Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԹԿ-Ն ՉՏՐԱՄԱԴՐԵՑ ԲԱՑԱԿԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 05,2008 00:00

\"\"Տարբեր պատճառներով բացակայած դիմորդները երեկ մասնակցում էին հայոց լեզու եւ գրականություն առարկայի լրացուցիչ քննությանը:

Երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի եւ Արցախի քննական կենտրոններում տեղի ունեցավ հայոց լեզու եւ գրականություն առարկայի լրացուցիչ քննությունը, որին նախնական տվյալներով պիտի մասնակցեր 350 դիմորդ: Ըստ ԳԹԿ-ի տրամադրած տվյալների՝ այդ թվում կան եւ առաջին, եւ 2-րդ անգամ դիմում-հայտ ներկայացրած դիմորդներ: Առաջին անգամ դիմում-հայտ ներկայացնողների խմբին են պատկանում Ջավախքից, ԱՊՀ-ից, այլ երկրներից եկած դիմորդները, բանակից զորացրվածները: ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանն ասաց. «Այսօր էլ բացականեր կան, ինչը տարօրինակ է: Այսինքն՝ ինչ-որ մարդիկ գրել են դիմում-հայտ եւ առավոտյան արթնանալով, որոշել, որ չարժե գալ քննության, հաջորդ տարի կփորձեն: Դրանք մոտ 15-ն են: Նրանք այս տարի այլեւս հնարավորություն չունեն քննություն հանձնելու»: Խոսելով ծնողների ներկայացրած դիմում-բողոքների մասին, ԳԹԿ տնօրենը նկատեց, որ դրանք չեն եղել մասսայական՝ միտինգի ձեւով. «Հետագայում հաշվի կառնենք դժգոհությունները: Պիտի ստացվի այնպես, որ, ըստ օրենքի՝ երբ երեխան հայտ ներկայացնի քննություն տալու համար, պիտի դա անի եւ սերտիֆիկատ ստանա: ԳԹԿ-ն բացահայտում է երեխայի մակարդակը եւ տալիս վկայագիր, իսկ թե երեխան որտեղ է օգտագործելու այն՝ ընդունելության քննությունների՞ն, թե՝ այլուր, իր գործն է: ԳԹԿ-ն միայն ընդունելության քննություն չի կազմակերպում, այլ փաստում է երեխայի մակարդակը, որ նա ցանկացած տեղ կարողանա մասնակցել մրցույթի: Այսինքն՝ ենթադրվում է, որ հաջորդ տարի նախորդ տարվա արդյունքները կանցնեն»: «Առավոտը» Մ. Մկրտչյանից հարցրեց, թե ե՞րբ կտրամադրեն միասնական քննություններից բացակայածների, ԳԹԿ, ԿԳՆ լիազորների, քննական կենտրոնների ղեկավարների անունները, ինչի համար «Առավոտը» դիմել էր շուրջ 10 օր առաջ, իսկ ԿԳ արդեն նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը հավաստիացրել էր, թե բոլորի մասին կարող ենք տեղեկանալ անուն առ անուն: Մանուկ Մկրտչյանը փորձեց «մանեւրել». «Ցուցակը տրամադրելը պատասխանատու քայլ է. եթե մարդու անուն-ազգանունը տալիս ենք, պիտի նա էլ իմանա դրա մասին: Այստեղ առաջանում է մարդու իրավունքների խախտման հարց: Մյուս կողմից էլ դա հիմա մեզ համար այնքան էլ հապճեպ խնդիր չէ: Ավարտականի մասով բացակայությունների մասին ինֆորմացիան դեռ նոր ենք ստանում եւ չենք ամփոփել: Նախնական տվյալներով, դրանք շատ չեն, նույնիսկ տեղյակ չեմ, կա՞ն, թե՝ ոչ»: Մենք եւս մեկ անգամ հարցրինք, թե, այնուամենայնիվ, ե՞րբ կունենաք այդ ցուցակը: Մ. Մկրտչյանը ստիպված խոստացավ. «Ցուցակը կստանաք»:

ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը խոսեց նոր կայանալիք կենտրոնացված քննություններից. «14 առարկայական հանձնաժողովների նախագահների հարցը դեռ լուծված չէ: Իսկ անցողիկ միավորների մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ վերջին դիմորդն իր դիմումը ներկայացնի բուհերի ընդունող հանձնաժողովներին: Համոզված եմ, որ անցողիկ միավորների շեմը անցյալ տարվա պես կիջնի»:

Ջավախքի դիմորդները երեկ դժգոհեցին ծրագրերի անհամապատասխանությունից: «Այդ խնդիրը չէինք կարող լուծել, քանի որ իրենք քննություն են հանձնում ՀՀ-ում՝ մեր չափանիշներով եւ կանոններով: Ժամանակի խնդիր էլ չունեին, քանի որ կարգին կարող էին ծանոթանալ ամիսներ առաջ: Դժվարություններ պիտի ունենային ընդամենը ճանապարհ կտրելու հետ կապված»,- հնչեց նախարարի պատասխանը: «Առավոտը» դիմորդների շրջանում փոքրիկ հարցախույզ կատարեց, թե ի՞նչ պատճառով են իրենք լրացուցիչ քննություն հանձնում: Օրինակ՝ թիվ 114 դպրոցի մի աշակերտ, որը հիմնական քննությանը, իր բնորոշմամբ, հիվանդության պատճառով էր բացակայել, չցանկացավ ներկայանալ: Թիվ 89 դպրոցից Անդրանիկ Մինասյանը չէր իմացել, որ բուհ ընդունվելու համար պիտի 2 քննություն հանձնի: Գեղարքունիքի մարզից Անիշկա Սահակյանը չէր իմացել, որ քննության՝ նախորդ տարվա արդյունքը չի անցնում: Թիվ 62 դպրոցից Սիրարփի Սահրադյանը նոր է որոշել հայկական բուհ ընդունվել: Թիվ 62-ից Այրիեւա Ելենան հիմնական քննության ժամանակ քաղաքում չի եղել: Վայքի քաղաքային վարժարանից Սիփան Ավետիսյանն ասաց, որ քննությունից բացակայել էր ավտովթարի պատճառով: Երեկ «Առավոտը» նաեւ նկատեց, որ թիվ 1 քննասենյակից դիմորդները զուգարան էին գնում առանց հերթապահների ուղեկցության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել