Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսի նախագահը կզբաղվի ԼՂՀ-ով

Հուլիս 05,2008 00:00

\"\"Խոսքը Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանի մասին է

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձավ հոկտեմբերին հրավիրվելիք իրենց համագումարին ու նույն ամսին Արցախում եւ Հայաստանում կայանալիք «Ռուսաստանի հայերի միության օրերին»: Նա նշեց, որ եթե թվի Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ու Համաշխարհային հայկական կոնգրեսի արած գործերը, ապա, իր ձեւակերպմամբ՝ ժամանակը չի բավականացնի. «Բայց հասկանում եմ, որ մենք դեռ պետք է միտինգի գնանք»: Նաեւ հավելեց, որ ՌՀՄ-ն արդեն 9 տարի հույս է ներշնչում Ռուսաստանում ապրող երկու միլիոնից ավելի հայերին. «Չի եղել մի դեպք, որ մեզ դիմեն ու չօգնենք: Մեր միությունը ամբողջ Ռուսաստանով մեկ ունի մոտ 450 մասնաճյուղ, իսկ հայկական դպրոցների թիվը Ռուսաստանում արդեն 350-ից ավելի է: Այսօր այնտեղ ունենք 400-ից ավելի մարզային դեպուտատներ, այն դեպքում, երբ մինչեւ 2000 թվականը ընդամենը 20-ն էին: Առաջին հայացքից թվում է, թե ՌՀՄ-ն ընդամենը հ/կ է, բայց մենք անմիջական կապ ունենք Ռուսաստանի իշխանության բոլոր կառույցների հետ»: Ա. Աբրահամյանի խոսքերով, եթե նախկինում Ռուսաստանում իրենք էին ՌՀՄ-ի մասնաճյուղեր ստեղծում, ապա «այժմ իրենք (ռուսները- Ե. Հ.) են առաջարկում: Բոլոր շրջաններում եւ մարզերում մեր միության հետ հաշվի են նստում, որովհետեւ շատ դժվար կլինի, եթե այդպես չանեն: Գիտեն, որ մենք ընդամենը մեկ ժամվա մեջ կարող ենք իրենց հարցերին պատասխան տալ: Չկա մի սպանություն, որ ես չիմանամ մի 30 րոպե հետո ու կապ չունի, թե այդ պահին որ երկրում եմ»: Նա նաեւ հայտնեց, որ ՌՀՄ-ն լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի ազգային ակադեմիայի հետ ու ամեն տարի ակադեմիան 12-13 հայ ակադեմիկներ է տալիս: «Մենք Սփյուռքի բարեգործական միության նման փողեր չենք հավաքում, մինչ այժմ ոչ մեկից դրամական օգնություն չենք ստացել, ամեն ինչ արվել է այն ընկերության միջոցներով, որտեղ ես աշխատում եմ»,- հավելեց նա: Ա. Աբրահամյանը հավաստիացրեց, որ հայ բիզնեսմենները Ռուսաստանում ընկնում են դժվարության մեջ, էլի իրենց են դիմում. «Անուններ չեմ ուզում տալ: Չկա այնպիսի մարդ, որի համար նամակներ գրած չլինենք կազմակերպություններին, հարկայինին, միլիցիային ու դատախազությանը, որ մեր հայ բիզնեսմեններին օգնեն: Ցավոք, չենք կարողանում միավորել բիզնեսմեններին, որ կարողանանք ավելի հզոր լինել: Այստեղ կարեւոր է Հայաստանի իշխանությունների դերը: Ինը տարվա մեջ չի եղել մի դեպք, որ մի հայ իշխանավոր Ռուսաստանում խոսի Հայերի միության մասին: Չի եղել, որ Ռուսաստանի մեր ժողովներին մասնակցեն Հայաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ ու ասեն՝ միացեք Հայերի միությանը: Նշեմ, որ այժմ հույս է ներշնչում ստեղծվելիք Սփյուռքի նախարարությունը: Ախր Հայաստանի անմիջական օգնությամբ մենք կարող ենք Ռուսաստանում ստեղծել հզոր Սփյուռք»:

Ա. Աբրահամյանը երեկ հայտնեց, որ ասուլիսից առաջ հանդիպել է նախագահ Ս. Սարգսյանի հետ ու խնդրել, որ վերջինս ավելի շատ ուշադրություն դարձնի Սփյուռքի հարցերին. «Մեզ ոչ թե նյութական հարցերն են անհանգստացնում, այլ բարոյականն ու քաղաքականը»: ՌՀՄ նախագահը տեղեկացրեց, որ ՌՀՄ-ն ԼՂՀ-ի հարցի իրազեկման վերաբերյալ համահայկական ակցիա է կազմակերպելու, որի նպատակն է աշխարհին, մասնավորապես՝ հայկական Սփյուռքին ներկայացնել ԼՂՀ-ի հարցի վերաբերյալ բուն իրողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել