմ տեսել», եւ ես ասացի՝ «էդ միտինգներին համարյա մարդ չի գալիս», եւ Սամսոնն ասաց՝ «էսօր չեն գալիս՝ վաղը կգան», եւ ես ասացի՝ «համ էլ՝ հիմի միտինգների մասնակիցների առաջ պայմաններ եք դնում», եւ Սամսոնը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պայմաններ», եւ ես ասացի՝ «ասում եք՝ ձեր ներքին ստրուկից ազատվեք», եւ Սամսոնն ասաց՝ «վատ բան ե՞նք ասում», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «որ ներքին ստրուկիցս ազատվեմ՝ էս վեպս ո՞վ պիտի գրի», եւ Սամսոնը ծիծաղեց ու ասաց՝ «որ ներքին ստրուկիցդ ազատվես՝ ավելի լավ կգրես», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «դուք էլ որ ներքին ստրուկից ազատվեք՝ ավելի լավ հեղափոխություն կանեք», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ ես ասացի՝ «մի վախտ ասում էիք, որ հեղափոխությունը վատ բան ա, հիմի էլ մեղադրում եք, որ հեղափոխությանը չենք մասնակցում», եւ Սամսոնը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ասել, որ հեղափոխությունը վատ բան ա», եւ ես ասացի՝ «պատմաբաններդ. դու էլ ես, չէ՞, պատմաբան», եւ Սամսոնը ծիծաղեց ու ասաց՝ «լավ էլ հիշում ես. ես արդեն մոռացել էի, որ պատմաբան եմ», եւ ես ասացի՝ «ես էլ մոռացել էի, որ գրող եմ. նոր-նոր հիշել եմ», եւ Սամսոնը ծիծաղեց ու ասաց՝ «ամեն դեպքում, ներքին ստրուկից ազատվելը վատ բան չի», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ներքին ստրուկից որ ազատվենք՝ տակը բան չի մնա», եւ Սամսոնը հարցրեց՝ «ո՞ւմ տակը», եւ ես ասացի՝ «մեր» ու ավելացրի՝ «հեղափոխությամբ պիտի ջահելները զբաղվեն», եւ Սամսոնը հարցրեց՝ «ո՞ր ջահելները», եւ ես ասացի՝ «Նիկոլն ու մյուսները», եւ Սամսոնն ասաց՝ «ջահելներին կողքից խորհուրդ տվող ա պետք», եւ ես ասացի՝ «ես կարող ա իրանց սխալ խորհուրդ տամ», եւ Սամսոնը հարցրեց՝ «ի՞նչ սխալ խորհուրդ», եւ ես ասացի՝ «ես զգուշավոր մարդ եմ. կարող ա հեղափոխության ամենավճռական պահին ձեռները բռնեմ», եւ Սամսոնն ասաց՝ «ի՞նչ հեղափոխություն. մենք ընդամենը Ազգային ժողովի ընտրություններին ենք պատրաստվում», եւ ես հարցրի՝ «պատրաստվում եք, որ ի՞նչ անեք», եւ Սամսոնն ասաց՝ «պիտի Ազգային ժողովում շատ մեծ խմբակցություն ունենանք», եւ ես ժպտացի ու հարցրի՝ «սահմանադրական ճանապարհո՞վ», եւ Սամսոնն ասաց՝ «ուրիշ ճանապարհ չկա», եւ ես ասացի՝ «սահմանադրական ճանապարհով էս երկրում օրվա մի կտոր հացդ էլ չես ճարի», եւ Սամսոնը կրկնեց՝ «ուրիշ ճանապարհ չկա», եւ ես ասացի՝ «բայց «Իմպիչմենտի» ցուցակում անունդ չկա», եւ Սամսոնը ժպտաց ու ասաց՝ «տեղս նոր սերնդին եմ զիջել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ցուցակում չկամ, բայց քաղաքականության մեջ կամ», եւ ես ասացի՝ «քաղաքականությունն անբուժելի հիվանդություն ա. մի անգամ որ մտնում ես՝ էլ դուրս գալ չկա», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի ճիշտ ես ասում», եւ ես ասացի՝ «գրականությունն էլ ա անբուժելի հիվանդություն», եւ Սամսոնը ժպտաց ու հարցրեց՝ «բա խի՞ իմ օրինակին չես հետեւում», եւ ես հարցրի՝ «ո՞ր օրինակին», եւ Սամսոնն ասաց՝ «տեղդ խի՞ չես ուզում ջահելներին զիջես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ տեղ», եւ Սամսոնը ժպտաց ու ասաց՝ «գրելը թարգի՝ մի քիչ էլ թող ջահելները գրեն», եւ ես ասացի՝ «ջահելները լավ էլ գրում են», եւ Սամսոնը հարցրեց՝ «գոնե նորմալ հոնորար ստանո՞ւմ են», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հոնորար չեն ստանում, բայց լիքը ջահել գրողներ կան», եւ Սամսոնն ասաց՝ «հետաքրքիր ա», եւ ես ասացի՝ «գրելն էլ ա անբուժելի հիվանդություն», եւ Սամսոնն ասաց՝ «հեղափոխությունից դժգոհում ես, բայց, պարզվում ա, հեղափոխությունից լավ էլ շահել ես», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ շահել», եւ Սամսոնն ասաց՝ «նոր չէիր ասո՞ւմ, որ «Զրո վեցդ» Միշիկն ու ես ենք վազվռատ արել», եւ ես ասացի՝ «բայց դու չէիր հիշում», եւ Սամսոնն ասաց՝ «որ չեմ հիշում, ո՞նց ասեմ՝ հիշում եմ», եւ ես ասացի՝ «հեղափոխության վատն էն ա, որ նույնիսկ արածդ լավ բաներն ես մոռանում», եւ Սամսոնն ասաց՝ «փաստորեն, մերոնք «Զրո վեցդ» սկզբում Մասիսից փախցրել են, հետո Միշիկի հրամանով հետ են բերել», եւ ես հարցրի՝ «ձերոնք՝ ո՞վ», եւ Սամսոնն ասաց՝ «հայերը», եւ ես ասացի՝ «բայց իմ հաշվով դու ես Վոժդին խնդրել», եւ Սամսոնն ասաց՝ «իմ խնդրելը ոչ մի կապ չունի. մենակ Վոժդը կարար էդ ավտոդ հետ բերեր», եւ ես ասացի՝ «դու խնդրել ես՝ ինքն էլ հետ ա բերել», եւ Սամսոնը ծիծաղեց ու ասաց՝ «հետո քառասուն հազարով ծախել ես», եւ ես ասացի՝ «հուլիսի վերջերին էդ քառասուն հազարն արդեն լրիվ փոշիացել էր», եւ Սամսոնն ասաց՝ «ինֆլյացիան էլ հո մեր մեղքով չէր. ամբողջ Սովետով էր ինֆլյացիան գնում», եւ ես ասացի՝ «հեղափոխությունն էլ ձեր մեղքով չէր. ամբողջ Սովետում էր հեղափոխություն գնում», եւ Սամսոնն ասաց՝ «էդ ավտոդ որ չծախեիր՝ մինչեւ հիմա կքշեիր», եւ ես ասացի՝ «կարող ա խերն էդ էր» եւ ավելացրի՝ «կարող ա քշեի՝ մի փորձանքի գայի», եւ Սամսոնը ծիծաղեց ու ասաց՝ «հաստատ գլխիդ մի փորձանք կբերեիր. ռույլի վրա մի գլուխ պիտի Ռոլանդին հիշեիր ու փորձանքի գայիր», եւ ես զարմացած հարցրի՝ «Ռոլանդի՞ն խի պիտի հիշեի», եւ Սամսոնն ասաց՝ «էս մի տարի ա՝ Ռոլանդի ու Դանիկի մասին ես գրում», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «հիմի էլ քո մասին եմ գրելու», եւ Սամսոնն ասաց՝ «ինչ ուզում ես գրի, մենակ թե՝ ճիշտը գրի», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «գիտես թե՝ Ռոլանդի մասին ամեն ինչ ճիշտ ե՞մ գրել», եւ Սամսոնն ասաց՝ «համենայնդեպս, ինչ որ գրել ես՝ իրան նման ա», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «քոնն էլ քե՛զ նման կըլնի», եւ Սամսոնը լրջացավ ու ասաց՝ «համենայնդեպս, սուտ բաներ չարժի գրել», եւ ես ասացի՝ «առանց ստի ի՞նչ գրականություն», եւ Սամսոնն ասաց՝ «բայց դու իրական անուններով իրական մարդկանց մասին ես գրում», եւ ես ասացի՝ «էդ «Զրո վեցիս» պատմությունը սուտ ա՞», եւ Սամսոնն ասաց՝ «էդ մասնավոր դեպք ա, բայց պատմական դեպքերի ու դեմքերի մասին պիտի լրիվ ճիշտ գրես», եւ ես ասացի՝ «էդ «Զրո վեցիս» դեպքն իմ համար իսկական պատմական իրադարձություն ա», եւ Սամսոնը ժպտաց ու ասաց՝ «գրի՝ կկարդանք», եւ ես ասացի՝ «արխային. ինչքան էլ սուտ գրեմ, պատմաբանների գրածից ճիշտ կստացվի», եւ Սամսոնն ասաց՝ «գրականությունն ու պատմությունը լրիվ տարբեր բաներ են», եւ ես ասացի՝ «գիտես թե՝ Մուրացանն ու Սերո Խանզադյանը Գեւորգ Մարզպետունու ու Մխիթար Սպարապետի մասին լրիվ ճիշտ ե՞ն գրել», եւ Սամսոնն ասաց՝ «բայց դու հիմնականում ժիվոյ մարդկանց մասին ես գրում», եւ ես ասացի՝ «Աստված իրանց թող երկար կյանք տա», եւ Սամսոնն ասաց՝ «Աստված քեզ հետ», եւ ես ասացի՝ «լավ ա, որ քաղաքական գործիչներն Աստծուն հավատում են», եւ Սամսոնն ասաց՝ «Աստված ամեն մեկիս համար մի զբաղմունք ա նախատեսել», եւ ես ասացի՝ «Աստված մեզ հետ», եւ Սամսոնն ասաց՝ «Աստված մեզ պահապան»: