Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կրքեր՝ «Մատաղիսի գործով»

Հուլիս 05,2008 00:00

\"\"Երեկ Հյուսիսային քրեական դատարանում վերսկսվեց հանրապետության

ամենաաղմկոտ քրեական գործերից մեկի քննությունը:

2004 թ. այս գործով մեղավորներ էին ճանաչվել 23-ամյա գյումրեցիներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ վանաձորցի Արայիկ Զալյանը: Նրանց խոշտանգումների ենթարկելով՝ զինվորական դատախազությունը ստիպել էր իրենց վրա վերցնել զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանությունը: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վոլոդյա Մանասարյանը նրանց դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, վերաքննիչ դատարանն էլ՝ ցմահ: ՀՀ վճռաբեկ դատարանը գործը բեկանել էր՝ ուղարկելով լրացուցիչ նախաքննության: Դատարանից երիտասարդներն ազատ էին արձակվել:

Երեկ Հյուսիսային քրեական դատարանում դատավորներ Հարություն Մովսիսյանի, Մարտին Սարոյանի եւ Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ վերսկսվեց քրգործի քննությունը: Նախագահող դատավոր Մովսիսյանի հարցին՝ ի՞նչ հիվանդություններ ունեք, 23-ամյա Ռազմիկ Սարգսյանը թվարկեց՝ սրտի անբավարար աշխատանք, տուբերկուլյոզ, ողնաշարի գրիժա, երիկամների բորբոքում: Այս առումով նախանձելի չէր նաեւ մյուսների վիճակը, ովքեր բժշկական փաստաթղթեր էին ներկայացրել քրեական գործին կցելու համար: Ի դեպ, դատարանում էր նաեւ սպանված Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, ով լրագրողներին փոխանցեց, որ բոլոր դատական գործընթացները կեղծ են եղել, որ ամբաստանյալներն իրականում ոչ մի կապ չունեն իր որդու սպանության հետ: Սթրեսային հոգեվիճակում էին նաեւ ամբաստանյալների հարազատները, ովքեր չէին կարողանում մոռանալ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի «հերոսությունները»: Հելսինկյան ընկերակցության Վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ, ըստ դատարանի որոշումների եւ օրենսդրության պահանջների, պետք է երիտասարդների նկատմամբ դադարեցնեին քրեական հետապնդումը, կարճեին գործը եւ քրեական դատավարությունը չպիտի տեղի ունենար: Իրական մեղավորը, որը գործի նյութերի մեջ երեւում է՝ գումարտակի նախկին հրամանատար Իվան Գրիգորյանն է: Եվ որպեսզի չպատժեն իրական մեղավոր Իվան Գրիգորյանին՝ ամեն կերպ փորձում են մեղքը բարդել այս երեք երիտասարդների վրա: «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հ/կ ներկայացուցիչ Սեդա Մելիքյանը տեղեկացրեց, որ այս գործով դիմել են նաեւ ԵԴ, ու քանի որ գործն իր մեջ հսկայական հակասություններ է պարունակում, Եվրոպական դատարանն այն ընդունել է առանձին մասերով՝ հարցերի շուրջ պարզաբանումներ պահանջելով ՀՀ կառավարությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել