Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Հուլիս 05,2008 00:00

\"\"Վերջին օրերին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ երկու օր

առաջ Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» մասնակիցների վրա հարձակված ու նրանց ծեծի ենթարկած երիտասարդների մեջ եղել են բռնցքամարտի աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի սաները:

Երեկ խմբագրություն այցելած բռնցքամարտիկը հերքեց այդ լուրերը. «Ես նաեւ խնդրում եմ՝ կա՞ այդպիսի մեկը, որ կբերի այդ տղաներին կկանգնացնի իմ դիմաց ու կապացուցի, որ դրանք իմ մոտ բոքս են պարապել: Ես նենց սաներ եմ դաստիարակում, որ եթե նրանք կարգին բռնցքամարտիկ էլ չդառնան, երկրին պիտանի մարդ լինեն ու երբեք թույլի վրա ձեռք չբարձրացնեն: Ի՞նչ ա նշանակում՝ կնոջ հետ փողոցում կռիվ ա արել. իմ սաների մեջ դա չկա: Ոնց որ մենք ռինգում՝ դեմ-դիմաց ու մեն-մենակ ենք կռիվ անում, այ տենց էլ ես իմ աշակերտներին դաստիարակում եմ, որ իրանք կյանքում էլ 50 հոգով մի հոգու վրա չհասնեն: Կռի՞վ ունեն՝ ուրեմն մենակ ու համազորի հետ, ոչ թե թույլի»: «Առավոտի» դիտարկմանը՝ հնարավոր չէ՞, որ ձեր սաներից մեկն էլ, այնուամենայնիվ, վատ մարդ դուրս գա, բռնցքամարտիկը պատասխանեց. «Ես կասկածներ ունեմ, որ նման լուրերը միտումնավոր են տարածվում, որ ծնողները խուսափեն իրենց երեխաներին ինձ մոտ բերելուց՝ մտածելով, թե կարող ա վատ մարդ եմ ես դաստիարակում, կարող ա ինձ մոտ գալով՝ իրենց երեխաները վաղը-մյուս օրը փողոցային խուլիգաններ դառնան: Ես ասում եմ՝ հնարավոր չի, կատեգորիկ հերքում եմ, անկախ նրանից, որ մի տասը տարի էլ էդ երեխան արդեն մոտս չի պարապում: Ինձ մոտ գոնե մի տարի պարապած սանը իրեն նման բան թույլ չի տա: Ես դատի տվող չեմ, բայց խնդրում եմ, ում ներկայացրել են իմ սան՝ թող բերեն մոտս ու տեսնեն, թե ես ինչպես եմ նրանց հետ վարվելու»:

Բռնցքամարտիկը խոսեց նաեւ խոհափիլիսոփայական թեմաներով. «Ոչ մի հանճարեղ մարդ իր կենդանության օրոք չի գնահատվել ըստ արժանվույն: Ուզում եք վերցրեք Գարեգին Նժդեհին, Սեւակին, Անդրանիկին… մի հանճարեղի չեք կարող ասել, ով իր կենդանության օրոք գնահատվել է: Հենց ասեք՝ ես կլռեմ: Որ էս հանճարները սենց վերաբերմունքի են արժանացել, ես՝ նվաստս, ի՞նչ ասեմ: Բայց հիմա հոգիս էնքան հանգիստ ա: Էդ հանճարների ճանապարհը, տառապանքը տեսնելով՝ իմը դրանց մոտ խաղ ու պար ա: Դրա համար էլ ես հանգիստ եմ վերաբերվում շառերին էլ, խաղերին էլ: Իմ հոգին հանգիստ ա, ես երբեք ինքս ինձ հետ կռիվ չեմ արել: Ամեն ինչի ընդունակ լինելով՝ ես ինձ երբեք թույլ չեմ տա իմ ազգի, իմ հայրենակցի, հայ մարդու հանդեպ նենց քայլ կատարեմ, որն ուրիշի վնասի, վիրավորի կամ դրանից ուրիշը նեղվի: Այլ ազգերի հանդեպ չգիտեմ: Ես ընդունակ չեմ ընենց աշակերտ կամ սան ունենալու, որ ինքը թեկուզ տասը տարի հետո, մի վատ քայլ անելիս՝ առաջ մի հատ իրա աչքի առաջ չպտտի, որ էդ նույն բանն իրան անեն՝ ինքը դա ո՞նց կընդունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել