Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գծատերերին կպատժե՞ն

Հուլիս 05,2008 00:00

Ընդդիմության հանրահավաքների օրերին միջմարզային երթուղիները չեն սպասարկվում

Երեկ միջմարզային տրանսպորտը կրկին կաթվածահար վիճակում էր: Արտաշատի, Արարատի, Էջմիածնի, Աբովյանի եւ այլ միջմարզային երթուղագծեր, ՀՀ իշխանությունների հրահանգով, կրկին ուղեւորներին չեն սպասարկել, որպեսզի ընդդիմության երեկվա հանրահավաքին մարդ չբերեն: Մինչդեռ մարզերի հարյուրավոր բնակիչներ մայրաքաղաքում կարեւոր գործեր ունեին եւ շատերն ի վիճակի չլինելով տաքսիներով Երեւան հասնել, ստիպված են եղել գործերը հետաձգել: Վաղ առավոտից Աբովյան քաղաքի կանգառներում խառնաշփոթ էր, աբովյանցիները անհույս, ժամերով թիվ 261 եւ 262 երթուղայիններին էին սպասում: «Սա ի՞նչ ձեւ է, հանրահավաքի օրերին մեզ կալանավոր են դարձնում, որ տնից դուրս չգանք, ես հանրահավաք չեմ գնում, հիվանդանոց եմ շտապում ու 2-3 հազար դրամ էլ չունեմ, որ տաքսիով ման գամ: Վերջիվերջո, ինչ-որ մեկը սրա համար պիտի պատասխան տա՞, թե՞ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց աբովյանցի մի կին:

Արամ Վարդանյանի խոսքերով էլ. «Ես Երեւանում շինարարության վրա եմ աշխատում եւ օրական 4 հազար դրամ եմ վաստակում: Այսօր տաքսիով պետք է գնամ Երեւան եւ, պատկերացնո՞ւմ եք, աշխատածս պետք է տաքսիներին տամ եւ այսօր չեմ կարող անգամ հացի փող տուն տանել: Իսկ չգնալ չեմ կարող, քանի որ աշխատանքից կզրկվեմ»:

Երեկ ժամը 11-ից դադարել էր գործել նաեւ Երեւան-Էջմիածին երթուղին: Հարկադիր գործազրկության էին մատնվել նաեւ Աշտարակի վարորդները: Նշենք, որ այս երթուղիների գծատերերն առաջին անգամ չէ, որ ՀՀ իշխանությունների քմահաճույքով մրցույթով շահած իրենց երթուղագծերը չեն սպասարկում:

Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան, տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը հայտնեց, որ նախարարությունը կեսօրի դրությամբ միջմարզային տրանսպորտի խափանման վերաբերյալ որեւէ ահազանգ չի ստացել. «Նախարարության տրանսպորտի տեսչության աշխատակիցներն ի գիտություն ընդունելով «Առավոտի» լրագրողի ահազանգը, տեղում կուսումնասիրեն փաստի իսկությունը եւ եթե առկա է միջմարզային տրանսպորտի չվացուցակի խախտման դեպք, ապա օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, այդ թվում՝ նախատեսվում են վարչական տույժեր, իսկ կրկնվելու դեպքում՝ ընդհուպ մինչեւ լիցենզիայից զրկում»:

Նշենք, որ ընդդիմության հունիսի 20-ի հանրահավաքին նույնպես միջմարզային տրանսպորտը չէր սպասարկել, սակայն որեւէ գծատեր պատասխանատվության չենթարկվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել