Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկու շաբաթում՝ երկու հակասական հրաման

Հուլիս 05,2008 00:00

«Հայանտառը» ղեկավարվում է ոչ թե օրենքով, այլ՝ պահի թելադրանքով

1992-ից, կարճատեւ ընդմիջումներով, Արամայիս Մխիթարյանն աշխատել է Ապարանի անտառտնտեսությունում՝ որպես տնօրեն: Սակայն գյուղնախարարի մի քանի հրամանների հետեւանքով այսօր նա դարձել է գործազուրկ: Արդեն նախկին տնօրենին անհանգստացնում է ոչ թե այն փաստը, որ համալրել է գործազուրկների հոծ բանակը, այլ՝ իր նկատմամբ դրսեւորված խտրական եւ անշնորհակալ վերաբերմունքը: ՀՀ գյուղնախարար Դավիթ Լոքյանի 2007թ. հոկտեմբերի 2-ի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք մասնաճյուղերի վերակազմակերպելու մասին» հրամանի համաձայն, Ապարանի եւ Բյուրականի անտառտնտեսության մասնաճյուղերը միաձուլման ձեւով վերակազմակերպվել են, ստեղծելով նոր՝ «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղը: Նա, 17.10.2007թ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով, փոխադրման կարգով նշանակվել է «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն օրեր անց՝ հոկտեմբերի 31-ին, ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը մեկ այլ հրամանով անվավեր է համարել իր իսկ հրամանը:

Այնուհետեւ, նոյեմբերի 15-ին, Մ. Մաթեւոսյանի եւս մեկ հրամանով լուծարվել է ՊՈԱԿ-ի եւ Ա. Մխիթարյանի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը: Պարոն Մխիթարյանի դիտարկմամբ, աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է տնտեսության վերակազմակերպման հետեւանքով եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 126 հոդվածի համաձայն՝ դա հիմք չէ պայմանագիրը լուծարելու համար: Նա գտնում է, որ ինքը գործազուրկ է դարձել աշխատողների թվաքանակի կրճատման պատճառով, իսկ աշխատողները կրճատվել են միայն «Բյուրականի անտառտնտեսություն» մասնաճյուղում: Ավելին, ոչ իրեն, ոչ էլ Բյուրականի իր պաշտոնակցին չեն առաջարկել «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը: Բացի այդ, ըստ ԱՕ 113 հոդվածի՝ գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծարելու դեպքում, գործատուն պարտավոր է աշխատողին մեկ այլ աշխատանք առաջարկել, եթե դրա հնարավորությունն ունի. «Այդ հնարավորությունը կար՝ Արագածոտնի մասնաճյուղի տնօրենի պաշտոնն է: Մինչդեռ այդ պաշտոնում նշանակվել է մարդ, որը ոլորտում ոչ փորձ ունի, ոչ էլ համապատասխան կրթություն»,- ավելացրեց Ա. Մխիթարյանը: Նրան աշխատանքից ազատելով՝ խախտվել է օրենքի մեկ այլ դրույթ: ԱՕ 115 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը լուծարելու դեպքում գործատուն (այս դեպքում՝ «Հայանտառը») պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել ոչ ուշ, քան 2 ամիս առաջ: Ծանուցման մեջ պետք է նշվեին լուծարման հիմքը, պատճառները եւ այլն, ինչը «Հայանտառի» կողմից չի արվել: Նրանց կողմից տրված ծանուցումը կրում է ընդհանուր, վերացական բնույթ, որի բազմացված օրինակները տրվել են մնացած աշխատողներին: Ժամկետների խախտումներ եւս առկա են: Պայմանագիրը լուծարվել է 20 օր շուտ՝ ծանուցվել է հոկտեմբերի 5-ին, իսկ աշխատանքից ազատվել է նոյեմբերի 15-ին:

Աշխատանքի վերականգնման պահանջով այս տարվա ապրիլի 28-ին, դատավոր Ա. Պետրոսյանի նախագահությամբ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննեց Ա. Մխիթարյանի հայցն ընդդեմ «Հայանտառի»: Ի պատասխան պարոն Մխիթարյանի հարցապնդումների, թե իրեն այլ աշխատանքի տեղավորելու հնարավորություն կար, բայց չեն արել, «Հայանտառից» պատասխանել են, որ Ապարանի, Բյուրականի, Ջիլիզայի եւ Լալվարի մասնաճյուղերի վերակազմավորման արդյունքում նորաստեղծ Արագածոտնի եւ Թումանյանի մասնաճյուղերում հաստիք չլինելու պատճառով աշխատանք չի առաջարկվել նաեւ Բյուրականի եւ Ջիլիզայի նախկին տնօրեններին:

Դատարանը գտավ, որ գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ ենթակա չէ դատարանում քննության: Դատարանը մատնանշել էր մի քանի օրենք, ըստ որոնց՝ Ա. Մխիթարյանը բաց է թողել նշված իրավունքները դատարանում պաշտպանելու վաղեմության ժամկետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել