Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐԻՆ «ՄՈՏ ԼԻՆԵԼԸ» ՉՕԳՆԵՑ

Հուլիս 05,2008 00:00

Վաշինգտոնի տան գողությունը՝ ոստիկանների «դաբրոյո՞վ»

Երկու օր առաջ 71-ամյա գյումրեցի Վաշինգտոն Քիշմիշյանը ասուլիս էր հրավիրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Նրա տանը գողություն է տեղի ունեցել, նույնիսկ թեյնիկ ու սավաններ են տարել, բայց ոստիկանությունը, բռնելով գողերին, նրանց ճանապարհել է Ռուսաստան: Ըստ բողոքավորի՝ ինքը, լինելով ՌԴ քաղաքացի, այս տարվա փետրվար-մարտ ամիսներին մեկնել էր Մոսկվա՝ Անի թաղամասի ոստիկանապետ Աշոտ Թափալցյանին հորդորելով տիրություն անել իր տանը: «Քանի որ ես մոտ եմ եղել բոլոր ժամանակների ոստիկանապետերի հետ՝ Մուշեղ Սաղաթելյանի, Շիրակ Շահնազարյանի, դրա համար էլ ռիսկով դիմեցի նաեւ Աշոտ Թափալցյանին: Նա համաձայնեց միայն մի պայմանով, որ ես Ռուսաստանից իրեն մի լավ հեռախոս բերեմ, ես ասի, որ թոշակառու եմ, չեմ կարող բերել ու, փաստորեն, իմ մերժումը վրաս ծանր նստեց»,- պատմում էր Վաշինգտոն Քիշմիշյանը, պնդելով, որ գողերն իր տուն ռիսկ են արել մտնելու միայն ոստիկանների «դաբրոյով»:

Վաշինգտոն Քիշմիշյանի ներկայացնելով՝ ինքը բանալին հանձնել էր իր մտերիմ ընկերոջը, ով իրեն մարտի 6-ին Մոսկվա զանգահարել ու տեղյակ է պահել, որ տան դռներն ու պատուհանները կոտրել են, 14 սենյակն էլ տակն ու վրա արել: Ընկերը նաեւ հայտնել է, որ ոստիկանները գողերին բռնել ու բաց են թողել: Որոշ ժամանակ անց իրեն զանգահարել է նաեւ ոստիկանապետ Թափալցյանը, ասելով՝ «տնիցդ մի երկու թաս են գողացել»: Վաշինգտոն Քիշմիշյանի հարցին, թե «տելեվիզորս» ո՞ւր է, ոստիկանապետը զարմացել է, թե՝ քեզ որտեղի՞ց «տելեվիզոր»: Մինչդեռ, ըստ Քիշմիշյանի, այն իրեն նվիրել էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Բողոքավորի ասելով, քանի որ գողերն իրեն 20 հազար դոլարի վնաս են տվել, Մոսկվայից վերադառնալով, գնացել է ոստիկանություն ու պարզել, որ քրեական գործ չեն հարուցել: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին բողոք ներկայացնելուց հետո միայն օրերս գործ է հարուցվել ու արդեն երեք քննիչ է փոխվել: Քիշմիշյանի ասելով, իր մոտ նաեւ միջնորդներ են եկել՝ աղաչելով ոստիկանապետ Թափալցյանի «խաթրին» չկպնել», քանի որ նա ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի բարեկամն է: «Անհապաղ իշխանափոխություն է պետք, եթե չեն կարող աշխատել՝ ուրեմն իրենց տեղը պետք է նոր, ազգասեր մարդկանց զիջեն, դատախազներն ու դատավորները իրենց աշխատաոճը պետք է փոխեն»,- ասում էր Քիշմիշյանը, ով Գյումրիում դեռ վաղ ժամանակներից հայտնի է որպես բողոքական, «Սոցիալ-դեմոկրատական ֆաշիստական» կուսակցության պարագլուխներից մեկը:

«Առավոտը» պարզաբանումներ խնդրեց նաեւ ոստիկանապետ Աշոտ Թափալցյանից: Նա մեզ փոխանցեց, որ Վաշինգտոն Քիշմիշյանի տան գողերին իրենք բռնել են ու նույն օրը հաղորդում են ուղարկել նախարարություն, դատախազություն: Գողոնը հայտնաբերված է, իրեղեն ապացույցները՝ առգրավված: «Ես չգիտեմ ինչի՞ց է դժգոհ Վաշինգտոն Քիշմիշյանը, երբ ես գողերին բռնել ու հանձնել են քննիչին: Նա քաղաքացիներից մեկի հետ պայմանագիր էր կնքել իր տանը պահակություն անելու համար, եկավ ինձ առաջարկեց, ես պատասխանեցի, որ ոստիկանությունը պահակություն անելու իրավասություն չունի, ինքն էլ պահակ գտավ, որը եւ հայտարարություն էր տվել Վաշինգտոնի տան գողության համար: Իսկ ինչ վերաբերում է Վաշինգտոնի այն հայտարարություններին, թե ես իրենից հեռախոս եմ ուզել, ո՞ր մի նորմալ մարդը, առավել եւս՝ ոստիկանը, ճանաչելով Վաշինգտոնին՝ կարող էր նրանից հեռախոս ուզել»,- զարմացավ Աշոտ Թափալցյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել