Ըստ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, եթե մեր պաշտոնյաները կաշառք չվերցնեն, բոլոր հարցերը կձգձգվեն ու չլուծված կմնան:
Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում, անընդհատ խոսելով Հայաստանի մաքսային ու հարկային ոլորտների բարեփոխումների մասին, մեր երկրի ղեկավարներն, ըստ էության, պարզապես խոստովանեցին այն, ինչ գիտեր անգամ ամենահեռավոր գյուղում ապրող շարքային քաղաքացին:
«Հանկարծ» պարզվեց, որ տարիներ շարունակ մաքսայինն ու հարկայինն աշխատել են օրենքից դուրս, այդ ոլորտներում ծաղկում էր կաշառակերությունը, օրենքների փոխարեն գործում էին անհատների վճիռներ եւ այլն… դա մեր պաշտոնյաները սկսեցին նկատել միայն 1 ամիս առաջ, ու որոշեցին բարեփոխումներ անել: Տնտեսագետներն ու գործարարները այս բարեփոխումներին այնքան էլ չեն հավատում, նրանց բնորոշմամբ՝ լավատեսությունն անտեղի է՝ սայլը տեղից չի շարժվի:
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կառավարության նախաձեռնած սոցիալական բարեփոխումներն անվանեց «խղճուկ», նշելով, որ 1999-ից մինչ այսօր մեր երկրում որակական ոչ մի բարեփոխում չի իրականացվել: Նրա խոսքերով. «Կառավարության ծրագրից լուրջ ակնկալիքներ չունեմ, քանի որ, ըստ էության, բացի նախագահից, մեր երկրում ոչինչ չի փոխվել, իսկ տնտեսական կյանքի միակ նորությունը մաքսայինի պետի փոփոխությունն էր, որի նշանակմանը զուգահեռ՝ հանկարծ պարզվեց, որ ոլորտում լիքը պրոբլեմներ կան»: Ըստ Բ. Ասատրյանի, ողջ տարվա ընթացքում երկրի տնտեսական կյանքում դրական տեղաշարժեր չեն կատարվել: Ասածը հիմնավորելու համար նա ներկայացրեց մի քանի տնտեսական ցուցանիշներ, ըստ որոնց՝ այս տարվա առաջին 5 ամիսներին ունեցել ենք արտահանման ծավալների ընդամենը 0,2%, ներմուծման ծավալների՝ 40,8% աճ, իսկ համախառն արտաքին պարտքը տարեսկզբի 3 ամիսների ցուցանիշով ավելացել է ավելի քան 200 միլիոն դոլարով: Ըստ Բ. Ասատրյանի, այս տարի տնտեսական աննախադեպ բացասական ցուցանիշ է գրանցվել. «1994-ից հետո, այս տարի առաջին անգամ ունեցել ենք դոլարով արտահայտված միջազգային պահուստների նվազում: Սա եզակի երեւույթ է: Անցած բոլոր տարիներին, սկսած 1994-ից, երբ ձեւավորվեցին մեր առաջին պահուստները, մենք մշտապես ունեցել ենք ցուցանիշների աճ: Առաջին դեպքն է, երբ շուրջ 75 միլիոն դոլարի նվազում է արձանագրվել»: Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստը եղել է 1 միլիարդ 123 միլիոն եվրո, իսկ մայիսին արդեն այն կազմել է 1 միլիարդ եվրո:
Բ. Ասատրյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի ոսկու պաշարների վաճառքի շուրջ երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի հնչեցրած պարզաբանումներին:
Հիշեցնենք, որ, ըստ վարչապետի, 1994-ին կայացրած քաղաքական որոշման հետեւանքով, Հայաստանի կենտրոնական բանկի պահոցներում չպետք է լինի ոսկի, այդ պաշարները արտահանվել են Շվեյցարիա, իսկ փոխարենը բացվել են դոլարով արտահայտված մետաղական դեպոզիտային արտարժութային հաշիվներ: Պարզվում է, որ այդ տարիներին ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցրած Բագրատ Ասատրյանը, որի օրոք էլ հենց ձեւավորվել են ոսկու պաշարները, այդ որոշումից տեղեկություն չուներ, ավելին, մինչ այսօր նա չի կարողանում հասկանալ այդ գործարքի պատճառը. «Ոչ մի քաղաքական վճիռ էլ չկար, ի՞նչ վճռի մասին է խոսքը: Ես այստեղ աճպարարության էլեմենտ եմ տեսնում»: Ըստ Բ. Ասատրյանի, եթե 1993-94 թվականներին մեր երկիրը, խղճուկ վիճակում գտնվելով, ոսկու պահուստներին ձեռք չի տվել, ապա առավել անհասկանալի էր, թե ինչու դա կատարվեց 2003-ին, երբ դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկար: Նրա խոսքերով. «Ոսկու վաճառքն ընդունել եմ որպես անձնական վիրավորանք: Կարող է տվյալ պետությունը հայտարարի դոլարի կամ ֆունտ ստեռլինգի էմիսիա ու արժեզրկում տեղի ունենա, իսկ ոսկին ոչ ոք չի կարող արժեզրկել: Ժամանակին, երբ մենք ձեռք էինք բերում ոսկին, կառավարությունում դրա շուրջ կռիվներ են եղել: Այդ թվերին ուսուցիչները աշխատավարձ չէին ստանում եւ ԱԺ-ում պնդում էին, որ ոսկու պահուստները օգտագործենք երկրի սոցիալական խնդիրները լուծելու համար: Սակայն, վերջիվերջո, որոշվեց մեր բերանից կտրել, բայց եղած պահուստները սերունդների համար պահել»: Որպես ժողովրդագրության մասնագետ, պարոն Ասատրյանը վստահ է, որ եթե մեր երկրում քաղաքական ու տնտեսական լուրջ որոշումներ չկայացվեն, մինչեւ տարեվերջ կփոխվի մեր երկրի ժողովրդագրական պատկերը, քանի որ էականորեն աճելու է բնակչության արտահոսքը: Իսկ ի պատասխան վարչապետի այն հայտարարությանը, որ «գերեզմանատներում ծաղկում է կոռուպցիան», Բ. Ասատրյանն ասաց. «Ի՞նչ գերեզմանատան մասին է խոսքը, երբ ամենակոռումպացված մարմինը հենց պառլամենտն է, որտեղ ընտրակաշառքի միջոցով ձայներ վաստակելը ընդունված նորմ է, իսկ կուսակցական ցուցակներում տեղերը որոշվում են կաշառքներով: Կոռումպացված է նաեւ ողջ դատական համակարգը: Ցույց տվեք ինձ մի դատավոր, որն առանց կաշառքի վճիռ է կայացնում»:
Բ. Ասատրյանը վստահ է նաեւ, որ կաշառք չվերցնելը հարցի լուծում չէ: Նրա խոսքերով. «Ասում են, որ մաքսային մարմիններում կաշառք չեն վերցնում, բայց նաեւ ասում են, որ կաշառակեր պաշտոնյաները այսօր քաղցած հայացքով նայում են դիմողին ու խնդիրը չեն լուծում, այլ ձգձգում ու անորոշության մեջ են թողնում»: