Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

DVD-ՆԵՐՆ՝ ԸՆԴԴԵՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ

Հուլիս 05,2008 00:00

\"\"Ինչու երիտասարդները գնացին Լ. Տեր-Պետրոսյանի hետեւից

Անհերքելի իրողություն է, որ PR-ի հիմնական գործիք են ԶԼՄ-ները՝ «ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրում է աշխարհին» հայտնի սկզբունքով: ԶԼՄ-ներն արտադրում եւ տարածում են «անհրաժեշտ» ինֆորմացիան եւ նրանց դերը նշանակալիորեն մեծանում է հասարակության զարգացման փուլային կամ ճգնաժամային շրջաններում: Վերջին նախագահական ընտրությունների հետ կապված՝ Հայաստանում տպագիր մամուլը հանդես եկավ PR-ի հայտնի բոլոր գույներով՝ սպիտակեցնելով ու սեւացնելով հիմնական թեկնածուներին, եւ այստեղ, կարելի է ասել, հաշիվը հավասար էր:

Սակայն ինչքան ուզում ես ամենահաջողված ծաղրանկարը տպագրիր թերթում, միեւնույն է՝ մոնտաժված կադրերից պատրաստված հեռուստահոլովակի ազդեցությունը հազար անգամ ավելին է ինչպես քանակական առումով (լսարանի մեծությունը), այնպես էլ որակական (հուզահոգեբանական): «Կինեմատոգրաֆիայի մատչելիությունը եւ ձգողականությունը, ինչպես նաեւ ժապավենի վրա դրոշմված դեպքի պահին ներկա լինելու ապշեցուցիչ տպավորությունը, թույլ է տալիս հեշտությամբ ուղղակիորեն ներգործել հասարակության գիտակցության վրա ու անհրաժեշտության դեպքում այն մանիպուլյացիայի ենթարկել»,- դեռեւս անցյալ դարի կեսին նկատել է հայտնի հոգեբան Է. Ֆրոմմը:

Եթե Ս. Սարգսյանին սատարողները տպավորված են Լ. Տեր-Պետրոսյանի հիպնոսային ընդունակություններից, ապա ժամանակակից մասնագետները խոսում եմ «հեռուստատեսային հիպնոսի» մասին»: Նրանց կարծիքով, հեռուստացույց դիտող մարդն ընկնում է թեթեւ տրանսի մեջ, որը, ձեւավորելով գիտակցության պասիվ վիճակ, բարենպաստ հող է նախապատրաստում զանազան գաղափարների, համոզմունքների եւ հոգեբանական դիրքորոշումների ներդրման համար: Հեռուստատեսային լսարանի համար գործում է «ես տեսել եմ՝ նշանակում է դա ճշմարիտ է» սկզբունքը:

Երեւանի մամուլի ակումբի մոնիտորինգի արդյունքների համաձայն, նախընտրական ժամանակահատվածում ամենաշատ բացասական հիշատակումներով ուշադրության է արժանացել Լ. Տեր-Պետրոսյանը: Սեւ PR-ի կարեւոր մեթոդներից է համարվում «տեղեկատվական տեռորը»՝ «հեռուստաքիլլերների» օգնությամբ:

«Զմռսման» հնարք: Համատեքստից դուրս առանձնացնում ու մանիպուլյացիայի են ենթարկում մի հատված կամ բառեր եւ շրջանառության մեջ դնում՝ ներկայացնելով դրանք որպես ամբողջական բովանդակություն: Արդյունքում՝ անցանկալի թեման զմռսվում է: Այսպես, Լ. Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթի կոնտեքստից կտրվեցին եւ առանձնացվեցին «պետություն» ու «կազմաքանդել» բառերը, դրանք «հմտորեն» իրար կապելով եւ բազմիցս շրջանառելով ( раскрутка անելով) ստեղծեցին կարծրատիպ, համաձայն որի՝ Լ. Տեր-Պետրոսյանը ներկայացվեց «պետությունը կազմաքանդողի» կերպարով: Մինչդեռ, ըստ ելույթի բովանդակության, խնդիր էր դրվել կազմաքանդել իշխանության կոռումպացված, հանցագործ համակարգը: Ներկայացնում ենք ելույթի հատվածը՝ ընդգծելով առանցքային բառերը: «Ունենք երկու ճանապարհ. մեկը՝ պահպանել այն, ինչ այսօր գոյություն ունի, այսինքն՝ պետության, ավելի շուտ՝ իշխանության վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ՝ գողական աշխարհի կարգ ու կանոնով: Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի այսպիսի ռեժիմների շարքը, եւ այս իշխանության գոյատեւումը չի խոստանում, որ մենք կարող ենք երբեւէ դուրս գալ այս վիճակից: Ուրեմն, այսօր խնդիրը այս համակարգը կազմաքանդելու, այս համակարգից ազատվելու խնդիրն է»: Նման տեխնոլոգիայով նաեւ ստեղծվեց ու շրջանառվեց «Լ. Տեր-Պետրոսյանը հանձնում է Ղարաբաղը» կարծրատիպը:

«Հայրենիքի թշնամի» կամ «ժողովրդի թշնամի» հնարքը կառուցվում է բացահայտ դեմագոգիայի վրա, ուղեկցվում է քաղաքական հակառակորդին ուղղված մերկապարանոց, թշնամական մեղադրանքներով, որոնք իբր թե գալիս են «ժողովրդի անունից»: Այսպես, հանճարեղ Հ. Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի տրամաբանությամբ, եթե Լ. Տեր-Պետրոսյանը «պետությունը կազմաքանդել է» եւ «Ղարաբաղը հանձնել է», նշանակում է, որ նա «ադրբեջանաթուրքամետ գործակալ» է, ղեկավարվում է «դրսի ուժերի» կողմից եւ նրան պետք է հայտարարել «հայրենիքի թշնամի»:

«Խմբակայնություն» հնարքը («խմբակային բռնաբարություն»): Երբ մի քանի հակառակ ուժեր հանդես են գալիս բացասական ելույթներով երրորդ ուժի դեմ, որի կոնտեքստը հետեւյալն է. «Նույնիսկ այսպիսի տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող ուժեր նույն կարծիքի են, հետեւաբար այդ երրորդ ուժին ոչ ոք չի ընդունում»: Այստեղ մեկնաբանություններն ավելորդ են: Այս հնարքը կիրառվեց ակնհայտ, «կացնային» եղանակներով, ինչի մասին են վկայում նրանում գլխավոր դերակատարում ունեցողների ստացած քվեները:

«Վիճակագրության կանոնակարգում»: Սրանց թվին են պատկանում տվյալ քաղաքական գործչի վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների, ռեյտինգային ցուցանիշների մանրակրկիտ հրապարակումը, քանի որ մարդիկ հակված են ընկալել քանակական տվյալները որպես «ճշգրիտ» եւ «օբյեկտիվ»: Այս հնարքի արդյունավետ կիրառման համար կարեւոր է, որ քաղաքական վարկանիշները ներկայացնեն գոնե «արտաքնապես» անկախ, հեղինակավոր հետազոտական կենտրոնները: Այդ համատեքստում Հայաստանում նախագահի թեկնածուների քաղաքական վարկանիշների հաշվարկման ու հրապարակման դերը կատարեցին «Գելափը» եւ «Populus»-ը:

«Գուտապերչե մասնագետ»: Սա նույն վիճակագրության կանոնակարգումն է, միայն այն տարբերությամբ, որ անձնավորված է, այսինքն՝ տեսախցիկի առաջ կազմակերպվում է հեղինակավոր մասնագետների մեկնաբանությունների հավաք, ինչը վստահության լրացուցիչ արդյունք է տալիս: Այս եւ, ինչու ոչ, բոլոր PR հնարքները հիմնականում ուղղված են չկողմնորոշված ընտրազանգվածի գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելուն: Հայտնի է, որ մարդիկ հաճախ կողմնորոշվում են մեծամասնության կարծիքով («դահլիճի օգնություն»), ուստի սոցիոլոգիական մանիպուլյացիաների արդյունքում առաջին հերթին գործում է, այսպես կոչված, «բենդվագոնի» սկզբունքը, երբ գնում եւ քվեարկում են բարձր վարկանիշ ունեցողի օգտին: Երկրորդ տեղում է «ձեռնպահի» սկզբունքը՝ քանի որ ամեն ինչ կանխորոշված է, ուստի, անկախ նախապատվությունից, անիմաստ է ընտրությանը մասնակցելը: Վերջապես, երբեմն էլ գործում է «անդերդոգի» սկզբունքը, երբ քվեարկում են «թույլ» թեկնածուի օգտին:

«Մեր մարդիկ ամբոխում»: Դա մի իրավիճակ է, որտեղ նկարագրվում է ո՛չ թե քաղաքական ծրագիրը, ո՛չ թե կուսակցության ղեկավարի ելույթը, ո՛չ էլ քաղաքական գործչի տեսակետը, այլ նրա նկատմամբ հատուկ նմանակեցնող ռեակցիան, օրինակ՝ ամբոխից «պատահական» մեկը սկսում է գովել կամ փնովել թեկնածուին: Որպես սեւ PR հնարք, այն հմտորեն կիրառվեց ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավը լուսաբանելիս, երբ ավելի մեծ ուշադրության էին արժանանում Լ. Տեր-Պետրոսյանի դեմ կազմակերպված ակցիաները, նրա շտաբի մոտ վրաններ կանգնեցրած մարդկանց ելույթները, իսկ հանրահավաքներում առաջին պլանում էին հայտնվում արեւածաղիկ վաճառողները կամ շատ ծեր, երբեմն էլ հոգեկան անհավասարակշիռ տեսք ունեցող մարդիկ (հետընտրական շրջանում՝ թմրամոլը):

«Մոնտաժված կադրերի հնարք»: Տեսաժապավենը մոնտաժվում է, տարբեր կադրեր իրար են միացվում, կադրը մոտեցնում, հեռացնում, դանդաղեցնում, արագացնում կամ կրկնում են այնպես, որ թեկնածուն ներկայացվում է ոչ նպաստավոր, ծիծաղելի դերում: 2003-ին վիրտուալ մանիպուլյացիան կիրառվեց Ս. Դեմիրճյանի նկատմամբ: Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ Լ.Տեր-Պետրոսյանի կազմակերպած հավաքը ներկայացնելիս «Հ1»-ը կիրառեց մոտեցված կադրի մանիպուլյացիան, որի նպատակն էր նախ ցույց տալ, թե որքան է «ծերացել» առաջին նախագահը (ամենագեղեցիկ դեմքն անգամ շատ մոտիկից նկարահանելիս աղավաղվում է), հետո ցույց չտալ նրան շրջապատող հեղինակավոր մարդկանց (օր.՝ կոմպոզիտոր Տ. Մանսուրյանին): Ընդդիմության հանրահավաքները սակավամարդ ներկայացնելու համար մոնտաժվում ու համադրվում էին թեկնածուի ելույթների կադրերը՝ հավաքին նախորդած նկարահանումների հետ: Արագացվեցին ու կրկնվեցին Լ. Տեր-Պետրոսյանի պարային շարժումները, ինչը նրա նկատմամբ բացասական զգացումներ առաջացրեց նույնիսկ նրա համակիրների շրջանում, ովքեր չէին ըմբռնել տեսանյութի աղավաղումը:

ՆԼԾ հնարք: Հետեւողականորեն շրջանառվեցին «մութ ու ցուրտ տարիները»՝ տեսողական, լսողական ու շարժողական ասոցիացիաներ առաջացնող կադրերով:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հեռուստատեսությունը դասագրքային ճշգրտությամբ կիրառեց քարոզարշավային PR տեխնոլոգիաները, հատկապես աչքի ընկավ սեւ PR-ի գիտելիքներով: Սակայն, ինչպես բնորոշ է շատ գերազանցիկների, երբ նրանց տրամաբանական հարց են տալիս, նրանք կամ դեմքին լուրջ արտահայտություն տալով լռում են, կամ, որ ավելի վատ է, անհեթեթ, անտրամաբանական պատասխան են տալիս: Հեռուստաեթերը հետեւողական անտրամաբանությամբ սեւեռվում էր Լ. Տեր-Պետրոսյանի վրա, միաժամանակ շրջանառելով նրա սոցիոլոգիական ցածր վարկանիշը: 1920-ականներին, երբ ԱՄՆ-ում Մինեսոտայի նահանգապետ Մագնուս Ջոնսոնը ներխուժեց լրագրողների օթյակ եւ գոռգոռաց նրանց վրա, վերջիններս լրագրողական համերաշխությամբ պայմանավորվեցին երբեք՝ ոչ լավ, ոչ վատ, ոչ մի տող չգրել նրա մասին, ինչի արդյունքում այդ գործչին այլեւս ոչ ոք չէր հիշում: Ինչքան շատ են խոսում մարդու մասին (կարեւոր չէ՝ դրական, թե բացասական), այնքան նա հռչակավոր է դառնում, սա հայտնի էր դեռ Հերոստրատին:

Հեռուստալսարանը ինֆորմացիայի այլ աղբյուր է որոնում: Ինտերնետից օգտվելու, DVD-ներ եւ հեռախոսահոլովակներ փոխանակելու մշակույթի մեջ առաջատարը երիտասարդությունն է: Այն, որ երիտասարդները սատարեցին Լ. Տեր-Պետրոսյանի շարժումը, խոստովանում են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական քաղաքական գործիչները: Վերջիններս հիմնավորում էին, որ երիտասարդները չեն տեսել «մութ ու ցուրտ տարիները»: Սակայն նրանց տասը տարի անընդհատ բոլոր միջոցներով քարոզվել են «մութ ու ցուրտ տարիների» սարսափները եւ եթե ղեկավարվենք ռուսական ասացվածքով, որ «այնքան սարսափելի չէ սատանան, ինչքան նրան պատկերում են», ապա երիտասարդների մեջ այդ տարիների նկատմամբ պետք է որ կայուն ֆոբիա ձեւավորվեր: Այսպես, Ռ. Քոչարյանը նախկինների նկատմամբ նման ավանդույթ ձեւավորեց, չգիտակցելով, որ դա առաջին հերթին բումերանգի պես հենց իրեն է ուղղվելու: Վերջին 10 տարիների ընթացքում քարոզչամեքենան գրեթե տաբու էր դարձրել Լ. Տեր-Պետրոսյանի անունը, իսկ նրա նախագահության տարիների իրադարձություններն անտեսվում էին կամ ներկայացվում էին միայն սեւ գույներով: Սեւ PR-ը ամեն անգամ ավելի մեծ թափ էր ստանում հերթական ընտրություններից առաջ, երբ ակտիվացնում էին «մութ ու ցուրտ տարիների», «մազութի», «թալանի» կամ տարբեր ընդդիմադիր ճամբարներում «ՀՀՇ-ի ականջների» շրջանառումը: Սեւ PR-ի դեմ միշտ չէ, որ արդյունավետ է առճակատումով պայքարելը, քանի որ հնարավոր չէ ապացուցել, որ դու ուղտ չես, նույնիսկ, եթե դա ճիշտ է: Այդ տեսակետից ճիշտ էր ընտրված ընդդիմության կողմից DVD-ների նյութերի բովանդակությունը, որտեղ շրջանցվում էին մեղադրանքները եւ հիմնական շեշտը դրված էր սպիտակ եւ կարմիր PR-ի վրա: DVD-ներում ներառված գովազդային հոլովակները, Լ. Տեր-Պետրոսյանի ելույթները, ընտանիքի մասին տեսանյութերը, բնականաբար, ստեղծված էին քարոզարշավի նպատակով:

Այս համատեքտում առանձնանում է տաղանդավոր ռեժիսոր Լեւոն Մկրտչյանի «Մատյան անկախության» ֆիլմը, որը հոգեբանական ներգործության առումով շատ ուժեղ է: Ֆիլմում վավերացված են նորանկախ Հայաստանի հիմնադրման տարիների պատմական իրադարձությունները, որոնք շուրջ 10 տարի արգելված կամ սրբագրված են եղել հասարակության համար: 1-ին նախագահի 1994թ. ԱՄՆ-ում ելույթից պարզ է դառնում, որ այն ժամանակ եւս նրան մեղադրում էին Ղարաբաղը ծախելու մեջ, ինչին նա հակադարձում է, որ Ղարաբաղը մեծացավ եւ ստեղծվեց 20 հազարանոց ղարաբաղյան բանակը: Երիտասարդները առաջին անգամ տեսնում են «մեր պայքարը», «մեր ոգին», «մեր պատերազմը», ինչպես է ՀԽՍՀ-ն դառնում անկախ Հայաստանի Հանրապետություն, առաջին անգամ հիմնի երաժշտության տակ բարձրանում է եռագույնը ՀՀ-ում եւ ՄԱԿ-ում, ազգային հերոսի առաջին մեդալով պարգեւատրվում է Վազգեն Ա կաթողիկոսը, զորահանդեսը, շախմատի միջազգային օլիմպիադան եւ այլ պատմական փաստեր: Եվ այս ամենը ղեկավարում է Լ. Տեր-Պետրոսյանը, ով պատշաճ ներկայացնում է մեր երկիրը արտասահմանում՝ առանց բարդույթների, ինքնավստահ եւ հավասարը հավասարի պես հանդիպելով այլ երկրների առաջնորդներին:

Այդ կադրերը հայրենասեր մարդու մեջ միանշանակ պետք է ազգային արժանապատվության ու հպարտության զգացում առաջացնեն: Ֆիլմը դիտողի համար «մի ընտրեք անցյալը» կարգախոսն այլեւս չի աշխատում, որովհետեւ պարզվում է, որ դրանք ոչ միայն «մթի ու…», այլեւ՝ պայքարի ու հաղթանակների տարիներ էին: Եթե կրկին հիշենք սատանայի մասին վերոհիշյալ ասացվածքը, պարզվում է, որ սատանան այնքան էլ սարսափելի չէ…: Օրինակ, անգլիական թագուհու իմիջը բարձրացնելու նպատակով կիրառվում է հետեւյալ հնարքը: Ասուլիսից առաջ լրագրողներին հրահանգում են պատշաճ հագնվել, մեկ հարցից ավելի չտալ, անձնական հարցեր չտալ, պահպանել արարողակարգային կանոններ: Իսկ երբ թագուհին ներկայանում է հասարակ կնոջ կերպարով, բոլորը հիացմունքով նշում են, որ թագուհին շատ անմիջական, հասարակ եւ ժողովրդավար է: Նույնն ակամայից ստացվում է ֆիլմը դիտելու արդյունքում: Մինչդեռ, եթե նախորդ 10 տարիների ընթացքում պարբերաբար ՀՀ տոների, հոբելյանների առիթներով ներկայացվեին այս պատմական փաստերը, առանց մոնտաժելու երեւային բոլոր գործող անձինք, ապա ֆիլմի հոգեբանական ներգործությունը հպարտության ու հայրենասիրության զգացմունքներ առաջացնելու գործում անմիջականորեն չէր կապվի նախընտրական իրողությունների եւ առաջին նախագահի անձի հետ:

Այսօրվա քաղաքական գործիչները, մտավորականները, տեղեկատվության պատասխանատուներն անհրաժեշտ է այնպիսի ավանդույթ մշակեն, որ գնահատեն նախկին իշխանությունների (արդեն նաեւ՝ Ռ. Քոչարյանի) ձեռքբերումներն ու նրանց նկատմամբ դրսեւորեն «կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքը, եւ ավելի շատ քննադատությամբ (կառուցողական) հանդես գան գործող իշխանությունների նկատմամբ, արձանագրելով բացթողումներն ու սխալները, ստիպեն ավելի արդյունավետ աշխատել եւ ծառայել մեր հայրենիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել