Վստահ է նրա պաշտպան Հրանտ Գեւորգյանը, որը, սակայն, վերապահում ունի՝ «եթե չլինի քաղաքական դրդապատճառ»:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը հուլիսի 2-ին բավարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Աբովյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Հիմնավորումները ստանդարտ են՝ «Անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների կատարման համար հարկավոր է լրացուցիչ 2-ամսյա ժամկետ»: Միջնորդության մեջ նաեւ նշված է, որ Ոսկերչյանը՝ մնալով ազատության մեջ, «կարող է խուսափել, թաքնվել քրեական վարույթ իրականացնող մարմնից». կարծես թե մարտի 1-ի գործով մեղադրվող այն անձինք, որոնց խափանման միջոցը մինչ այժմ փոխվել է՝ անմիջապես թաքնվել են: Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանից հետաքրքրվեցինք՝ մի՞թե որեւէ այլ ապացույց դատարանում չի ներկայացվել կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Պատասխանը բացասական էր. «Հակառակ դրան՝ դատարան ներկայացվեց միջնորդություն, որը չէր բխում Ոսկերչյանին առաջադրված մեղադրանքի ծավալից: Նախաքննության մարմինը նրան առաջադրված 225 հոդվածի (զանգվածային անկարգություններ) 1-ին մասի փոխարեն՝ որոշման մեջ նկարագրել է 300 հոդվածի դիսպոզիցիան, որտեղ հիշատակում են, թե Գրիգոր Ոսկերչյանը հանցավոր խմբի մաս է կազմում եւ 2008-ի փետրվարի 29-ից մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակաշրջանում կազմակերպել է պետական իշխանությունը յուրացնելու փորձ: Սակայն գրված չէ, թե ովքե՞ր են հանցավոր խմբի անդամները, խմբի յուրաքանչյուր անդամ եւ մասնավորապես Գրիգոր Ոսկերչյանն ի՞նչ պլանավորված գործողություն պիտի կատարեր: Անհատականացված չէ, թե պետական իշխանությունն ո՞ւմ համար պիտի յուրացնեին՝ յուրաքանչյուրն ի՞ր համար, թե՞ ինչ-որ ուրիշի: Եթե պիտի յուրացնեին ամեն մեկն իր համար, ապա սրանից չի բխում հանցավոր խումբ ասվածը: Իսկ եթե պետք է իշխանությունը յուրացնեին մեկ ուրիշի համար՝ ինչո՞ւ չեն հիշատակում նրան եւ մեղադրանք չեն առաջադրում այդ մեկ ուրիշին՝ որպես հանցավոր խմբի ղեկավարի: Նախաքննական մարմնի միջնորդության մեջ նաեւ հիշատակվում է, թե Գրիգոր Ոսկերչյանը հավաքագրել է Կոտայքի մարզի բնակիչներին՝ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար, ապահովել նրանց փոխադրամիջոցներով»: Վերջին պնդումը հարց է առաջացնում, թե արդյոք հանցագործությո՞ւն է մարդկանց հանրահավաքի տանելը:
Փաստաբանը դատարանում ընթերցել էր ԵԽԽՎ 1620 բանաձեւի որոշ կետեր, մասնավորապես 4.7.2-ը՝ «Այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է կարճվեն»: Անգամ 1620 բանաձեւի մի օրինակն էլ տվել էր դատավորին՝ գործին կցելու համար. «Սակայն նա բանաձեւին չանդրադարձավ ո՛չ բանավոր, ո՛չ էլ գրավոր»:
Հրանտ Գեւորգյանը դատարանին նաեւ միջնորդել էր կիրառել խափանման այլ միջոց՝ ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության 6 պատգամավորների երաշխավորագիրը ու եւս 600 քաղաքացու ստորագրություն: Դատավորը մերժել էր նաեւ այս միջնորդությունը: Մինչ այդ պաշտպանը պատգամավորների երաշխավորագիրը ներկայացրել էր դատախազությանը եւ էլի մերժում ստացել՝ «Քննիչի կողմից, ինչը դատավարական նորմի խախտում է, եւ ես այդ որոշումը բողոքարկել եմ»:
Գրիգոր Ոսկերչյանն այսպիսով կալանավորված կմնա մինչեւ սեպտեմբերի 8-ը: Իսկ սեպտեմբերի 11-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը պետք է ներկայացնի զեկույց՝ Հայաստանում իրականացվող հետապնդումների ու կալանավորված անձանց վերաբերյալ: Մեր հարցին, թե իր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ Հայաստանի դատարանները հետեւողականորեն անտեսում են ԵԽ պահանջները, Հրանտ Գեւորգյանը պատասխանեց. «Պատճառը դատախազության դիկտատն է դատարանների նկատմամբ: Բավական է դատավորն ինքնուրույն որոշում կայացնի եւ փոխի խափանման միջոցը՝ հաջորդ օրն իսկ դատախազությունը կմիջամտի, կդիմի վերաքննիչ դատարան ու կբեկանի որոշումը՝ կրկին կալանքի տակ կառնի: Դատավորն ինքնուրույն որոշում չի կարողանում կայացնել. ինչ միջնորդություն որ ներկայացվում է, ամբողջովին բավարարում է՝ առանց պատճառաբանությունների»: Սակայն Ռուբեն Ափինյանը հենց այն դատավորն է, որը կայացրել է մարտի 1-ի գործով 3-4 արդարացման դատավճիռներից 2-ը: Սա հաշվի առնելով՝ հետաքրքրվեցինք, թե համարում է, որ նա է՞լ ինքնուրույն չէ: Պաշտպանն ի պատասխան գնահատանքի խոսքեր ասաց Ռուբեն Ափինյանի հասցեին. «Բանիմաց դատավոր է՝ կարողանում է դատարանում լսել կողմերին: Բայց չեմ կարողանում բացատրել, որ արդարացման 2 դատավճիռ կայացրած դատավորն այս պարագայում 2 ամսով երկարացրեց ժամկետը»: Ենթադրությանն ի պատասխան՝ գուցե պատճառն այն է, որ Ոսկերչյանի գործում ինչ-ինչ հիմքե՞ր կան՝ Հրանտ Գեւորգյանը դարձյալ պնդեց. «Նրա գործում ոչ մի ապացույց չկա: Եվ ես դատարանում խոստացել եմ, որ նա արդարացվելու եւ ազատ է արձակվելու դատարանի դահլիճից, եթե չլինի քաղաքական դրդապատճառ»: Իսկ մինչ այդ պաշտպանը պատրաստվում է դատարանի՝ հուլիսի 2-ի որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում: